
«ԱԻՆ-ից օրեր առաջ եկել են, նայել են՝ ինչ վիճակ է, հարցրել են՝ ոսկի, փող ունե՞ք՝ մտնենք հանենք, պատասխանել են՝ ոչ, ու գնացել են»

Արթիկում տեղի ունեցած աղետից օրեր անց այնտեղ ժամանած կամավորականներն օգնում էին բնակիչներին՝ քարերից, ավազից ու ցեխից մաքրել տներն ու բակերը: Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականները զրույց են ունեցել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ և նշել գոմերում առկա սատկած կենդանիների դիակները դուրս բերելու անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրայով ջուրը հոսում ու լցվում է արթիկցիների այգիները, սակայն քաղաքապետը նրանց հորդորել էր դիմել շինարարներին:
Արթիկ ժամանած կամավոր Ռիմա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտից խմբերի բաժանված՝ օգնել են բնակիչներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով. «Բնակիչներն ասում են՝ ջրերի մեջ օձեր կան: Եթե ջրերի մեջ կան, բնականաբար, դուրս էլ կգան: Մենք նաև ԱԻՆ զանգահարեցինք, ասացինք այս խնդիրների մասին, նրանք պատասխանեցին, որ այս պահին չեն կարող օգնել, որովհետև չունեն տեխնիկա: Բնակիչները պատմեցին, որ ԱԻՆ-ից օրեր առաջ եկել են, նայել են՝ ինչ վիճակ է, հարցրել են՝ ոսկի, փող ունե՞ք՝ մտնենք հանենք, պատասխանել են՝ ոչ, ու գնացել են»:
Արթիկցիներն ունեն նաև խմելու ջրի խնդիր, քանի որ խողովակաշարերը վնասվել են: Բնակիչների խոսքով՝ խմելու ջրի խողովակներով կոյուղաջրեր են հոսում:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Արթիկի քաղաքապետն ասել էր, որ տուժած բնակիչները բնականոն կյանքին կվերադառնան մոտ մի քանի ամսից:
Առավել մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում: