Բաժիններ՝

«Արթիկում աղետից տուժած բնակչությունը մի քանի ամիս անց նոր կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին». Արթիկի քաղաքապետ

Արթիկում աղետից տուժած բնակչությունը մի քանի ամիս անց նոր կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Արթիկ քաղաքում առանձին անհարմարություններ կան՝ փողոցները տիղմից ու կեղտից դեռևս ամբողջությամբ չեն մաքրվել. «Մանկապարտեզը, թերևս, կարելի էր բացել, բայց ես չթույլատրեցի, քանի որ ուզում եմ համոզվենք, որ այդտեղ անվտանգ է, ամեն ինչ նորմալ է, հետո նոր կբացենք: Մյուս ենթակառուցվածքները գործում են»:

Հետաքրքրվեցինք՝ կառավարության կողմից աջակցություն եղե՞լ է. «Այդ աջակցությունն անընդհատ էլ կա. և՛ մարզային մակարդակով՝ մարզպետարանի ներկայացուցիչների կողմից, և՛ կառավարության կողմից ներկայացուցիչներ անընդհատ գալիս են: Աջակցությունը միայն գումարների տրամադրման պրոցեսը չէ, այլ տարբեր տեսակի աշխատանքները»,- ասաց ՀՀԿ-ական քաղաքապետը:

Չնայած հունիսի 26-ին Արթիկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում էր արվել, որ Ֆեյսբուքում դիմել էին արթիկցիներին ու բոլոր հայ մարդկանց՝ օգնության խնդրանքով, բայց քաղաքապետի խոսքով՝ երեկվա դրությամբ ոչ մի օգնություն չի եղել.

«Նախաձեռնությունը նրանից չէր, որ խիստ անհրաժեշտություն կար, ուղղակի աղետի երկրորդ-երրորդ օրը բազմաթիվ զանգեր էինք ստանում, հարցնում էին՝ ինչո՞վ կարող են օգնել, հաշվեհամար կա՞, թե՞ ոչ, դրա համար որոշեցինք այդ հաշվեհամարները հրապարակել: Այդ հիմնադրամը մոտ մեկ տարի կար, ու որոշեցինք այդ հիմնադրամի հաշվեհամարներն օգտագործել»:

Գյումրիի Օրհուս կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արթիկի աղետն այդքան զգալի չէր լինի, եթե բնական հեղեղատար ծառայող ձորերը մաքուր լինեին տուֆի հանքերի շահագործումից առաջացած թափոններից: Ա. Աբրահամյանը, սակայն, հերքեց այս տեղեկատվությունը. «Դա կատարյալ սխալ տեղեկատվություն է: Քաղաքի մեջ արհեստական կառուցված հեղեղատարներն անցանելի էին: Իսկ բնական ձորի թռիչքը 200 մետր է, խորությունը՝ 30-40 մետր, և դրա լանջերն են թափոններով լցված եղել, բայց ինքն անցանելի է եղել: Ջրի մակարդակը բարձր է եղել ու սկսել է լանջերը լվանալ: Այդ զանգվածը լանջերից է եկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս