Բաժիններ՝

«Սա խոլերայի բույն է». գոմերում սատկած կենդանիների վրայով ջուրը հոսում ու մտնում է արթիկցիների այգիները

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել բնակչությանը՝ տակնուվրա անելով տները, գոմերը, ինչի հետևանքով սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ: Ջրում եղած քարերը վնասել են մարդկանց ավտոմեքենաները: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել թվով 70 երեխայի և 23 աշխատակցի:

Այսօր, մենք գտնվում էինք Արթիկում, ու թեև դեպքից մեկ շաբաթ է անցել, սակայն հեղեղի պատճառով տակնուվրա եղած փողոցները դեռ անմխիթար վիճակում էին, բնակիչներն էլ արդեն չգիտեն՝ որ օրը՝ որ բարեկամի տանը գիշերեն: Արթիկում տարվող աշխատանքների, բնակիչների կրած վնասների և այլնի մասին կներկայացնենք մեր առաջիկա ռեպորտաժներում, իսկ այժմ մի կարևոր խնդիր ենք ուզում ներկայացնել: Ըստ բնակիչների՝ որոշ գոմերում սատկած անասուններ կան, որոնց վրայով ջուրը հոսում ու մտնում է բնակիչների այգիները: Արթիկի բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ ժամանած մի խումբ ակտիվիստներ այս հարցը բարձրացրին քաղաքապետ Արսեն Աբրահամյանի մոտ, որը, սակայն, նշեց, որ համաճարակի վտանգ չկա: «Տհաճ հոտն այլ բան է, խոլերան՝ այլ»,-այսպես պատասխանեց քաղաքապետը ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանին:

Վերջինս, սակայն, հակադարձեց. «Շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ դեպքից մեկ շաբաթ անց, եթե սատկած անասուն է մնացել ու ջուրը նրա վրայով հոսելով՝ մտնում է մարդկանց այգիները, արդեն համաճարակի բույն է: Ի՞նչն է խանգարում ամուր պատնեշ կառուցել, հող լցնել, որ ջուրը չգնա»: Քաղաքապետը առաջարկեց դիմել շինարարներին, իսկ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ խոչընդոտը վերացնելու հրահանգ տվողը քաղաքապետն է, ոչ թե ինքը:

Մինչ քաղաքապետը ուղղորդում էր ակտիվիստներին՝ զրուցել ու համաձայնության գալ շինարարների հետ, Արթիկի բնակիչները շարունակում էին շնչել այդ տհաճ հոտը: Քաղաքապետը մինչև վերջ էլ նշեց, որ ամեն օր մասնագետներ են այցել ու խոլերայի վտանգ չեն տեսել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս