«Չպետք է սին երազանքներ փայփայել. խորհրդարանային ճանաչումներն ունեն բարոյաքաղաքական նշանակություն». Վլադիմիր Վարդանյան
Այս վերջին շրջանի Հայոց ցեղասպանության խորհրդարանական ճանաչումները պետք է մեկ միասնական ուղեծրի մեջ դիտակել: Այս կարծիքն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունման մասին:
Նա նկատեց, որ սա երկրորդ փորձն է՝ օրենքի մակարդակով քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: «Առաջին փորձը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, որը հաջողությամբ չպսակվեց այն պատճառով, որ, թեև խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, սակայն այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին անմիջապես չստորագրեց օրենքը, և այն վիճարկվեց Ֆրասիայի սահմանադրական խորհրդում, որը հակասահմանադրական ճանաչեց այդ օրենքը: Նիկոլա Սարոկոզին և գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն իրենց նախընտրական խոստումներում անընդհատ բարձրացրել էին և բարձրացնում են Հայոց ցեղասպանության հերքումը դատապարտող օրինագիծ ընդունելու պատաստակամությունը, և այս նախագիծն այդ խոստման բաղկացուցիչ մասն էր»,- նշեց փորձագետը:
Նա կարծում է՝ դեռ շատ վաղ է խոսել օրենքի մասին, որովհետև դեռ անհրաժեշտ է Ֆրանսիայի Սենատի հավանությունը, նախագահի կողմից այն ստորագրելու ընթացակարգի ապահովումը և օրենքի ուժի մեջ մտնելը. «Սակայն որոշակի առումով լավատես կարելի է լինել, քանզի այս անգամ օրենքի հեղինակները փորձել են հաշվի առնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից բարձրացված հիմնախնդիրները, դրանք վերացվել են գործող օրինագծի շրջանակներում, և ունենք նոր օրենք, որն ավելի համընդգրկուն է»:
Վ. Վարդանյանը գտնում է՝ այս վերջին շրջանի Հայոց ցեղասպանության խորհրդարանական ճանաչումները պետք է մեկ միասնական ուղեծրի մեջ դիտարկել. «Դրանք դեռևս անցյալ տարի ձևավորվեցին, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակավ արարքը որակեց՝ որպես ցեղասպանություն, դրանով իսկ ճանապարհ բացելով խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և որակման համար. և Բունդեստագի ճանաչումը, և Ֆրանսիայում այս օրինագծի նախաձեռնումն այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է»:
Բանախոսի խոսքով՝ խորհրդարանային ճանաչումը մեծ իրավաքաղաքական նշանակություն ունի, որովհետև «չափազանց կարևոր բարոյաքաղաքական հիմնապաստառ է ստեղծում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացներ ծավալելու համար»:
«Առանց այդ ճանաչումների՝ ավելի կծանրանա հետագա պահանջներ ներկայացնելու՝ Թուրքիային ավելի զիջուն դարձնելու գործընթացը: Իհարկե, չպետք է սին երազանքներ փայփայել. խորհրդարանային ճանաչումներն ունեն բարոյաքաղաքական նշանակություն, մենք գործ ունենք ոչ թե օրենքների հետ, այլ գործ ունենք հասարակ բանաձևերի հետ, որոնք պարզապես բարոյաքաղաքական նշանակություն ունեն: Այս կարգի բանաձևերը կարևոր են, բայց իրավական տեսանկյունից դրանք չեն կարող պարտադրել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու վերացնել դրա հետևանքները»,- նշեց Վ. Վարդանյանը: