Բաժիններ՝

Ադրբեջանին զրկել են ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանից հետ են վերցրել աշխարհի անցյալ տարվա առաջնության արդյունքներով խթանիչներ օգտագործած վեց ծանրորդների միավորները: Արդյունքում տղամարդկանց օլիմպիական աղյուսակում Ադրբեջանը 16-րդ տեղից իջել է 31-րդ տեղը, ինչի համար այդ երկրին Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադայի մասնակցության թույլտվություն չի հասնում, քանի որ քվոտաները ստանում են միայն 24 լավագույն երկրները: Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաեւ Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետեւ կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26-րդ տեղը:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար:

Որակազրկվածների թվում են նաեւ արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը եւ Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում:

«Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի մարզիկների 70 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Բելոռուսից:

Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալների նվաճման, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիադայում հնչի Ադրբեջանի հիմնը եւ երեւա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիադային ներկայանալն արդեն գերավելորդություն է», – այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել haqqin.az կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս