«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ստորագրած լինելով այս համաձայնության տակ՝ հայտարարում են, որ սա քաղաքական համաձայնություն չէ՝ ասում են, որ իրենք պարզապես եկել էին զրիցի, գյալաջիի»

«Սա քաղաքական համաձայնություն է, մենք կոմպլեքս չունենք ասելու, որ սա քաղաքական համաձայնություն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զահրաբյանը՝ խոսելով «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքում ստորագրած համաձայնագրի մասին:

Նա նշեց՝ բոլորս էլ գիտենք, որ Ընտրական օրենսգիրքը չէ պատճառը, որ մենք 25 տարում չենք ունեցել ազատ և արդար ընտրություններ. «Բայց արդյոք այս համաձայնեցված դրույթների իրականացումն էապես բարձրացնելո՞ւ է ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը, այո՛: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ սա քաղաքական համաձայնություն չէ՝ ստորագրած լինելով այս համաձայնության տակ, իրենք արժեզրկում են իրենց իսկ քաղաքական ուժին և իրենց աշխատանքը՝ ասելով, որ իրենք պարզապես եկել են զրիցի, գյալաջիի»:

Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր են, քանի որ դրանք լրջագույն քննությունն են լինելու ՀՀ-ի և յուրաքանչյուր քաղաքական ուժի համար.

«Նոնսենս է, որ այսօր Հայաստանում 80 քաղաքական միավոր կա, դրանց գերակշիռ մեծամասնությունը փոքրաթիվ սեկտաներ են, շատ վայրագ, շատ ագրեսիվ, վտանգավոր սեկտաներ, որոնք ամփոփված իրենց փոքրիկ սեկատայի մեջ՝ գտնում են, որ միակ ճիշտը, միակ անփոխարինելին և անքննելին իրենք են, ունեն Ֆեյսբուքում իրենց աղանդի համախոհների մի փոքր խումբ, և իրենց ճահճից դուրս այլ աշխարհ չեն տեսնում: Ես ՀՀ-ի քաղաքական դաշտի համար ամենավտանգավորը համարում եմ այս աղանդավորականացումը, սեկտանտիզմը, և առաջիկա ընտրությունները լավագույն շանսն են՝ այդ սեկտանտ կուսակցություններից ազատվելու համար»:

Ն. Զոհրաբյանի ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ինչ-որ բան էր բղավում: Ն. Զոհրաբյանն ասաց, որ իր ասածները նրան չէին վերաբերում:

«Այս ամեն ինչն էլ Հանրապետականին է վերաբերում, այնպես որ, հանգիստ նստեք»,- իրավիճակը փորձեց հանգստացնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ն. Զոհրաբյանը շարունակեց ելույթը. «Այստեղ տարբեր մեծերին հիշեցին, ես էլ ուզում եմ հիշեցնել հայտնի ֆիլմից մի ցիտատ, երբ Բենդերը ծանոթանում է Կորեյկոյի կենսագրությանը, ասում է՝ «կորցրեցի հավատս մարդկության հանդեպ, և մի՞թե այդ հավատի վերականգնումը մեկ միլիոն դոլար չարժե»: 25 տարի տեսել ենք այլասերված ընտրություններ, իշխանություն, մի՞թե այդ հավատի վերականգնումը 5 միլիոն դոլար չարժե»:

Տեսանյութեր

Լրահոս