«Կարո՞ղ մի հատ էլ ասեք՝ դոնոր կազմակերպություններ, եթե մի քանի միլիարդ տաք, կարող է Ղարաբաղի հարցն էլ լուծենք ձեր հայտնի չափանիշներով». Նիկոլ Փաշինյան
«Երբ հունիսի 16-ին «4+4+4» ֆորմատի շրջանակներում ստորագրվեց մի հայտարարություն, որի տակ ստորագրեցին 5 խմբակցությունների ներկայացուցիչներ, կային քաղաքական գործիչներ, որոնք այդ փաստաթուղթը պատմական որակեցին: Ես, ծանոթանալով այդ փաստաթղթի բովանդակությանը, համոզվեցի, որ դա պատմական փաստաթուղթ է, բայց ՀՀ-ն, ՀՀ պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով»,- այսօր Ազգային ժողովում հայտարարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարության հեղինակներն ասում են՝ մենք գտել ենք ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու մեխանիզմները. «Ասում են՝ դա կանենք, եթե դոնոր կազմակերպությունները ֆինանսավորեն: Դա կարդալուց հիշեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որտեղ մի դրվագ կա, երբ պոետ ներկայացած մեկը ներկայանում է Աբիսողոմ աղային, պարտավորվում է ձոն գրել նրա մասին, հետո ասում է՝ «դե, գիտե՞ս, մուսաս չի գալիս», ասում է, «որ մի երկու ոսկի տամ՝ մուսադ կգա՞, թե՞ չի գա»: Հիմա 5 խմբակցություն՝ գումարած կառավարություն, կանգնել են դոնոր կազմակերպությունների դեմն ասում են՝ «դե, որ մի 16 միլիոն տաք…»: Այս վերջերս շատ տարօրինակ է, որ այդ երգիծական մանրապատումները ստիպված եմ լինում այստեղ մեջբերել, որովհետև մեր քաղաքական կյանքն արդեն անեկդոտի է շատ նմանվում»,- ասաց նա:
Ն. Փաշինյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություների համաձայն էլ՝ դոնոր կազմակերպություններն իրենց հերթին՝ ասում են՝ «11 միլիոն դոլար տանք, կլինե՞ք ժողովրդավար». իշխանություններն էլ ասում են՝ «չէ, մենք պատրաստ չենք՝ 11 միլիոն դոլարով լինենք ժողովրդավար»:
«Ու այս հայտարարության տակ ստորագրել են մարդիկ, ովքեր ասում էին՝ մենք դեմ ենք, որ ընտրողների մատները թանաքոտենք չջնջվող թանաքով: Հիմա պետության ճակատին չջնջվող թանաքով խաչ եք արել: Չեմ հասկանում այն խմբակցությունների ներկայացուցիչներին, որ ստորագրել են ու ասում են՝ բա ինչո՞ւ կառավարությունն այդ փողը չի տալիս: Դուք եք ստորագրել, որ ուժի մեջ է մտնում՝ դոնոր կազմակերպությունների կողմից ամբողջական ֆինանսավորում իրականացնելու դեպքում: Կարո՞ղ է՝ մի հատ էլ ասեք՝ դոնոր կազմակերպություններ, եթե մի քանի միլիարդ տաք, կարող է Ղարաբաղի հարցն էլ լուծենք ձեր հայտնի չափանիշներով»,- հայտարարեց պատգամավորը: