«Անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք… Սա էլ որպես բիզնես-առաջարկ նայեք». Ալեքսանդր Արզումանյանը՝ Դավիթ Հարությունյանին
«Շատ է խոսվում, որ չարչարանքների շնորհիվ հասաք այս պատմական առաջխաղացմանը. ձեր չարչարանքին ապաշխարանք, բայց նաև փորձեք մեր մտահոգությունները փարատել»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դ. Հարությունյանը հայտարարել էր, որ եթե 16 մլն եվրո ֆինանսավորում չլինի, Ընտրական օրենսգրքում չեն ավելացնի տեսանկարահանման սարքերի և նույնականացման քարտերի վերաբերյալ դրույթը:
Ա. Արզումանյանի խոսքով՝ աննախադեպ է դա, ինքը չգիտի որևէ երկիր, որ նման «եթե»-ներով օրենք ընդունի: «Դա նույնն է, որ Հարկային օրենսդրություն ընդունես, մեջը գրես՝ եկամտային հարկն իքս տոկոս է, բայց եթե մուտքերը քիչ լինեն, կլինի իքս պլյուս հինգ տոկոս»,- նկատեց Ա. Արզումանյանը:
Նա նշեց, որ եթե այս տարվա բյուջեում չեն նախատեսել այդ գումարները, կարող են հաջորդ տարվա բյուջեում նախատեսել. «Եկեք տարբեր մասերի բաժանենք այդ 16 միլիոնը: Այն սարքավորումը, որն անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 1-ը ՝ մատնահետքեր վերցնելու մասով, գնենք, իսկ մնացածը կարելի է ID քարտեր տալ հինգ տարվա ընթացքում»:
Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է գործի ոչ թե՝ այս պահի դրությամբ դրված խնդիրը լուծելու համար, այլ՝ երկարաժամկետ պլանավորի իր աշխատանքը:
«Մենք չենք պլանավորել այդ ամբողջ աշխատանքի կատարումը շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև ավելի շատ ճիշտ ենք համարում անել այնպես, ինչպես բոլոր երկրներում՝ տարիների ընթացքում անցում կատարել ID քարտերի, ունենք սարքավորումներ, որոնք բավարարում են այդ ժամանակահատվածում անել այդ աշխատանքը, հիմա կարճ ժամանակահատվածում այդ ամենն անելու մասին է խոսքը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում այդ աշխատանքի համար գումարներ ծախսելը: Մենք ունեինք երկարաժամկետ ծրագիր, ու գնում էինք այդ ծրագրով, եթե դոնորները կօգնեն՝ մենք պատրաստ ենք»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Ա. Արզումանյանի համար անհասկանալի է Դ. Հարությունյանի մոտեցումը. «Ոնց որ թե մենք ձեր անձնական գրպանից ենք փող ուզում. խոսքը գնում է այն մասին, որ մենք բոլորով ձև գտնենք: Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, կարելի է վաճառել այդ 200 կայանները, պայմանավորվեք Ուզբեկստանի կամ այլ երկրների հետ, վաճառեք, անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք, հիմա էլ մեքենաներ եք վաճառում, կրճատում, սա էլ որպես բիզնես-առաջարկ նայեք»:
Դ. Հարությունյանն ի պատասխան՝ ասաց, որ բիզնեսի ոլորտում իր և Ա. Արզումանյանի գիտելիքները չեն տարբերվում. «Այսինքն՝ զրոյական են, դրա համար այս հարցը անարձագանք կթողնեմ»: