Բաժիններ՝

Ալիևը դեմ է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում նախօրեին մասնակցելով զինծառայողների համար կառուցված շենքի բացման արարողությանը, հայտարարել է, թե ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն ունեցել է դրական արդյունք: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

«Դրականն այն է, որ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հերթական հանդիպումը: Մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը»,- ասել է Ալիևը:

Ալիևն ասել է, թե հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կշարունակվի արագ տեմպերով:

«Մենք նորից գնում ենք այդ բանակցություններին առանց ինչ-որ պայմանների ընդունման: Բանակցությունները պետք է լինեն առարկայական, բովանդակային, այլ ոչ թե հանուն իմիտացիայի: Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որը նույնպես ներկայացվել է հանրությանը: Հռչակագրում շարադրված է ամեն ինչ, այդ թվում՝ հարցի կարգավորման ուղիները:

Զուգահեռ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման հարցը: Ճիշտ է, այնտեղ չի նշվում թիվը, սակայն կարող եմ ասել, որ եթե այժմ այնտեղ աշխատում է 6 մարդ, ապա այդ թիվը կարող է ավելանալ առավելագույնը 2-2,5 անգամ, այսինքն՝ խոսքը մեծ առաքելության մասին չէ: Եթե հաշվի առնենք, որ շփման գծի երկարությունը չափվում է տասնյակ կիլոմետրերով, այստեղ պետք չէ ինչ-որ այլ իմաստ փնտրել: ԵԱՀԿ-ի մանդատը նույնն է մնում՝ ոչ մի փոփոխություն չկա, պարզապես 6 աշխատակցի փոխարեն կլինի 12, 13 կամ 14 աշխատակից», – պարզաբանել է Ալիևը:

Ինչ վերաբերում է վերահսկողության ու միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրման հայկական կողմի պահանջին, ապա, ըստ Ադրբեջանի նախագահի, դրա անհրաժեշտությունն այս փուլում չկա:

«Առաջին հերթին, այդ մեխանիզմները գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ մեխանիզմները: Նման պարագայում այսօր այդ հարցը քննարկել ճիշտ չի լինի: Երկրորդ, ո՞րն է դրա իմաստը: Եթե այդ ամենի տակ հասկացվում է հակամարտության «սառեցում» և շփման գծում ինչ-որ հավելյալ միջոցառումների ձեռնարկում, ապա Ադրբեջանը, իհարկե, այդ քայլին չի գնա:

Դա կարող է լինել բանակցային գործընթացում դրական դինամիկայի շարունակման պարագայում, որպեսզի մենք տեսնենք կոնկրետ արդյունքներ, որպեսզի իմանանք մեր հողերի ազատման կոնկրետ ժամկետները: Այդ պարագայում կարող են մշակվել տարբեր մեխանիզմներ, միայն այդ ժամանակ կարող է քննարկվել տվյալ հարցը», – ասել է Ալիևը:

Վերջինիս խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարության մեջ նշվել է, որ վերջին շրջանում զորքերի շփման գծում իրավիճակը կայունացել է, հրադադարի ռեժիմը վերականգնվել է, ինչը գնահատվել է որպես դրական երևույթ, և այս պարագայում ոչ մի անհրաժեշտություն չկա հետաքննության մեխանիզմների ներդրման համար:

«Անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զավթողական քաղաքականությանը: Մենք պետք է իմանանք, թե երբ է սկսվելու մեր տարածքների ազատման գործընթացը: Այդ գործընթացը, անկասկած, տեղի կունենա: Ադրբեջանական կողմը և ես, մասնավորապես, բազմիցս նշել ենք, որ մենք միայն փուլային տարբերակով կարող ենք լուծել այդ հակամարտությունը, քանի որ այլ կերպ անհնար է»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ փուլային կարգավորումն առավել ընդունելի ճանապարհն է, որը կարող է հանգեցնել հարցի արագ լուծմանը:

«Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հարցի վերաբերյալ հայտնի է: Այդ դիրքորոշումը երբեք չի փոխվել և չի փոխվելու: Հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, Ադրբեջանի պատմական հողերում երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Դա գլխավոր հարցն է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Եվրոպայում, մյուս երկրներում կան տարբեր կարգավիճակներ, սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը»,- խոսքը եզրափակել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս