Հայաստանի տեղն ու դերը նոր Եվրոպայում
Ի հեճուկս բոլոր կանխատեսումների, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեի ընթացքում: Եվրոպան մնաց առանց Եվրամիության՝ կորցնելով կառույցի՝ մեծությամբ երկրորդ անդամին, որը, բացի զուտ եվրոպական տարածությունից, հսկայական քաղաքական նշանակություն ու դերակատարություն ունի աշխարհում ընդհանրապես: Եվրոպան շոկի մեջ է, բայց Եվրոպան պատրաստ էր այդ շոկին, և պետք է սպասել, թե ինչ քայլեր կհետևեն Եվրամիության և նրա անդամների կողմից:
Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրամիությունից, իհարկե, լուրջ հարված է հասցնելու Եվրամիությանը՝ որպես միասնական կառույցի, և ընդհանրապես՝ Արևմուտքի միասնական քաղաքականությանը: Ու պետք է սպասել, որ արդեն առաջիկա ժամերին ռուսական քարոզչությունն ամբողջ ծավալով կանցնի «Եվրոպայի մահվան», «Եվրամիության թաղման» մասին քարոզչական գրոհի:
Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրամիությունից, անշուշտ, հարված է ԵՄ-ի համար, սակայն դրանից ուղղակիորեն չի բխում Եվրամիության վախճանը: Ավելին՝ հնարավոր է, որ այս շոկային քայլը խթան դառնա Եվրամիության համար՝ տարիներ շարունակ կուտակված ու խորացած ներքին խնդիրները լուծելու, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Եվրամիության կյանքի դինամիզմի արգելակումը հաղթահարելու համար:
Եվրոպան կհաղթահարի բրիտանական կորուստը, բայց արդեն այն կլինի նոր Եվրամիություն:
Այս իրադարձություններն ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ իրենց ազդեցությունն են ունենալու Հայաստանի եվրոպական քաղաքականության վրա: Ներկայումս Հայաստանը բանակցում է Եվրամիության հետ՝ սեպտեմբերի 3-ի տապալումից հետո նոր, իհարկե, որակապես ավելի ցածր համաձայնագրի ստորագրման շուրջ: Ինչպես կազդի Մեծ Բրիտանիայի հեռացումն այդ բանակցությունների վրա, իհարկե, այս պահին դժվար է ասել: Գուցե ուղղակի ազդեցություն չլինի ընդհանրապես: Բայց միանշանակ է, որ ներկայումս գործ ունենք նոր իրողության հետ, որը Հայաստանի իշխանությունից պահանջում է միանգամայն նոր, ստեղծված իրողություններին համարժեք քայլեր:
Մեծ Բրիտանիայի նշանակությունը, բնականաբար, չէր սահմանափակվում ու չի սահմանափակվելու միայն Եվրամիությանն անդամակցությամբ կամ դրանից դուրս գալով: Մեծ Բրիտանիան մեծ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, և հետապնդում է ինչպես՝ խոշոր տնտեսական ու էներգետիկ, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական շահեր, որոնք տարբեր ժամանակներում արտահայտվում են տարբեր աստիճանի սրությամբ կամ տեսանելիությամբ, բայց դրանք առկա են միշտ:
Հասկանալի է, որ Մեծ Բրիտանիայի հարավկովկասյան քաղաքականությունը ԵՄ-ի կազմում և ԵՄ-ից դուրս կարող է տարբեր լինել՝ առնվազն այն չափով, որ այլևս այդ երկիրն իր քայլերը համաեվրոպական քաղաքականության հետ համաձայնեցնելու կամ ներդաշնակեցնելու անհրաժեշտություն չի ունենալու: Կամ չի ունենալու այն չափով, որչափով՝ ԵՄ-ի անդամ լինելով: Սա նշանակում է, որ լրջագույն աշխատանք պետք է տարվի նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերություններում, ինչը կարող է ուղեկցվել ինչպես՝ մարտահրավերներով, այնպես էլ՝ նոր հնարավորություններով:
Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեն, անկախ դրա արդյունքներից ու հետևանքներից, ժողովրդավարության, իրական ժողովրդավարության հաղթանակի փայլուն օրինակ էր:
Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իշխող վերնախավը՝ ընդհանուր առմամբ, անցած տարիներին արեց ամեն ինչ՝ Մեծ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից թույլ չտալու համար: Միևնույն ժամանակ՝ նույն այդ իշխանությունը, նույն վարչապետի գլխավորությամբ, նախաձեռնեց ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեն՝ ի սկզբանե դեմ լինելով դրան, սակայն բավարարելով հասարակության մի մասի պահանջը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն առավոտյան հայտարարեց, որ հարգում է բրիտանացիների որոշումը և առաջիկայում հրաժարական կներկայացնի իր պաշտոնից:
Քեմերոնը, նրա համախոհները, Եվրամիության գրեթե ողջ ղեկավարությունը պարտվեցին: Հաղթեց Մեծ Բրիտանիայի ժողովրդի 52 տոկոսը: Եվրամիությունը պարտվեց՝ կորցնելով Մեծ Բրիտանիային, բայց հաղթեց Եվրոպան՝ հերթական անգամ ապացուցելով, որ Եվրոպան ժողովրդավարության, մարդկանց ազատ կամարտահայտման անվիճելի առաջատարն է: