«Երևի էլի թուրքեր կան, որ պապաս չի գալիս, երբ բոլոր թուրքերը մեռնեն, պապաս կգա»
Արցախում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանը երկու որդի ունի: Նրա ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Հովսեփն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, վերջին շրջանում ծառայում էր Մատաղիսում: Դեռ փոքր տարիքից ցանկացել է զինծառայող դառնալ ու իրականացրել է իր ցանկությունը:
«Հայաստանի դարպասները Ղարաբաղն է, ես Ղարաբաղին եմ պետք»
Որդու մանկության տարիները հիշելով՝ մայրը՝ տիկին Մարգարիտան, ասում է՝ Հովսեփն աշխույժ էր, ճարպիկ, վճռական, հայրենասեր: Դպրոցում լավ է սովորել, շատ սիրել է պատմություն առարկան: «Իմանալով, որ սասունցի է, ուզում էր իմանալ իր պապերի մասին: Երբ 2-րդ դասարանում ուսուցչուհին շարադրություն էր հանձնարարել, Հովսեփը գրել է՝ զինվոր եմ դառնալու: Փոքր տարիքից էլ շատ էր սիրում: Այն ժամանակ մեր բանակը դեռ չէր կարգավորվել, բայց նա մտածում էր բանակի և հայրենիքի մասին: 8-րդ դասարանում վճռականորեն ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվելու և սպա է դառնալու:
Մտածեցի՝ դեռ երեխա է, կփոխվի, իսկ հայրը բարկացավ՝ ասելով, որ զինվորականի կյանքը դժվար է: Հետո, երբ ավարտեց 10-րդ դասարանը, իր մտադրությունը չփոխեց և գործերը տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ինչի համար հայրը շատ էր դժգոհում, չէր ցանկանում: Ասացի՝ տղա՛ս, հայրդ դեմ է, ասաց՝ մա՛մ, հայրս ցանկանա թե ոչ, ես սովորելու եմ, միայն խնդրում եմ՝ համոզի՛ր: Ծնողները պիտի ստորագրեին դիմումը: Հայրը մեկ ամիս չստորագրեց: Հովսեփն ասաց՝ մա՛մ, խնդրում եմ ՝ ասա, թող ստորագրի: Ես ամուսնուս համոզեցի, ասացի՝ եթե ցանկանում է, թող սովորի: Ամուսինս, արցունքն աչքերին, ստորագրեց»,- ասում է Հովսեփի մայրը՝ նշելով, որ որդին բարձր գնահատականներով է ընդունվել ռազմական ինստիտուտ, հետո նաև շատ լավ սովորել է: Ավարտելուց հետո ծառայության է նշանակվել Ստեփանակերտում, աշխատել է այնտեղ, Նոյեմբերյանում ծառայելու հրավեր է ստացել, սակայն չի ցանկացել տեղափոխվել.
«Երբ հարցրի՝ տղա՛ս, ուզո՞ւմ ես Նոյեմբերյան գնալ, ասաց՝ մա՛մ, Հայաստանի դարպասները Ղարաբաղն է, ես Ղարաբաղին եմ պետք, Նոյեմբերյանում ավելի հանգիստ է: Մնաց Ստեփանակերտում: Եվս մեկ տարի Ստեփանակերտում աշխատելով՝ դիմում ներկայացրեց Մատաղիս՝ առաջնագիծ գնալու համար: Մեծ որդիս Եղնիկներում էր ծառայել: Ես գիտեի, թե Մատաղիսի զորամասն ինչ վտանգավոր դիրքեր ունի. դիրքերը թուրքերին մոտ էին: Խնդրեցի, աղաչեցի, որ չգնար: Ասաց՝ մա՛մ, միևնույն է՝ ես գնալու եմ: Գնաց Մատաղիս»:
«Համբուրել է երեխաներին, կնոջն ու ասել՝ Մարիա՛մ, փախե՛ք այստեղից»
Հովսեփի մայրը պատմում է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Հովսեփը տանն է եղել. «Երկու օր հերթապահել էր: Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը 11-ին, խոսել եմ իր հետ, ասաց՝ շատ լավ եմ, երեխաները լավ են: Չգիտեմ՝ ինչու, մայրական սիրտս ոչինչ չզգաց, որ տղաս գիշերը ժամը 3-ից պատերազմի մեջ է: Շատ հանգիստ էի, որ խոսել էի հետը, գիտեի՝ տանն է, լավ է: Բայց գիշերը՝ ժամը 3-ին, երբ քնած են եղել, ընկերը թակել է դուռը: Կինն արթնացրել է տղայիս: Հովսեփը բացել է դուռը, ընկերն ասել է՝ պատերազմ է:
Հովսեփը կնոջն ասել է, որ երկու երեխաների հագուստները հագցնի և իջնի շենքի նկուղ: Հարսս հասցրել է հագցնել երեխաներից մեկին, իսկ փոքրին՝ ոչ: Խնդրել է օգնել, բայց Հովսեփն ասել է՝ ժամանակ չունեմ, ես վազում եմ զորամաս: Վազել է զորամաս, տեսել՝ ինչ է կատարվում, ետ է եկել, հենց նկուղում հագել է դաշտային հագուստը ու զանգել է մյուս ընկերոջը՝ ասելով՝ վե՛ր կաց, պատերազմ է սկսվել, թուրքերը եկել են, հարսանիք են սկսել, արի՛ գնանք-տեսնենք՝ մենք ինչ պար ենք պարելու: Համբուրել է երեխաներին, կնոջն ու ասել՝ Մարիա՛մ, փախե՛ք այստեղից: Կինը խնդրել է, ասել է՝ միայնակ չեն կարող փախչել: Ասել է՝ կարող ես, դու ուժեղ ես, 5 տարի իմ կողքին ես եղել: Նորից համբուրել է, հրաժեշտ տվել, ասել՝ ես կգամ ձեր ետևից, դուք փախե՛ք: Վազել է զորամաս:
Թռչող սարք է եկել ու նկարել ամբողջը: Շատ արագ կողմնորոշվել է, զինվորներին արթնացրել է, դատարկել է զորամասը: Զորամասը պայթեցրել են»: Հովսեփի մայրը պատմում է, որ Հովսեփը հավաքել է զորքն ու մտել մարտի դաշտ: «Մտածել է՝ ական շարել մեր տարածքում, որ թուրքերը գալով՝ վնասվեն: Երբ վազել է զորամաս, գրադն ընկել է իր ու վարորդի դիմաց: Հենց տեղում մահացել է իր վարորդը՝ ենթասպան, տղաս վիրավորվել է: Ասում են՝ նրան անմիջապես զինվորական հոսպիտալ են տեղափոխել: Բժշիկներն արել են ամեն ինչ: Ասում են՝ ամբողջ Մարտակերտը գոռում էր՝ կյանք հերոսին: Բոլորը վազում էին՝ արյուն տալու. տղաս ուժեղ արնահոսել է: Զինվորները պատրաստ են եղել իրեն արյուն տալ, բայց տղաս չի փրկվել… Բժիշկներն ասել են՝ ոչինչ չկարողացանք անել, օրգանները վնասվել էին: Ես կորցրի 28-ը չբոլորած իմ որդուն, ով լավ որդի էր, լավ սպա, լավ հրամանատար, լավ հայր, լավ ամուսին, նաև՝ շատ լավ մարդ»,- ասում է Հովսեփի մայրը:
«Երեխեքիս կյանքը փրկե՛ք»
Հովսեփի մայրը պատմում է, որ իրեն ցավակցություն են հայտնել ԱՄՆ-ում բարեգործական դոնորական կենտրոնից: Տարիներ առաջ, երբ Հովսեփը դեռ ռազմական ինստիտուտի կուրսանտ է եղել, ոսկրածուծի դոնոր է դարձել. «Ցավակցություն էին հայտնում, նշում, որ կրկնակի ցավ են ապրում այս երիտասարդի, սպայի համար, ով պատրաստ էր խաղաղ պայմաններում հայ մանուկների կյանքը փրկել, ուր մնաց՝ պատերազմի դաշտում: Այո՛: Պատերազմի դաշտում իր կյանքը տվեց իր հողի, հայրենիքի, իր զինվորի համար: Այս կենտրոնից այցելեցին մեզ, ասացին, որ 19 տարեկան հասակում իրեն երկար բացատրել են, թե ինչ է նշանակում՝ ոսկրածուծի դոնոր լինել՝ մարդ կարող է նորմալ արթնանալ, կարող է հաշմանդամ դառնալ, կարող է չարթնանալ: Բայց տղաս 19 տարեկանում վերցրել է գրիչն ու ստորագրել՝ եթե աշխարհի մի ծայրում մի հայ մանուկ զգա իր կարիքը, պատրաստ է դոնոր դառնալ»:
Հովսեփը երկու որդի ունի՝ 4-ամյա Գեղամն ու 3-ամյա Էրիկը: «Նրանց շատ-շատ էր սիրում, չափից դուրս, բայց այդ օրը հայրենիքի սերն այնքան մեծ էր, որ նույնիսկ իր երեխայի հագուստը չի հագցրել: Կինը միայնակ է փախել երեխաների հետ: Փախել է մի կնոջ հետ, ով ընդամենը 4 օրվա վարորդ է եղել: Մեքենան վարել է Մատաղիսից դեպի Մարտակերտ, կրակել են մեքենաների վրա, վախեցել է, բայց հարսս խնդրել է վարել մեքենան՝ ավելի լավ է՝ ընկնենք ձորը, քան թուրքը խփի: Հասել են Մարտակերտ: Այնտեղ էլ կրակոցներ են եղել, մարդկանց օգնությամբ Ստեփանակերտ են փախել:
Ապրիլի 2-ին տղաս պատերազմի դաշտից զանգեց եղբորը և խնդրեց հասնել Ղարաբաղ, ասաց՝ հասի՛ր ու փրկի՛ր երեխաներիս կյանքը: Առավոտյան ժամը 7-ն էր: Լուրերով դեռ չէին ասել, թե Ղարաբաղում ինչ է կատարվում: Հարցի՝ ինչի՞ց փրկի: Տղաս ասաց՝ Ղարաբաղում պատերազմ է: Մտածեցի՝ կրակոցներ են, տղաս ասաց՝ ո՛չ, եղբորը խնդրեց երեխաներին փրկել՝ երեխեքիս կյանքը փրկե՛ք: Տղաս եղբորը խնդրեց զգույշ լինել: Հովսեփն ասաց՝ ի՞նչ զգուշության մասին է խոսքը, ես՝ հեչ, դուք երեխեքիս փրկե՛ք: Մենք անմիջապես Ղարաբաղ շարժվեցինք: Վարդենիսով էինք գնում Մարտակերտ, որ շուտ հասնեինք: Ճանապարհին, երբ տեսել էր, որ դրությունը վատ է, զանգել էր կնոջը, խնդրել էր ավելի հեռու գնալ, փրկել երեխաներին: Ճանապարհին զանգեց եղբորը, զգուշացրեց, որ Ստեփանակերտ գնա: Վերջին խոսակցությունն է եղել: Ասաց՝ երեխաներս Ստեփանակերտում են: Ետ դարձանք, Սելիմի լեռնանցքով գնացինք Ստեփանակերտ: Զանգում էինք, անհասանելի էր»: Հովսեփի մոր խոսքով՝ Ղարաբաղ հասնելուց հետո մյուս որդին Մատաղիս է գնացել, այդ ընթացքում լրատվամիջոցները հայտնել են, որ երեք սպա է զոհվել, բայց անուններ չեն նշել. «Շատ արտասվեցի՝ չիմանալով, որ մեկը հենց իմ տղան էր… Ես հրաշալի որդի եմ կորցրել, հրաշալի սպա»:
«Մեծ թոռնիկս շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա»
Հովսեփի մայրն ասում է՝ Հովսեփը շատ լավ էր վերաբերվում իր զինվորներին, բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք էր ցուցաբերում: «Ցավում էր ամեն հայի հետ, որ երկրից հեռանում էր: Ասում էր՝ սա է մեր հողը, մեր երկիրը: Երբ ասում էի՝ տղա՛ ջան, նրանք էլ իրենց պատճառներն ունեն, գնում են, որ լավ ապրեն, ասում էր՝ եթե բոլորը գնան, մեր հողը սինու վրա ազերիների՞ն, թուրքերի՞ն ենք մատուցելու, ո՞վ է պահելու այս հողը: Շատ հայրենասեր էր: Կարող էր հեռանալ երկրից, բայց չգնաց, ասաց՝ ես ուրիշի տանը չեմ կարող մնալ: Ես իմ տանն եմ հանգիստ, սա իմ հողն է, իմ հայրենիքը»,- ասում է Հովսեփի մայրը:
Հովսեփը շատ էր սիրում իր երկու որդիներին, շատ ուշադիր էր նրանց նկատմամբ. «Մեծ թոռնիկս՝ Գեղամիկը, շատ հարցեր էր տալիս, ասում էր՝ երբ պապաս թուրքերին սպանի, կգա, դեռ թուրքեր կան: Իսկ երբ չէր զանգում, շատ էր անհանգստանում, ասում էր՝ հեռախոսի մարտկոցը երևի նստել է, որ պապաս չի կարողանում զանգել, մա՛մ, դու փորձի՛ր: Հենց հորեղբորը զանգում էին, գոռում էր՝ պապա՞ս է: Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ հասկացել է: Հարցեր չի տալիս, ասում է՝ տատի՛կ, մի՛ լացիր, հերի՛ք է լացես: Փոքրը չի հասկացել, անընդhատ ասում է՝ ես պապայիս կարոտել եմ, պապայիս եմ ուզում: Նախորդ օրը հարցրեց՝ Գեղամի՛կ, պապաս ո՞ւր է, պապան ինչո՞ւ չի գալիս, ե՞րբ է գալու: Գեղամիկը եղբորը չպատասխանեց: Էրիկն ասաց՝ երևի էլի թուրքեր կան, որ պապաս չի գալիս, երբ բոլոր թուրքերը մեռնեն, պապաս կգա»: