Հուժկու պայքար` փողի համար
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի ընդունած նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես և սպասվում էր, լուրջ դժգոհություն է առաջացրել հասարակության գրեթե բոլոր շերտերում: Ամենաշատը, բնականաբար, գործարար շրջանակներում, որի` առանց այդ էլ՝ այսօր մի կերպ գոյատևող ներկայացուցիչները հասկանում են, որ նոր օրենսգիրքն ուղղակի կազմաքանդելու է Հայաստանի տնտեսությունը: Այդ դժգոհություններն արդեն առարկայանում և որոշակի շերտավորում են ստանում. երեկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառի ներկայացուցիչները և հայտարարել են, որ առաջիկայում ոլորտի շուրջ 15 հազար աշխատողներ բողոքի ակցիաներ կսկսեն:
Մի կողմից՝ այս քայլը շատ ողջունելի է և հույս է ներշնչում, որ իշխանությունը կարող է սթափվել և հրաժարվել Հարկային օրենսգիրքը նման խայտառակ տարբերակով ընդունելուց: Խոսքը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտի` ՏՏ-ի աշխատակիցների մասին է: Ընդ որում, այդ խավի ներկայացուցիչները` հայաստանյան չափանիշներով, ստանալով միջինից բարձր աշխատավարձ, միաժամանակ՝ անկախ են իրենց որոշումներում, չեն ենթարկվում իշխանության հետ սերտաճած օլիգարխների ճնշմանը, բացի այդ, ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն և պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար: Դրանից պետությունը միայն կշահի, քանի որ հակառակ պարագայում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների զգալի մասը կարող է արտագաղթել` արտերկրում գտնելով հայաստանյան վարձատրությունից անգամներով բարձր աշխատավարձով աշխատանք: Զուտ տնտեսական, սոցիալական տեսանկյունից՝ ՏՏ ոլորտի աշխատողների բողոքի ակցիաները միայն դրական կլինեն և հույս կարթնացնեն, որ իշխանությունը կարող է տեղի տալ:
Բայց այստեղ կա հարցի նաև քաղաքական, եթե կուզեք, քաղաքակրթական ու արժեքային կողմը: Հերթական անգամ Հայաստանում իշխանության դեմ բողոքի զանգվածային ակցիա է հասունանում մի խնդրի առնչությամբ, որը հարվածելու է բողոքողների գրպանին, նվազեցնելու է եկամուտները, նյութական բարեկեցությունը:
Ճիշտ այնպես, ինչպես «Դեմ եմ» շարժման ծավալման պատճառ դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, «Էլեկտրիկ Երևանի» անցած տարվա աննախադեպ ակցիաների դրդապատճառ հանդիսացած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այսինքն` հերթական անգամ ապացուցվում է, որ Հայաստանում հասարակությունն իր իրավունքների համար պատրաստ է պայքարել միայն այն դեպքում, երբ այդ իրավունքները խախտվում են անհատապես, ու կարևորը` երբ այդ խախտումն ունենում է դրամական արտահայտություն ու հարվածում է սեփական գրպանին:
Այն դեպքում, երբ նույն հասարակությունը, նույն ինտելեկտուալ, գիտակից, կիրթ զանգվածը գրեթե զրոյական հետաքրքրություն ու պահանջատիրություն է ցուցաբերում բոլոր այն խնդիրների նկատմամբ, որոնք հարվածում են պետության, պետականության հիմքերին, երկրին զրկում են ինքնիշխանությունից, Հայաստանը դարձնում են այլ երկրի սպասարկու ու վասալ:
Նույն այդ գիտակից հասարակությունը փողոց դուրս չէր գալիս ու փողոց դուրս գալու սպառնալիքներ չէր հնչեցնում այն ժամանակ, երբ Հայաստանը բռնակցվում էր Եվրասիական տնտեսական միությանը, այդ նույն հասարակության անդամները շարունակում էին իրենց զարգացումը վիրտուալ տիրույթում նաև այն ժամանակ, երբ Ազգային ժողովը վավերացնում էր Հայաստանի էներգետիկ համակարգն ու գազային ինքնիշխանությունը «Գազպրոմին» հանձնելու փաստաթուղթը, նույն հասարակությունն անտարբեր է նաև այսօր, երբ խորհրդարանը պատրաստվում է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը դե ֆակտո հանձնել Ռուսաստանին: Իհարկե, այս հարցում կա նաև օբյեկտիվ պատճառ, որը շատ հաճախ ներկայացվում է՝ որպես արդարացում նույն քաղաքացիական ակտիվության բացակայության համար:
Նշված խնդիրները քաղաքական են, իսկ քանի որ Հայաստանում քաղաքականությունը վարկաբեկված է, ինտելեկտուալ երիտասարդությունը չի ցանկանում ասոցիացվել ծախու քաղաքական ուժերի հետ և չի գնում նրանց հետևից: Այո, այդ ամենը ճիշտ է:
Բայց նույն կերպ քաղաքական խնդիր է նաև Հարկային օրենսգիրքը, որի հետևանքներն են միայն սոցիալ-տնտեսական լինելու: Բայց այս դեպքում հասարակությունն ավելի քան պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Դա, կրկնում ենք, առանձին վերցրած խնդրի լուծման տեսանկյունից՝ միայն դրական է, սակայն դրական լինելով հանդերձ՝ իրականում ցույց է տալիս նաև, որ Հայաստանում ինչպես՝ իշխանության ու ընդդիմության, այնպես էլ՝ հասարակության համար բոլոր արժեքներից ամենակարևորն ու «ամենասուրբը» միայն փողն է, և հասարակությունը պատրաստ է պայքարի միայն այն ժամանակ, երբ սպառնալիք է զգում սեփական փողի նկատմամբ: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է այս ամենը երևակվում դրսից, օրինակ՝ որևէ եվրոպական կամ ճապոնական հետազոտողի, վերլուծաբանի, հասարակագետի աչքերում:
Հայաստանը մի երկիր է, որի քաղաքացիները պատրաստ են հանդուրժել ամեն ինչ, բացառությամբ այն դեպքի, երբ հարվածում են իրենց գրպանին: Իսկ երբ այդ դերում հանդես է գալիս հասարակության այն հատվածը, որին ընդունված է համարել ինտելեկտուալ, գիտակից, ժամանակակից, այդ պատկերն ավելի տխուր ու Հայաստանն ավելի խայտառակող է դառնում:
Ժամանակակից աշխարհում փող կարելի է վաստակել երկրագնդի ցանկացած վայրում: Եթե Հայաստանի հասարակության միակ նպատակը դա է, ապա դրան կարելի է հասնել՝ նաև առանց պետության ու պետականության: Սա վտանգավոր կարծիք է, որը կարող է ձևավորվել ներհայաստանյան կյանքին հետևող ցանկացած մեկի մոտ: