Միացյալ ՀՕՊ համակարգը նոր հնարավորություններ է ընձեռում

Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը ՀՀ և ՌԴ ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է՝ օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, կողմերին ազդարարել օդատիեզերային իրադրության, տեղեկացնել հնարավոր օդային և հրթիռային հարձակումների մասին, ինչպես նաև՝ ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում։ Միասնական համակարգի ստեղծումը նախևառաջ՝ բխում է Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, քանի որ հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել Ռուսաստանի պաշտպանական ներուժը՝ միաժամանակ կանխարգելելով տարածաշրջանային որոշ մարտահրավերներ։

Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման գաղափարն առաջացել է դեռ 1990-ականներին։

Դեռևս 1995թ. փետրվարին Ալմա Աթայում ԱՊՀ պետությունների միջև կնքվել է պայմանագիր, որով ստեղծվել է ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը։ Ներկայումս այդ համակարգի մաս են կազմում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։ 2000 թվականին էլ ստորագրվել է մեկ այլ համաձայնագիր, ըստ որի՝ ՀՀ տարածքում մինչ օրս իրականացվում է համատեղ մարտական հերթապահություն, որում ընդգրկված են և՛ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները, և՛ ՌԴ 102-րդ ռազմակայանի ուժերն ու միջոցները, այդ թվում՝ կործանիչ ավիացիան։ Ընդգրկված հայկական ստորաբաժանումները ղեկավարվել են ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի կողմից, ռուսական ստորաբաժանումները ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարության ներքո էին։ Օպերատիվության առումով սա առաջ էր բերում որոշակի խնդիրներ, նաև՝ մեկ միասնական հրամանատարության ներքո ընդհանուր համակարգ ձևավորելու անհրաժեշտությունը։

Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման անմիջական աշխատանքները սկսվել են 2009 թվականին։ 2009-2013 թթ. փաստաթղթի մշակման ակտիվ աշխատանքների փուլն էր, որի ընթացքում փաստաթուղթը մի քանի անգամ վերամշակվել է։ Համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն, ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։

Կարդացեք նաև

Ըստ փաստաթղթի՝ կովկասյան տարածաշրջանում Հայաստանը դառնալու է ՀՕՊ առանձին շրջան, իսկ Հարավային օկրուգի կողմից անմիջական կառավարման գործառույթները վերաբաշխվելու, ապա և՝ իրականացվելու են Հայաստանի ՀՕՊ զորքերի կողմից, ինչը լինելու է մարտական հերթապահության ամենակարևոր առանձնահատկությունը։ Համաձայնագիրը ենթադրում է ՀՕՊ միջոցների կիրառում միայն պաշտպանական նկատառումներով։ Միաժամանակ, եթե 1995 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միասնական համակարգը նախատեսված էր խաղաղ ժամանակներում խնդիրների կատարման համար, ապա Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը նախատեսված է լուծելու նաև պատերազմական խնդիրներ։ ՀՀ-ի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում Հանրապետության տարածքում տեղակայված բոլոր ուժերն ու միջոցները կոչված են չեզոքացնելու առաջացած վտանգը։ Նոր համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում օգտագործելու և կիրառելու նաև Հարավային զինվորական օկրուգի ՀՕՊ ուժերն ու միջոցները։ Մինչ այդ նրանք ունեին հստակ խնդիր՝ գործել միայն Ռուսաստանի՝ իրենց հատկացված տարածքում։

Այսպիսով, ըստ համաձայնագրի, անհրաժեշտության դեպքում հակաօդային պաշտպանության միասնական համակարգը հնարավորություն կտա կիրառելու ոչ միայն՝ 102-րդ ռազմակայանում առկա 4-րդ սերնդի բազմանպատակային Միգ-29 կործանիչները, Ս-300 զենիթային հրթիռային համակարգը, այլ նաև՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև՝ կործանիչ ավիացիայի այն բոլոր նորագույն միջոցներն ու զինատեսակները, որոնք առկա են ՌԴ զինված ուժերի, օդատիեզերական զորքերի զինանոցում։ Նախատեսվում է, որ կընդլայնվեն նաև ռադիոլոկացիոն հետախուզության հնարավորությունները, կընդգրկվեն տիեզերական հետախուզության միջոցներ, հայկական կողմը հնարավորություն կունենա օգտագործելու ՌԴ զինված ուժերի օդատիեզերային միջոցներից ստացված տվյալները, կստեղծվի միասնական տեղեկատվական դաշտ, որը թույլ կտա վաղօրոք զգուշանալու հակառակորդի ագրեսիայից։ Այս միջոցառումները նախատեսված են ՀՀ և ՌԴ օդային տարածքի անձեռնմխելիության աստիճանը բարձրացնելու համար։

Այսպիսով՝ ամրացվում է կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի հուսալիությունը, ուժեղացվում այն յուրահատուկ «հովանոցը», որ կոչված է պատսպարելու նաև Հայաստանի օդային տարածքը, պաշտպանելու այն օդային հարձակումներից։ Ընդ որում, ՀՀ տարածքում մարտական գործողությունների դեպքում ՀՕՊ ուժերն ու միջոցները կիրառելու, կառավարելու որոշումն ընդունելու է հայկական կողմը, ինչը ՀՀ-ի համար լրջագույն ձեռքբերում է։

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս