
«Ղազախստանում ներդրողները 10 տարով կազատվեն հարկերից». Նազարբաև

Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ներդրողները 10 տարով կազատվեն կորպորատիվ եկամտահարկից. Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նազարբաևը գործարարներին նաև հայտնել է Ղազախստանի տնտեսության զարգացմանն ուղղված գերակա ուղղությունների մասին:
«Ինդուստրիալիզացիայի հիմնական գերակայություններն են՝ մետալուրգիան, քիմիան և նավթաքիմիան, մեքենաշինությունը, շինանյութերը և սննդային ապրանքատեսակների արտադրությունը: Գերակա ոլորտներում աշխատող ներդրողների համար նախատեսված է կորպորատիվ եկամտահարկից և հողի հարկից 10 տարով ազատում, իսկ գույքահարկից՝ 8 տարով»,- ասել է նախագահը:
Նա խոստացել է, որ օբյեկտների շահագործման հանձնելուց հետո ներդրողներին կփոխհատուցվեն կապիտալ ծախսերի 30 տոկոսը: Հնարավորություն է ընձեռնված օտարերկրյա աշխատուժ ներգրավել առանց որևէ քվոտաների ու թույլտվությունների:
«Բացի այդ, 2015թ. ընդլայնվել է ազատ վիզային ռեժիմի ցանկը աշխարհի 35 երկրների համար, իսկ 2017թ. այն ընդլայնվելու է՝ հասնելով մինչև 54-ի: Ներկայումս Ղազախստանում գործում են 10 հատուկ տնտեսական գոտիներ: Դրանցում արտոնություններ են տրամադրվում հողի հարկից, գույքահարկից, տնտեսական գոտում օգտագործվող ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ից և այլն: Հողատարածքի վարձակալությունը 10 տարի ժամկետով անվճար է»,- ասել է Նազարբաևը: