Ամենամեծ կորուստը հայ-ռուսական հարաբերություններում

Հայաստանի և Ռուսաստանի միջև Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին մտահոգություններին ի պատասխան՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրների զգալի մասը հայտարարում են, թե այդ համաձայնագրում որևէ մտահոգիչ կետ չկա Հայաստանի համար, համոզում են, որ դա ոչ միայն չի սահմանափակում հակաօդային պաշտպանության բնագավառում Հայաստանի` որոշումներ կայացնելու իրավունքը, այլև մեր երկրին տալիս է շատ ավելի մեծ հնարավորություններ` Ռուսաստանի համապատասխան համակարգի առավելություններից օգտվելու, այդ թվում` այդ տեղեկատվության հասանելիություն ստանալու, այդ տեղեկատվությունն ի սպաս Հայաստանի անվտանգության օգտագործելու առումով:

Ընդունենք, որ իշխանության և ընդդիմադիրների մի զգալի մասի այս բոլոր հայտարարությունները միանգամայն անկեղծ են, որ նրանք այդպես են արտահայտվում ոչ թե Ռուսաստանին ծառայություն մատուցելու համար, ոչ թե Ռուսաստանից ունեցած վախի պատճառով և ոչ էլ առիթն օգտագործում են ռուսներին իրենց նվիրվածությունը ցույց տալու նպատակով, այլ՝ որովհետև իսկապես այդպես են մտածում, համոզված են, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ բարձրացվելու է Հայաստանի անվտանգությունը: Ասված պայմանականությունը, իհարկե, կիլոմետրերով հեռու է Հայաստանի քաղաքական իրողություններից, քանի որ մեր քաղաքական ուժերի գերակշիռ մասը Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է հենց նշված մղումներով: Այդուհանդերձ, կրկնում ենք, մի պահ ընդունեք, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացնում են այս համաձայնագրի կողմնակիցները:

Սակայն, որպեսզի նրանց ասածը համապատասխանի իրականությանը, անհրաժեշտ է, որպեսզի այդ համաձայնագրի կողմերը 100 տոկոսով պահպանեն դրա յուրաքանչյուր կետն ու ստորակետը և զերծ մնան այդ փաստաթղթի դրույթներից որևէ մեկի կամայական մեկնաբանությունից, ու, որ ավելի կարևոր է` պայմանագրային պարտավորությունների կամայական կատարումից: Իսկ այդ համաձայնագրում կան բազմաթիվ կետեր, որոնք, մեղմ ասած, կամայականությունների ու ըստ քաղաքական նպատակահարմարության կիրառվելու հնարավորություն են տալիս: Օրինակ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգին, Ռուսաստանի կողմից համակարգման ենթարկվելիք համակարգին տրամադրվելու է Հայաստանի ՀՕՊ ուժերի մի մասը: Սակայն նշված չէ, թե որ մասի մասին է խոսքը, նշված չեն այդ «մասի» ընտրության չափանիշները:

Իսկ դա նշանակում է, որ համակարգի ստեղծման ընթացքում այդ հարցերը կարգավորվելու են «աշխատանքային ռեժիմում», Ռուսաստանի ու Հայաստանի Զինված ուժերի, Գլխավոր շտաբների համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Բավական է միայն հիշել, թե ով է զբաղեցնում Հայաստանի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, համոզվելու համար, որ այդ ՀՕՊ համակարգում կընդգրկվեն Հայաստանի ՀՕՊ ուժերի այն միավորները, որոնք կցանկանա Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը, հասկանալի է, չի ընտրելու «80-ականների զենքը», այլ պահանջելու է միավորված համակարգում ընդգրկել ռազմավարական նշանակության սպառազինությունը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի միանձնյա տնօրինմանը կմնա միայն այն, ինչը պետք չէ միավորված համակարգի համար:

Բացի այդ, այդ համաձայնագրի կողմնակիցներն անընդհատ կրկնում են, թե դրանով Հայաստանը հնարավորություն կստանա օգտագործել Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից ստացված տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ համակարգի գործունեության շրջանակներում Հայաստանին կտրամադրի նաև հետախուզական տվյալներ, որոնց, հասկանալի պատճառներով, Հայաստանը չի տիրապետում:

Թվում է՝ շատ գայթակղիչ, բայց, ինչպես դասականը կասեր, չեմ հավատում: Որովհետև ընդամենը երկու ամիս առաջ` ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես ավելի ուշ հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանն արբանյակային նկարահանման միջոցով տեղյակ է եղել զինված ուժերի շարժին, սակայն այդ մասին չի տեղեկացրել հայկական կողմին:

Այսինքն` Ռուսաստանը չի կատարել ռազմավարական դաշնակցի ու ՀԱՊԿ անդամի՝ իր պարտավորությունները: Ի՞նչ երաշխիք կա, որ դա կատարելու է այդ նոր համաձայնագրի ստորագրումից հետո: Բնականաբար, որևէ երաշխիք չկա: Ավելին` գրեթե երաշխավորված կարելի է պնդել, որ Ռուսաստանը, ինչպես մյուս բոլոր պայմանագրերը, այնպես էլ այդ համաձայնագիրն օգտագործելու է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Իսկ Հայաստանն իր վարած ռուսահպատակ քաղաքականության արդյունքում քաղաքական կամք և հնարավորություն չունի Ռուսաստանից պահանջել` կատարել Հայաստանի նկատմամբ սեփական պարտավորությունները: Ռուսաստանը պարտավորությունները կատարող լիներ, նախ՝ կմատակարարեր վարկային պայմանագրով Հայաստանին հասանելիք 200 մլն դոլարի զենքը, որն այդպես էլ Հայաստան չի հասնում:

Այսինքն` խնդիրը ոչ այնքան՝ բուն համաձայնագիրն է, դրանում ամրագրված դրույթները, այլ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև չկա իրական ռազմավարական դաշնակցություն, որի հիմքում, պայմանագրերից ու համաձայնագրերից բացի, առաջին հերթին՝ պետք է լինի վստահությունը, փոխադարձ ու անվերապահ վստահությունը: Իսկ դա բացակայում է, բացակայում է այն աստիճան, որ հայ հասարակության, ինչո՞ւ ոչ` նաև իշխանության շրջանում կա միայն վստահություն առ այն, որ Ռուսաստանը կրկին «քցելու» է, որ այն, ինչ արվում է Ռուսաստանի հետ ու Ռուսաստանի համար, արվում է պարտադրաբար, այլընտրանքի բացակայության պատճառով, ինչպես ազնվորեն խոստովանում են իշխանության ու ոչ իշխանության ներկայացուցիչները:

Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններում գրեթե ամբողջությամբ բացակայում է միջպետական հարաբերությունների թերևս ամենակարևոր բաղադրիչը` վստահությունը: Այդ վստահությունը կարծես կորսվել է վերջնականապես ու անդառնալիորեն: Իսկ դա պայմանավորված է ոչ թե հայերի ու ռուսների վատը կամ լավը լինելով, այլ օբյեկտիվ շահերով ու այդ շահերի օբյեկտիվ հակադրությամբ: Ռուսաստանը, ինչպես պատմականորեն, այնպես էլ` առավել ևս, այսօր մեր տարածաշրջանում ունի այնպիսի շահեր, որոնք համակցվում են թուրք-ադրբեջանական շահի հետ: Անգամ ռուս-թուրքական ներկայիս լարվածության պայմաններում: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ որևէ ընդհանուր համակարգի ստեղծմամբ Հայաստանն անուղղակիորեն դառնում է այդ շահի սպասարկողը: Կարևոր չէ՝ այդ համակարգի անունը ԵՏՄ է, ՀԱՊԿ, թե՞ ՀՕՊ:

Այնպես որ, ՀՕՊ համակարգի հետ կապված վստահությունը, որ հայտնում են մեր քաղաքական գործիչները, մեղմ ասած, արդարացված չէ: Քանի որ նրանք չեն կարող վստահ լինել այն կարևոր հարցում, որ Ռուսաստանը կստորադասի սեփական շահերը` հանուն Հայաստանի: Առավել ևս` երբ Հայաստանն իր շահերը չի գերադասում ռուսական շահին:

Տեսանյութեր

Լրահոս