Ռուսաստանը սպառնում է Հայաստանի իշխանությանը

«Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ»,- այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ հայտարարությունից հետո անցել են ժամեր, բայց պաշտոնապես ցեղակրոնությունն ու նդժեհականությունը որպես գաղափարախոսություն որդեգրած Հայաստանի իշխող կուսակցությունից` ՀՀԿ-ից, որևէ արձագանք չի հնչել: Չեն արձագանքել հատկապես ու առանձնապես այն հանրապետականները, ովքեր մասնագիտացած են արևմտյան դեսպաններին պատասխանելու գործում, երբ վերջիններս, օրինակ, հայտարարում են, որ կոռուպցիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը:

Չեն արձագանքել ու չեն հայտարարել, որ այսպիսով Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ընդ որում, խառնվելը շատ մեղմ է ասված, շատ ավելի տեղին է այս դեպքում կիրառել «քիթը խոթում» է՝ ոչ այնքան բարեհունչ, սակայն այս դեպքի համար անփոխարինելի արտահայտությունը:

Երևանում Գարեգին Նժդեհի արձանի բացումից հետո Մոսկվան իր դժգոհությունն արտահայտեց իշխանական փորձագետների ու պատմաբանների միջոցով, որոնց Հայաստանի իշխանական շրջանակները հանդգնեցին պատասխանել միայն ընդհանուր ձևակերպումներով` որպես արդարացում ներկայացնելով այն հանգամանքը, թե դա առանձին վերցրած անհատների և պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չէ: Եվ ահա Մոսկվան ասում է` դա այնքան պաշտոնական դիրքորոշում է, որ հնչեցվում է Ռուսաստանի ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ շուրթերով:

Հիմա Հայաստանի իշխող կուսակցությունը հայտնվել է փակուղու առաջ. ՀՀԿ-ականները կամ պետք է համարժեք պատասխան տան Ռուսաստանին, կամ պետք է հրաժարվեն իրենց կուսակցական գաղափարներից ու որպես գաղափարական հայր ներկայացվող Նդժեհից:

Թե որ տարբերակը կընտրեն ՀՀԿ-ականները, դժվար է ասել: Նրանք գրեթե բնազդային մակարդակի վախ ունեն Ռուսաստանից, մյուս կողմից` հրաժարվել Նժդհից ևս չեն կարող: Կամ գուցե կարող են` ի շահ «հայ-ռուսական դարավոր բարեկամության»:

ՀՀԿ-ն՝ ՀՀԿ, բայց սա արդեն պետության հեղինակությանը վերաբերող հարց է, երբ մեկ այլ երկիր, թեկուզ և՝ ռազմավարական դաշնակից, թեկուզ և՝ Ռուսաստանի չափ մեծ ու անհասկանալի, իրեն թույլ է տալիս նման կերպ արտահայտվել այն մասին, թե Հայաստանում ում արձաններն են տեղադրում: Եթե Հայաստանը համարժեք չպատասխանի այս հայտարարությանը, նշանակում է՝ վաղը Զախարովան հայտարարելու է, թե իրեն ինչն է զարմացնում մեր դպրոցական դասագրքերում կամ թանգարաններում:

Հետո նրան կարող է դուր չգալ մեր դրոշի գույներից որևէ մեկը կամ Ազատության հրապարակի անվանումը:

Այս հայտարարությունը, սակայն, ուղղված լինելով Հայաստանի դեմ, ուղղված է Հայաստանի իշխանությանը, ՀՀԿ-ին, և սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀԿ-ի ու Հայաստանի Հանրապետության շահերն ու արժանապատվությունը համընկնում են, թեև հենց ՀՀԿ-ի իշխանավարության արդյունքում է հնարավոր դարձել, որ ռուսները Հայաստանի նկատմամբ նման վերաբերունք թույլ տան:

Զախարովայի շուրթերով Ռուսաստանն իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանության կողմից վերջերս դրսևորված որոշակի ինքնուրույնության, Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված գործողությունների համար: Գարեգին Նժդեհը, կրկնում ենք, ՀՀԿ-ի գաղափարախոսության մարմնավորումն ու իդեալն է: Հետևաբար՝ Զախարովան զարմանք հայտնելով Նժդեհի արձանի տեղադրման առթիվ, իր, այսինքն` Ռուսաստանի, այսինքն` Պուտինի զարմանքն է փոխանցում առ այն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է իրեն Նժդեհի հետնորդ հռչակած կուսակցությանը: Այլ կերպ ասած` Պուտինն անուղղակիորեն սպառնում է ՀՀԿ-ին:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, պետք չէ բացառել, որ Հայաստանից կարող են հնչել խիստ պատասխաններ: Իշխանությունը ցույց է տվել, որ կարող է հանդուրժել երկրին ուղղված սպառնալիքները, սակայն, երբ դա վերաբերում է իշխանության պահպանմանը, դառնում է կենաց-մահու հարց: Անհամբեր սպասում ենք Էդուարդ Շարմազանովի պատմաքաղաքական գնահատականներին: Եթե, իհարկե, նրա պատմաքաղաքական համարձակությունը նախատեսված չէ միայն Ալիևին պատասխանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս