«Անթույլատրելի է լինելու պայմանագրի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրերի մեջ որևէ փոփոխության կատարումը». Մովսես Հակոբյան
Վերջին ժամանակաշրջանում տարածաշրջանում զարգացող իրավիճակը պարտադրում է մեր աշխատանքները կազմակերպել ավելի հստակ, ճկուն: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: «Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման միակ երաշխիքը, իրենց առջև ունեն ամենակարևոր խնդիրը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Այս դահլիճում նստած անձինք, ինչպես նաև՝ մեր հասարակության բոլոր խավերը պարտականություն և պատասխանատվություն ունեն երկրի անվտանգության ապահովման համար»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ դեպարտամենտի խնդիրը ժամանակին և որակյալ ապրանքների մատակարարումն է: «Դեպարտամենտի առջև խնդիր դրված չէ՝ էժան ապրանք մատակարարել: Նորից կրկնում եմ՝ դեպարտամենտի առջև խնդիր է դրված՝ որակյալ և ժամանակին նյութական միջոցների ապահովման»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ լրատվամիջոցներում նյութեր են տարածվել, որոնցում շեշտադրվում են բանակի նյութական ապահովման խնդիրները և բացթողումները: «Իհարկե, մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը, բայց այն մասը, որ համապատասխանում է իրականությանը, բավարար է, որպեսզի մենք լուրջ միջոցներ ձեռնարկենք նման խնդիրները լուծելու ուղղությամբ և բացառենք հետագայում նման խնդիրներ ունենալը»,- նշեց պաշտպանության նախարարի տեղակալը: Նա նշեց, որ ժամանակին, որակյալ և մրցունակ նյութական միջոցների ապահովման ձևը, երաշխիքը մրցակցությունն է: Մովսես Հակոբյանը հիշեցրեց, որ, եթե նախկինում կնքվել է պայմանագիր մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ, ապա այսուհետ դա բացառվելու է: «Անթույլատրելի է լինելու պայմանագրի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրերի մեջ որևէ փոփոխության կատարումը, ժամանակացույցերի երկարացումը և մյուս այլ գործառույթները»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով բողոքարկման կարգին՝ նա ասաց, որ իր և իր ենթակաների առջև խնդիր է դրել՝ քննարկել բողոք-դիմումները: «Մենք փորձելու ենք, որ իմ կամ իմ ենթակաների աշխատասենյակից դուրս գալու ժամանակ դուք լինեք բավարարված: Բավարարված՝ չի նշանակում, որ ձեր ցանկությունն իրականություն է դարձել: Շատ դեպքերում կարող է բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում