Բաժիններ՝

Խաղաղապահ ուժերի տեղակայում նախատեսված է ԼՂ հակամարտության կարգավորման առկա պլաններում. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ռուսական Interfax լրատվական գործակալությանը, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին: Հարցազրույցը ներկայացնենեք մասնակի կրճատումներով:

Լրագրողի հարցին, թե արդյոք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում փոխվել է դեպի լավը, Պոպովը պատասխանել է, որ Վիեննայի հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները հաստատել են, որ հետևելու են հրադադարի ռեժիմին և հետամուտ են լինելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«ԵԱՀԿ դիտորդներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ այդ պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, հատկապես, եթե համեմատենք այսօրվա իրավիճակը նրա հետ, ինչ կար ապրիլի սկզբին: Այդ իսկ պատճառով կարևոր է գործը հասցնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը՝ նվազեցնելու ռազմական ռիսկերը ու պայմաններ ստեղծելու բանակցային գործընթացի վերսկսման համար, որն ուղղված կլինի կայուն կարգավորման հաստատմանը»,- ասել է Պոպովը:

Պատասխանելով փորձագետների մակարդակով քննարկումներ անցկացնելու հարցին՝ նա նշել է, որ դա կախված է կողմերի պատրաստակամությունից, թե որքանով են նրանք պատրաստ հաղթահարել կարգավորման առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները և հասնել շրջանակային պայմանավորվածության:

Պոպովի կարծիքով՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին: «Դրա համար կան հեռանկարներ: Վիեննայոմ նախագահները սկզբունքային պլանում պայմանավորվել են վերսկսել բանակցությունները առարկայական հարցերի շուրջ: Կցանկանայի հուսալ, որ կգերիշխի կառուցողական տրամադրվածությունը»,- ասել է Իգոր Պոպովը:

Ինչ վերաբերում է շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմներին, ապա նա հայտարարել է, որ դրա շուրջ բարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն, և ԵԱՀԿ մասնագետները ներկայումս զբաղվում են այդ հարցով:

«Անցած շաբաթ Մինսկի խմբի համանախագահների հետ փորձագիտական մշակումները հանձնել ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացությանը»,- հայտնել է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցին, ապա ռուս դիվանագետը նշել է, որ «խաղաղության պահպանման միջազգային ուժերի տեղակայում նախատեսված է հակամարտության կարգավորման առկա պլաններում: «Գործնականում խաղաղապահներ ուղարկելու հարցը կարող է առաջ քաշվել ԼՂ-ի շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո:

Խաղաղապահ ուժերի տեղակայման մեկնարկին պետք է նախորդի ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը այն երկրներից, որոնք պատրաստ են դրանք տրամադրել, իրականացվելու է հակամարտության կողմերի համաձայնությամբ»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս