«Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ-ի ձևավորումը քայլ է՝ իր լուրջ հետևանքներով». Նիկոլայ Կապիտոնենկո
«ՆԱՏՕ-ն ձգտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերադարձնել սառեցված կարգավիճակի»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ուկրաինայի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ուկրաինացի վերլուծաբան Նիկոլայ Կապիտոնենկոն՝ անդրադառնալով «ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասի երկրների անվտանգության խնդիրները», «ՆԱՏՕ-ի առաջնահերթ պատասխանատվության տարածաշրջանները» թեմաներին:
Խոսելով հետսովետական տարածքում ՆԱՏՕ-ի դերակատարության մասին` Նիկոլայ Կապիտոնենկոն ասաց, որ այդ դերակատարությունը, ինչպես միշտ, բավականին բարդ է: Ըստ նրա` մի կողմից՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու արդյունավետ գործիք է, շատերը Վրաստանում և Ուկրաինայում այս կառույցին հենց նման դիտանկյունից են վերաբերվում: Մյուս կողմից՝ Կապիտոնենկոյի խոսքով, ՆԱՏՕ-ն այն «հրեշն» է, որի շուրջ Ռուսաստանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը հետսովետական տարածքում:
«ՆԱՏՕ-ի առաջնահերթ խնդիրները հավասարակշռության վերականգնումն է, դերակատարության հստակեցումն ու Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հստակեցումը, որոնց կատարումից էլ Եվրոպայում տարածաշրջանային անվտանգությունն է կախված: Սա կօգնի հասկանալ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարները ևս: Իմ կարծիքով` ամենահավանական սցենարն այս երկրների հարաբերությունների հետագա խորացումն է ՆԱՏՕ-ի հետ՝ առանց անդամակցության:
Այս գործընթացի հնարավորությունը բարձր է, շատ ավելի բարձր, քան Անդամակցության ճանապարհային քարտեզի դեպքում»,- ասաց նա: Հարցին, թե Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ժամանակ քննադատության կենթարկվի՞ արդյոք Ադրբեջանը քառօրյա պատերազմը նախաձեռնելու համար, Կապիտոնենկոն պատասխանեց, որ ալյանսի պաշտոնական դեմքերը կանդրադառնան շփման գծում լարվածությանը: «Այսինքն` կողմերին կոչ կանեն կարգավորել հակամարտությունը խաղաղ միջոցներով: Ադրբեջանին ուղղված ուղիղ քննադատությունն այս դեպքում քիչ հավանական է»,- նկատեց նա:
Կապիտոնենկոյի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն հիմնականում, արտացոլելով իր անդամ-երկրների դիրքորոշումները, ձգտելու է վերադարձնել ԼՂ հակամարտությունը «սառեցված» կարգավիճակին կամ լատենտ փուլին, ՆԱՏՕ-ի համար էսկալացիան որևէ դրական արդյունք չի տա: «Անվտանգության ոլորտում մարտահրավերները բավարար են, ուստի ՆԱՏՕ-ն ձգտելու է կանխարգելել կամ այդ մարտահրավերները մինիմումի հասցնել»,- ընդգծեց ուկրաինացի վերլուծաբանը:
Մեկ այլ հարցի, թե Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը վտանգավոր չէ՞ արդյոք ՆԱՏՕ-ի և ՀՀ-ի հարաբերությունների համար, ՆԱՏՕ-ն չի՞ դիտարկի Հայաստանին՝ որպես թշնամական երկիր` փակելով Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ կոմունիկացիոն խողովակները` ուկրաինացի վերլուծաբանը պատասխանեց, որ ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ձևավորումը Կովկասում քայլ է՝ իր լուրջ հետևանքներով տարածաշրջանային անվտանգության համար:
«Բայց ոչ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության պայմանագիրը հաշվի է առնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բնույթը, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Իմ կարծիքով` Հայաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան եռանկյան ձևաչափում փոփոխություններ տեղի չեն ունենա: ՆԱՏՕ-ն նաև գիտակցում է տարածաշրջանային բոլոր երկրների հետ կոմունիկացիաների կարևորությունը, այդ հնարավորությունների նեղացումը կնշանակի՝ իրավիճակի բարդացում, ուստի դա քիչ հավանական է»,- նշեց Նիկոլայ Կապիտոնենկոն: