«Ադրբեջանցիների կողմից շատ պարզունակ քայլ էր Արցախը վերադարձնելու փորձը»
qahana.am-ը զրուցել է Ս. Կոզմա և Ս. Դամիանոս եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Իոհան Գուայտայի հետ
– Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ձեր աշխատությունները, մասնավորապես «Հարցազրույց Գարեգին Առաջինի հետ» գիրքը, թարգմանվել է 6 լեզուների: Ի՞նչ տեսակետից է Հայ Առաքելական եկեղեցին հետաքրքրում Ձեզ և աշխարհին:
– Հայ Առաքելական եկեղեցին իրապես հետաքրքրում է թե՛ ինձ և թե՛ շատերին ողջ աշխարհում: Այն ամենահին եկեղեցիներից մեկն է և պահպանել է իր դիմագիծը, ինքնությունը: 20-րդ դարում ողջ աշխարհի աստվածաբանների համար գնալով ավելի հասկանալի դարձավ, որ չնայած քաղկեդոնական և ոչ-քաղկեդոնական եկեղեցիների դավանաբանական տարբեր ձևակերպումներին՝ հավատքը նույնն է: Շատերն են այդպես կարծում: Բոլորի համար պարզ դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցին դավանում է նույն հավատքն ի Քրիստոս՝ ինչպես Ռուս Ուղղափառ եկեղեցին և մյուս եկեղեցիները, որ Քրիստոս ճշմարիտ Աստված է և մարդ: Աստվածաբանական բոլոր տարաձայնությունները, որոնց պատճառով 1500 տարի շարունակ Հայ Առաքելական եկեղեցին անհիմն կերպով համարվում էր միաբնակ (մոնոֆիզիտ), մնացել են անցյալում:
– Այնուամենայնիվ, դեռևս կան մարդիկ, ովքեր մինչ այժմ կարծում են, թե Հայ Առաքելական եկեղեցին միաբնակ է: Նրանք չգիտե՞ն, թե՞ չեն ցանկանում իմանալ ճշմարտությունը:
– Բարդ հարց է: Անշուշտ, նախապաշարումները մեծ դեր են խաղում, և ինչպես հայտնի է, երկար կյանք ունեն: Դարեր շարունակ ընդունված էր Հայ Առաքելական եկեղեցին համարել միաբնակ: Հոգևորականներն իներցիայով շարունակում են այդպես անվանել՝ չվերանայելով իրենց դիրքորոշումը: Ցանկացած եկեղեցի պահպանողական է. հեշտ չէ վերանայել ունեցած դիրքորոշումը, վերաիմաստավորել:
Ի Քրիստոս հավատքի առումով Կաթոլիկ, Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև տարբերություններ չկան: Նույն ընդհանուր հավատքն է: Կան լեզվաբանական, պատմական և այլ տարբերություններ:
Նաև առանձնահատկություն կա: Հայ Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, ունի իր ծեսերն ու ավանդույթները: Միասնության փնտրտուքը չպետք է վտանգի ինքնությունը, չպետք է նշանակի կորուստ: Ուղղափառ բոլոր եկեղեցիներն ազգային են, յուրաքանչյուրն ունի ոչ միայն իր ինքնուրույնությունը, այլև՝ ինքնությունը: Երբեմն նրանց միջև կան էական տարբերություններ պատարագի, ավանդույթների առումով:
Հայ Առաքելական եկեղեցին ինձ հետաքրքրում է որպես հին եկեղեցի, որը հավատարիմ է մնացել ինքն իրեն և ապրում ու գործում է արդի աշխարհում: Հայկական սփյուռքի շնորհիվ այն կյանքի արժեքավոր փորձ ունի ողջ աշխարհում և ամենուր պահպանում է իր դիմագիծը:
– Արտերկրում ի՞նչ արձագանք ունեցան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում: Արդյո՞ք պետք է շարունակել պնդել, որ մյուս երկրներն էլ ճանաչեն ցեղասպանությունը:
– Անցյալ տարի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սակայն այն փաստը, որ 100-ամյա տարելիցը նշվեց, դեռևս չի նշանակում, թե այդ հարցն այլևս օրակարգում չէ: Ընդհակառակը, 100-ամյա տարելիցը կարող է նշանավորել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին գիտական մոտեցման նոր սկիզբ: Պետք է շարունակել ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, գրել այդ մասին:
Անշուշտ, պետք է հասնել Թուրքիայի և համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանը: Բայց ոչ միայն այդքանը: Պետք է մանրակրկտորեն և հնարավորինս գիտականորեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում, ցավոք, շատ նման է 1915թ. Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Արդեն ասվել է, որ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը խիստ դատապարտվեր, չէին լինի Հոլոքոստը, 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը: Կարևոր է չսահմանափակվել 100-ամյա տարելիցով, կանգ չառնել: Շատ կարևոր էր ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ կատարված Հայ Առաքելական եկեղեցու կողմից:
– Ձեր «Ճիչ Արարատից» գրքում Դուք գրել եք, թե Հայաստանին երբեմն դատապարտում են այն բանի համար, որ լինելով քրիստոնեությունը պետական ազգային կրոն հռչակած առաջին երկիր՝ չի ներում Թուրքիային գործած հանցանքի համար: Գրքում ցույց եք տալիս, որ դժվար է ներել, քանի դեռ Թուրքիան Հայաստանից ներում չի հայցել: Մեր օրերում ադրբեջանցիները կրկին խախտեցին խաղաղությունն Արցախում, հարձակվեցին հայերի վրա: Որպես հոգևորական՝ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս պայքարել չարի դեմ:
– Ոչ մի եկեղեցի չի ժխտում, որ երբ հարձակվում են հայրենիքի վրա, կարելի է պաշտպանվել: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հարձակմանը՝ մինչ այժմ ագրեսիայի իմաստը չեմ տեսնում, այն թեթևամտություն և հիմարություն էր: Ադրբեջանցիների կողմից շատ պարզունակ քայլ էր Արցախը վերադարձնելու փորձը: Հուսանք՝ ռազմական գործողությունները չեն շարունակվի: Պետք է աշխատել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, որպեսզի Արցախը լեգիտիմ կարգավիճակ ունենա:
– Ինչպիսի՞ն է քրիստոնյա աշխարհն այսօր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն քրիստոնյաների միասնության, համախմբման: Արդյո՞ք բոլոր քրիստոնյաների միավորման կարիք կա:
– Հայր Աստծուն ուղղված Իր վերջին աղոթքներից մեկում Քրիստոս ասաց. «…Աղաչում եմ … որպեսզի ամենքը մի լինեն, ինչպես Դու, Հայր, իմ մեջ, և Ես՝ Քո մեջ…» (Հովհ. 17:20-21)
Միասնության ձգտումը ոչ միայն հնարավոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, այլև՝ ուղղակի պատասխան այդ աղոթքին:
Երբեմն, հատկապես Ռուս Ուղղափառ եկեղեցում, էկումենիզմի հանդեպ հստակ վախ կա: Ոմանք չիմացության արդյունքում վտանգավոր են համարում էկումենիկ երկխոսությունը: Դա, անշուշտ, տգիտությունից է գալիս: Քրիստոնյաների համար միասնության ձգտումը ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ:
Այս տարի Ռուս Ուղղափառ եկեղեցու համար կարևոր էր Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հանդիպումը Հռումի պապի հետ Կուբայում: Դա մեծ իրադարձություն է, որը կրկին պահանջում է հարբերությունների շարունակություն: Իհարկե, սկսվել է պատվիրակությունների փոխանակում, նաև այլ նախաձեռնումներ կան: Մեկ այլ կարևոր իրդարձություն է առաջիկա համաուղղափառ ժողովը (հավաքը):
Շատ ուրախալի իրադարձություն է Հռոմի պապի այցը Հայաստան: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, թե Հայ Առաքելական եկեղեցին շատ ավելի պարզ ու բաց վերաբերմունք ունի բոլոր եկեղեցիների հետ երկխոսության հանդեպ: Միգուցե դարեր շարունակ որոշակիորեն մեկուսացված լինելուց է, որ հայերը սովորել են երկխոսություն վարել:
Ասեմ, որ Ռուս եկեղեցում այդպես չէ: Մեզ մոտ բավական ուժեղ են որոշակի հոսանքներ, որոնք դեմ են ցանկացած երկխոսության:
Իհարկե, միջեկեղեցական երկխոսություն վարելը չի նշանակում, թե մեր միջև որևէ տարբերություն չկա: Դեռևս պետք է հասնել լիակատար միասնության, սակայն դրան կարելի է հասնել հենց երկխոսությամբ:
21-րդ դարում համացանցը մարդկանց միավորել է տեղեկատվության տեսակետից: Իսկ քրիստոնյաները մինչ օրս չեն սիրում միմյանց, դատապարտում են միմյանց: Դա անհեթեթություն է:
– Արդյո՞ք տարբերություն կա Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների խնդիրների, նրանց դիմագրաված մարտահրավերների միջև:
– Մեծ հաշվով խնդիրները միանման են: Հսկայական խնդիր է ամեն ինչ ժխտող ծայրահեղ աշխարհականությունը, բարոյական ռելյատիվիզմը (հարաբերականապաշտությունը), երբ ամեն ոք ցանկանում է ինքնուրույն որոշել, թե որն է բարին և որը՝ չարը: Բնականաբար, ճշմարիտ քրիստոնյան ադպես չի մտածում: Կա օբյեկտիվ բարին և օյեկտիվ չարը:
Մեկ այլ խնդիր էլ քրիստոնեության և քիրստոնյաների հանդեպ վախը, ֆոբիան է: Վերոհիշյալ խնդիրներն ընդհանուր են բոլոր քրիստոնյաների համար:
Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիներն ունեն ևս մեկ ընդհանուր խնդիր՝ հետխորհրդային համախտանիշը: Դեռևս իներցիայով շարունակվում են ինչ-ինչ երևույթներ, որոնք բնորոշ էին խորհրդային ժամանաշրջանին և որոնցից ձերբազատվելն այդքան էլ դյուրին չէ: Օրինակ՝ հաճախ է պատահում, որ մարդիկ պատասխանատվության զգացում չունենան. այդ առումով նրանց մտածելակերպը և վարքն ինֆանտիլ, մանկամիտ բնույթ ունի: Ճանապարհները, մետրոպոլիտենը, տրասպորտային միջոցները, այսինքն՝ այն ամենն ինչ ընդհանուր է, ոչ մեկինը չէ: Անխոս, դա դաստիարակության խնդիր է: Եվ այստեղ է, որ կարևոր է եկեղեցու դերը: Հասարակության համար եկեղեցին ասես կողմնացույց լինի. այն ուղղություն է ցույց տալիս:
– Ձեր կարծիքով քրիստոնյան կարող է փոխվել երկու հազարամյակի ընթացքում:
– Քիրիստոնյան շատ կարևոր մի բան է բերում աշխարհ: Դա Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսն է այն մասին, որ Նա հաղթեց մահին: Սակայն Նա հաղթեց մահին հանուն մեզ բոլորիս: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ աշխարհը դա ընկալում է: Նույնիսկ այսպես կոչված քրիստոնյա երկրները և ազգերը հաճախ վախենում են այդ ճշմարտությունից: Մինչդեռ մենք չենք կարող մեզ քրիստոնյա համարել միայն որովհետև հայ ենք, ռուս, կամ ասենք, իտալացի: Մենք քրիստոնյա ենք, եթե քրիստոնյային վայել կյանք ենք վարում:
– Ո՞րն է Ձեր մաղթանքը www.qahana.am կայքի ընթերցողներին:
– Գիտակցել և լինել Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակներ: Հասկանալ, որ այն ինչ անում է քրիստոնյան, չափազանց կարևոր է, սակայն պահանջում է ջանք, պատասխանատվություն, ամենօրյա հերոսություն, ստեղծագործական աշխատանք, եռանդ: Քրիստոնությունը զարմանալի ստեղծագործական ուժ ունի:
Զրուցեց Էլիզա Մանուկյանը
qahana.am