
Ռիոյի Օլիմպիական խաղերին Ադրբեջանի թիմի 70 տոկոսից ավելին արտասահմանցի մարզիկներ են

Ադրբեջանը բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում: Haqqin.az լրատվական կայքն այդ առնչությամբ հայտնում է, որ չնայած ցուցակը դեռ պետք է լրացվի ձյուդոյիստներով, 4 ծանր ատլետներով, սակայն, նրանում էական փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ մինչեւ Օլիմպիական խաղեր մնացել է երկու ամսից քիչ ավելի ժամանակ:
«Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի 70 տոկոս մարզիկներից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սոլավենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Բելոռուսից:
Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալների նվաճման, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիական խաղերում հնչի Ադրբեջանի հիմնը եւ երեւա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիական խաղերին ներկայանալն արդեն գերավելորդություն է», -դժգոհում է կայքը: