«Ադրբեջանցիներն ուրիշ ոլորտներում էլ են չեմպիոն…». Թևան Պողոսյանը հակադարձում է ադրբեջանցի պատգամավորին

Ռուսաստանի դերի մասին անգամ խոսելն է ավելորդ, քանի որ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում՝ և՛ ժողովրդագրական, և՛ մշակութային, և՛ տնտեսական, և՛ անգամ ռազմական առումներով: Այսօր «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, ըստ որի՝ Ռուսաստանը ոչ միայն ԼՂՀ հակամարտության միջնորդ է, այլև ներգրավված է այս հակամարտության մեջ, թեպետ հաճախ հանդես է գալիս՝ որպես մոդերատոր:

Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հայտարարությանը, թե՝ լավ կլինի վերադառնալ 1994 թվականի իրավիճակին` Ռ. Մուսաբեկովն ասաց. «Ես հասկանում եմ, որովհետև այդ ժամանակ Հայաստանն օգտվեց Ադրբեջանի ժամանակավոր թուլությունից և հասավ ռազմական հաղթանակի, բայց իրավիճակն այս 20 տարիների ընթացքում շատ է փոխվել, այս ընթացքում Հայաստանը կորցրեց մեկուկես միլիոն բնակչություն, որոնք փախան երկրից, Ադրբեջանի բնակչությունն այս ընթացքում երկուսուկես միլիոնով ավելացել է, Ադրբեջանը, պարզ է, որ ավելի է ուժեղացել, ու փորձագետների գնահատմամբ՝ ունի ռազմական առավելություն Հայաստանի նկատմամբ: Մտածել այն մասին, որ կարելի է վերադառնալ 1994 թվական, դա իլյուզիա է»:

Նրա խոսքով՝ երբ հայկական կողմն ասում է, որ առաջին հերթին՝ պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա խոսում է այն մասին, որ «հայերն ուզում են վերցնել Ղարաբաղն Ադրբեջանից և միացնել Հայաստանին». «Երբեք դա չի լինի»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ, խոսելով հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին, նշեց, որ պետք է հասկանալ՝ ի՞նչ հետաքրքրություն ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում. «Իհարկե, ունենալ ազդեցություն. Ինչպե՞ս անի, որ ազդեցություն ունենա՝ կախվածության մեջ պահելով հակամարտող կողմերին: 1993 թվականից սկսած, երբ տարածաշրջանն ինչ-որ կերպ փորձում էր իր բանակցությունները վարել Եվրոպական միության հետ, Ռուսաստանի համար կարևոր էր, թե ինչ անել, որ ամեն դեպքում այնպիսի իրավիճակ ստեղծի, որպեսզի ռեգիոնում այդ գործընթացը խանգարի: Ամենահեշտ ձևն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառել էր: Այն օրվանից հետո, երբ հայտարարվեց զենքի վաճառքի մասին, Հայաստանը ստիպված եղավ հրաժարվել Ասոցացման պայմանագիր ստորագրելուց, և Ադրբեջանն էլ այնտեղ չգնաց»:

Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ 22 տարի Ադրբեջանը զինվում էր, որը նշանակում էր, որ նրանք փորձում էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: «Ապրիլի 6-ին եղավ այնպես, որ Ադրբեջանը զանգեց Ռուսաստանին և խնդրեց, որպեսզի կանգնեցնեն այդ գործողությունները: Այսինքն՝ Ռուսաստանի դերը նրանով նշանավորվեց, որ՝ «ահա՛, կրկին զանգում է ինձ հակամարտող կողմը և խնդրում է, որպեսզի ես միջամտեմ»»,- ասաց պատգամավորը:

Թ. Պողոսյանը նշեց, որ ինքը չգիտի՝ այս ընթացքում Ադրբեջանում ինչ փոփոխություն է եղել, բայց Վիեննայի հանդիպման ժամանակ Ադրբեջանը համաձայնել է նրան, որից 22 տարի հրաժարվել էին:

«Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկացան, որ 1-ին 8 կորուստը, որ իրենք ունեցան, ինչքան էլ իրենց մոտ ժողովրդավարությունը լավ լինի, տնտեսությունը լավ լինի, ամեն դեպքում ԼՂ բանակը տվեց այն դասը, որը ստիպեց՝ այդ տրանսֆորմացիան լինի: 1991 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչեց իր անկախությունը: 25 տարի այն գոյություն ունի, կարծում եմ՝ հենց դա պետք է հիմք հանդիսանա, որ Ադրբեջանը կոնստրուկտիվ, նախ՝ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը և նրա հետ նստի բանակցությունների սեղանին, և, քանի որ նրանք շատ ֆինանսական միջոցներ ունեն, ինչպես իրենք են ասում, և ուրիշ այլ բաներ, համոզված եմ, որ բանակցությունների սեղանին նրանք շատ վստահ կխոսեն ԼՂ Հանրապետության հետ,՝ ինչ մեխանիզմներ ներդնել, որպեսզի խաղաղություն լինի»,- հայտարարեց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով նաև Ռասիմ Մուսաբեկովի այն հայտարարությանը, թե այս տարիների ընթացքում Ադրբեջանը շատ ոլորտներում է առաջ գնացել ու գերազանցում է Հայաստանին, Թ. Պողոսյանն ասաց. «Կարծում եմ՝ ադրբեջանցիներն ուրիշ ոլորտներում էլ են չեմպիոն, չեմպիոն են կոռուպցիայում, մարդու իրավունքների խախտումների ոլորտում, այն հարցում, որ հերոսացնում են մարդկանց, ովքեր կտրում են մարդկանց գլուխները, և այլն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս