«Մարտի 31-ին զանգեց, խոսեց հետս, ասաց` մա՛մ ջան, խառն ենք, կբարձրանամ վերև` կզանգեմ. Էլ զանգ չեղավ…»

Արցախում զոհված սերժանտ Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողն ընտանիքի կրտսեր որդին էր. չորս եղբայր ունի։ Արմանը Ջեբրաիլում էր ծառայում։ Հարազատների խոսքով` Արմանը երբեք ծառայությունից չի դժգոհել, սիրել է զինվորական գործը։

«Ես դեռ հույսեր ունեմ, թե ինքն ինձ պիտի զանգի»
«Արմանս շատ աշխույժ, ժիր, սիրվող երեխա էր։ Ֆիզիկապես ուժեղ էր։ Ուզում էր սովորել Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում։ Հինգ եղբայր են։ Ասում էր` մա՛մ ջան, հենց բանակից եկա, պիտի անպայման սովորեմ։ Սերժանտ էր։ Ասում էր` երբ գամ, սովորելս արդեն հեշտ կլինի»,- որդու մասին խոսելով` ասում է նրա մայրը` տիկին Լիլիֆարը։ Դպրոցն ավարտելուց հետո` 2014թ. հունվարի 16-ին, Արմանը զորակոչվեց բանակ։ «Ինձ հետ շատ էր կապված։

Arman Andreasyan (9)

Միշտ զանգում էր։ Երբ զանգում էր, ասում էր` մա՛մ ջան, ինձ ոչինչ պետք չէ, երբ պետք լինի, կասեմ` կուղարկես։ Մարտի 31-ին զանգեց, հետս խոսեց։ Արդեն պատրաստվում էին, որ ապրիլի 1-ին դիրքեր բարձրանան։ Ասաց` մա՛մ ջան, խառն ենք, կբարձրանամ վերև, կզանգեմ։ Մարտի 31-ին եմ վերջին անգամ խոսել երեխուս հետ։ Ասաց` կբարձրանամ վերև, քեզ անպայման կզանգեմ։ Էլ զանգ չեղավ»,- ասում է Արմանի մայրը։ Նրա խոսքով` 11 օր լուր չունեին որդուց. «Իմացա, որ պատերազմ է։ Ասում էին` վիրավոր է, տեղափոխել են, դիրքերից իջեցրել են։ Հույսեր ունեի։ Երկու անգամ գնացել եմ Երևան, բոլոր հիվանդանոցներում ման եմ եկել երեխուս։ Մի երեխա կար, ծանր վիճակով պառկած էր։

Arman Andreasyan (5) Arman Andreasyan (10)

Arman Andreasyan (8)

Հեռուստացույցով նայել էի, ասացի` ինչ կլինի, թողեք` ես մտնեմ, այդ երեխուն տեսնեմ ու դուրս գամ։ Տղաներից մեկն ասաց` մայրի՛կ ջան, Ձեր տղան չէ, ազգանունն ուրիշ է։

Ման եկանք երեխուս, վերջում մահացած տեսանք, բայց ես իմ երեխուն չեմ տեսել։ Ես դեռ հույսեր ունեմ, թե ինքն ինձ պիտի զանգի։ Երբ զանգ է գալիս, անջատում են, որ ես պիտի ետ զանգեմ, գիտեմ, թե Արմանս է։ 19 տարվա ընթացքում որևէ մեկին, լավությունից բացի, ուրիշ բան չի արել։ Միշտ լավն է եղել։ Ձգտում էր։ Ասում էի` սերժանտ մի՛ եղիր, պատասխանատու բան է, զինվոր են, չեն ենթարկվի, ասում էր` մա՛մ ջան, այդպիսի բան չկա, որ ես զոռով ասեմ` արե՛ք, մեկի նման ինձ լսում են։ Ասում էր` շատ լավ տղաներ են, կարծես եղբայրներ լինենք»։

Տիկին Լիլիֆարի խոսքով` Արմանը մի անգամ արձակուրդ էր եկել, շատ լավ տրամադրություն է ունեցել։ Ասում է` Արմանը երբեք ծառայությունից չի բողոքել։ «Չի բողոքել ո՛չ իր հացից, ո՛չ ջրից, ո՛չ հագուստից։ Մի օր չասաց` այ մե՛ր, ինձ մի զույգ գուլպա ուղարկի՛ր։ Ես գուլպաներ էի գնել, որ ուղարկեմ, բայց այդպես տոպրակով էլ դրած է։ Ինչ ուղարկել եմ, զոռով եմ ուղարկել։ Ստացել է, ասել է` մա՛մ ջան, ինչո՞ւ ես ուղարկել»։

Արմանը պիտի գար, սակայն չէր ստացվում. «Մյուս տղաս ասում էր` մամ ջան, եկեք գնանք, տեսնենք, որ գնանք Ռուսաստան։ Ասում էի` համբերե՛ք, ինքը կգա։ Կգա, տեսեք, նոր գնացեք, բայց երեխաս ասավ` մա՛մ ջան, էլ չենք գա»։ Արմանի եղբայրներից երկուսն ամուսնացած են, երեխաներ ունեն, Արմանը շատ էր կապված թե՛ եղբայրների, թե՛ նրանց երեխաների հետ. «Հենց եղբայրներից մեկը նեղության մեջ էր, վազում էր օգնության։ Փոքր երեխաներին շատ էր սիրում»։

Arman Andreasyan (7)

Arman Andreasyan (1) Arman Andreasyan (11)

Մոր խոսքով` Արմանը սիրում էր նաև սպորտով զբաղվել. «Շատ էր սիրում։ Եղբոր երեխաներին ձեռքերով բռնում, վերուվար էր անում։ Ասում էի` ա՛յ տղա, փորձանք կբերես»։

Արմանը սիրած աղջիկ ուներ. «Իրենից ամսով մեծ էր։ Ասում էի` ա՛յ տղա, քեզանից մեծ է։ Ասում էր` այ մե՛ր, սերը տարիք չի հարցնում»։ Տիկին Լիլիֆարի խոսքով` դեռ փոքր հասակից Արմանն աշխատել է իր հետ.

Arman Andreasyan (13)

«Շատ աշխույժ էր։ Ուզում էր բոլորին հասնել։ Մորաքույրները երբ կարիք ունենային, կվազեր։ Ասում էր` մա՛մ, բա չգնա՞մ` օգնեմ։ Գնում էր, օգնում։ Փոքր ժամանակից էլ հետս տանջվում էր, մինչև վերջ էլ տանջվեց»։
Արմանը ծառայությունից շատ բան չի պատմել, իսկ որդու մահվան հանգամանքների մասին էլ տեղյակ չէ. «Ինքն ինձ հույսով էր անում` մա՛մ ջան, 10 ամիս, բան չմնաց»։ Արմանի եղբայրների երեխաներն էլ հիշում ու կարոտում են հորեղբորը. «Թոռնիկս ասում է` տա՛տ, հիշո՞ւմ ես` Արմանն ինչպես էր մեզ շալակում, տանում։ Հատուկ երեխա էր, հատուկ էլ գնաց։ Իմ երեխան ողջ-առողջ գար, ինձ հասներ։ Էլ բան չեմ ուզում»։ Արմանի եղբոր դուստրն արցունքներն աչքերին է խոսում հորեղբոր մասին։ «Ինքը լավ մարդ էր»,- ասում է նա ու էլ չի կարողանում խոսել։

Arman Andreasyan (12)

«Ասում էր` դուք Արմանին չգիտե՞ք, ծառայություն է, էլի, ինչո՞ւ եք վախենում, տղան ծառայության համար է»

«Արմանը շատ աշխատասեր էր, զգոն։ Գյուղի գործը շատ ծանր է։ Բերքահավաքի ժամանակ գնում էին, աշխատում։ Երեխաների համար ամեն ինչ գնում էր` պաղպաղակ, կոնֆետ… Ասում էր` հոպարն աշխատել է, իրենց համար բան չբերի՞։ Ասում էինք` ազի՛զ ջան, դժվար ես աշխատել, ասում էր` բա ես ո՞ւմ համար եմ աշխատում, որ իմ եղբայրները, իմ եղբայրների երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։ Եթե մի ձող տեսներ, պիտի ամրացներ, որ պարապեր։

Arman Andreasyan (14) Arman Andreasyan (15) Arman Andreasyan (3) Arman Andreasyan (2)

Սպորտի հետ սեր ուներ։ Երբ եղբայրները բանակից արձակուրդ էին գալիս, շորերը հանում էր հագներից։ Շատ էր սիրում։ Այդ համազգեստը հագին մնացգ Հանում էր, հագնում, հայելու մեջ նայում, ասում էր` նայեք` սազո՞ւմ է, լավ զինվոր կլինե՞մ։

Իրոք, լավ զինվոր եղավ։ Հերոս զինվոր եղավ։ Երբ խոսակցություն էր լինում, ասում էր` ես այդ զինվորական գործը շատ եմ սիրում. կա՛մ թիկնապահ պիտի դառնամ, կա՛մ զինվորական գծով շարունակեմ։

Երբ ընտրել էր սերժանտ լինել, մենք ասում էինք` ազի՛զ ջան, ի՞նչ գործ ունես, գնացել ես, հանգի՛ստ ծառայիր, վերադարձի՛ր, ասում էր` չէ՛, ես պիտի ինքնուրույն հասնեմ։ Հասավ մարդը։ Միգուցե իր հասնելն էլ այդ ճանապարհով էր»,- Արմանի մասին խոսելով` ասում է նրա հորեղբոր կինը` տիկին Ֆաթիման։ «Երբ զանգում էր, ասում էի` ջանիդ մեռնեմ, զգո՛ւյշ կլինես։ Ասում էր` դու Արմանին չգիտե՞ս։ Ասում էի` գիտեմ, բայց բանակ է։ Դուխով էր։ Դիրքերից էլ որ զանգում էր, ասում էր` դուք Արմանին չգիտե՞ք, ծառայություն է, էլի, ինչո՞ւ եք վախենում, տղան ծառայության համար է»։

Արմանի եղբոր որդին` Դավիթը, հորեղբոր մասին պատմելով` ասում է. «Իմ հոպարս փոքր ժամանակվանից շալակում էր ինձ, տանում, ինձ ձեռքերով օդ էր հանում, իջեցնում ցած»։ Դավիթն ասում է` կարոտում է Արմանին. «Հնարավորություն լիներ, ետ կբերեի»։

Arman Andreasyan (6)

Նշենք, որ Արման Անդրեասյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

 

Տեսանյութեր

Լրահոս