Էկոնոմիկայի նախարարությունը կհրապարակի 10 ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Սահմանադրական նոր կարգավորումներին համապատասխան պետք է իրականացվի ամբողջական վերանայում քաղաքականությունների բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով մենաշնորհների հետ կապված վարչապետի հանձնարարականի մասին:
«Ես այսօր ներկայացրի նախորդ շաբաթ տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ՀՀ ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով հուշաթերթի պատրաստում, որտեղ պետք է պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն լիներ: Եթե այդ փաստաթղթերից դուրս վարչական մարմինը պահանջեր, դա կհամարվեր հակաօրինական:
Հայաստանի արտաքին առևտրի ռեժիմն, ըստ էության, երեք հիմնական համակարգ ունի: Առաջինը երրորդ երկրներն են, որոնք Հայաստանի հետ չունեն որևէ առևտրային առանձին համաձայնագիր: Երկրորդն այն երրորդ երկրներն են, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը: Եվ երրորդը ԵԱՏՄ երկրներն են, որտեղից տեղափոխվում են ապրանքներ Հայաստան:
Այս երեք առևտրային ռեժիմներից յուրաքանչյուրը պահանջվող փաստաթղթերի ծավալի, կիրառվող մաքսատուրքերի, ինչպես նաև լրացուցիչ անուղղակի հարկերի մասով առանձնահատկություն ունի»,- ասաց Ա. Մինասյանը: Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրն այս առումով այն էր, որ ապագայում ծրագրում են ամբողջությամբ անցնել էլեկտրոնային համակարգի: Մասնավորապես՝ 11. 553 ապրանքատեսակների մասով ունենալ էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի՝ ներմուծող, տնտեսվարող սուբյեկտ, եթե ուզում է որևէ երկրից որևէ ապրանք ներմուծել, կարողանա շատ հստակ և հանգիստ մտնել համակարգ՝ ընդամենը հավաքելով ապրանքի անվանումը կամ տասանիշ կոդը և ստանալ ամբողջական տեղեկատվությունը՝ ինչ փաստաղթղթեր են անհրաժեշտ, դրանք որ իրավական ակտերի հիման վրա են պահանջվում, ինչ տուրքեր, ինչ հարկային դրույքաչափեր են գործում:
«Այս փուլում քանի որ հանձնարականն արագ պետք է կատարվեր, մենք առանձնացրինք այն 10 հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության, լրագրողների շրջանում ամենապահանջվածն են և որոնք, ըստ էության, նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից՝ կարագը, շաքարավազը, դիզվառելիքը, բենզինը, ալյուրը, թռչնի, ներառյալ հավի միսը, բանանը, ցիտրուսային բույսերը՝ նարինջ և այլն:
Կազմել ենք այդ հուշաթերթերը, ուղարկել ենք Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայություն՝ իրենց համաձայնեցումն էլ ստանալու համար: Եթե ստանանք այսօր կամ վաղը, մինչև շաբաթվա վերջ կտեղադրենք Էկոնոմիկայի նախարարության կայքէջում: Կա նաև թեժ գիծ. նման ապրանքների մասով այդ փաստաթղթերց դուրս եթե որևէ մարմին, ներառյալ Մաքսային կոմիտեն կամ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը լրացուցիչ փաստաթուղթ պահանջի, հիմք է, որ առարկություն ներկայացվի, իսկ արդեն հաջորդ շաբաթ, երբ կներկայացվի մայիսի 12-ի վարչապետի տված հանձնարակականի կատարման վիճակը, դուք այնտեղ կտեսնեք նաև երկարաժամկետ լուծումները՝ կարճաժամկետ լուծումներով հանդերձ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Խոսելով կարճաժամկետ լուծումների մասին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին կարևոր խնդիրը համարում են տեղեկատվության հասանելիության խնդիրը: «Ի հավելումն պետական լիազորություններով օժտված մարմնի՝ անհրաժեշտ է նաև ձևավորել հանրային մարմին, որպեսզի այդ տեղեկատվությունների վերլուծության և դրանց համապատասխան հանրային ընկալումների համահունչ նաև առաջարկներ ներկայացնի այս կամ այն ոլորտում կոնկրետ հակամենաշնորհային գործիքակազմ օգտագործելու կամ կիրառելու ուղղությամբ: Այս երկու կարճաժամկետի մասին հիմա ասում եմ՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ լուծումները լինելու են շատ ավելի հիմնավոր, ամբողջական՝ սկսած կարգավորման քաղաքականության վերանայումից, ավարտված կոնկրետ վարչարակական մեխանիզմների կիրառմամբ»:
Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է ծրագիրը կյանքի կոչվի, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Որովհետև ես էլ եմ իշխանություն»: