Ֆինանսական հնարավորություններ չունեցող դիմորդը չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից . Լևոն Մկրտչյան
Կրթական համակարգի բացթողումների, սպասվող փոփոխությունների և ընդհանարապես ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցեր քննարկվեցին մայիսի 23-ին Գյումրիում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում: Հանդիպումը, որին ներկա էին մարզի դպրոցների տնօրեններ, բուհերի ղեկավարներ, Լևոն Մկրտչյանը ներկայացրեց այն փոփոխությունների օրինագծերը որոնք ներկայացվել է կառավարությանը:
«Կրթական համակարգը տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվում ՝ համապատասխանեցվելով տվյալ կրթական տարածքին: ԽՍՀՄ-ի ժամանակ այլ կրթական համակարգ էր, 1989 թվականին, երբ սկսվեցին կրթական բարեփոխումները, սկսեցինք այն համապատասխանեցնել այլ կրթական չափանիշների:
Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, միջին մասնագիտական փուլերին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի է ունենում որոշակի որակական անկում և շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր ձևաչափը որակական առումով փոփոխենք և դա պետք է սկսենք հանրակրթությունից: Մենք արդեն մշակել և կառավարությանն ենք ներկայացրել կրթության զարգացման 10-ամյա ծրագիրը, որն ավելի գործնական է: Մենք փորձել ենք սրանով տալ կրթական տեսլականը»,-նշեց Լևոն Մկրտչյանը:
Որոշակի ձևաչափային փոփոխություն սպասվում է նաև ավագ դպրոցներին: Խոսքը վերաբերում է 12-րդ դասարանի «բեռնաթափմանը»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու համար:
«Ավագ դպրոցի խնդիրն այն է, որ կարողանա ապահովվել այն անհրաժեշտով, ինչը պետք է երեխային, այլապես հիմա 12-րդ դասարանը ոչինչ «ավել» չի տալիս: Դրա համար ծնողը եթե մինչև 9-րդ դասարան ստիպում է, որ երեխան գնա 9-րդ դասարան, ապա 10,11 և 12-րդ դասարանում «խրախուսում է» բացակայությունը, սկսում է դպրոցից դուրս կրկնուսույցներ որոնել: Ավագ դպրոցի ամբողջ խնդիրը պետք է լինի այն, որ ապահովվի նրանով, ինչ պետք է, որպեսզի ծնողն էլ գիտակցի ու կարևորի ավագ դպրոցի նշանակությունը, այլ չմտածի որ ժամանկ է վատնում: Դրա համար պետք է հոսքային ուսումն իսկապես ամրագրենք և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն դպրոցից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև այս դեպքում բարձրագույն դպրոցի համակարգի 4 տարիները որոշ տեղերում դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի: Մենք պետք է նաև կարողանաք վերականգնել ազգային կրթակարգը և որոշ առարկաների դասաժամեր ներմուծել դպրոց հենց ազգային կրթակագը հաշվի առնելով. սա վերաբերում է հիմնականում բնագիտական առարկաներին»,-նշեց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ որոշակի փոփոխություն կլինի նաև բուհական մագիստրոսական կրթակարգի չափորոշիչների, սոցիալապես անապահով երեխաներին կրթության հնարավորության մեծացման ուղղությամբ:
«Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել պետության կողմից անվճար համակարգի սիստեմը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել միասնական քննությունները անվճար ու վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշեց նախարարը:
Ընդհանուր առմամբ կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ նախարարը նշեց, որ նախորդ տարիներին նմանատիպ հանդիպումների ընթացքում շատ օգտակար առաջարկություններ են եղել:
Այս անգամ ևս մարզի դպրոցների տնօրենների առաջարկները՝ դպրոցների տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժամերի ավելացման, միջազգային օլիմպիադաներին մասնակից աշակերտների խրախուսման և դպրոցների ջեռուցման հետ կապված, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոստացավ ուշադրության դարձնել:
Արմենուհի Մխոյան