Շահերի բախում կամ՝ ինչպես չբացահայտել բացահայտը
Հասարակությունը դեռ շարունակում է քննարկել մեկ շաբաթ առաջ՝ նախորդ հինգշաբթի օրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը։ Եթե հակիրճ ձևակերպենք, ապա վարչապետը պատերազմ հայտարարեց պետական միջոցների անարդյունավետ ծախսումներին, մենաշնորհներին, կոռուպցիային և տնտեսության աճին խոչընդոտող մյուս երևույթներին։ Հատկապես կոռուպցիայի մասով նա երկու ուղղություն նշեց. առաջինը՝ կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների չափելի դարձնելը, և երկրորդ՝ շահերի բախման երևույթը։ «Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
Շահերի բախում, շահերի բացահայտում… Այս ամենը, ինչ խոսք, շատ գեղեցիկ է հնչում։
Բայց չէ՞ որ այդ շահերը դեռ վաղուց պետք է բացահայտված լինեին։
Զարմանալի զուգադիպություն. ուղիղ 7 տարի առաջ՝ 2009 թվականի մայիսի 14-ին, կառավարության նիստում շահերի բախման մասին խոսում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խոսում էր նույնպիսի վճռականությամբ ու լավատեսությամբ։
«Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում՝ այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետև ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները, չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմն այսուհետև ՀՀ-ում լիակատար իրացվում է։
Այս օրենքն ունի նաև հակակոռուպցիոն բովանդակություն, և մենք ունենք նաև այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը և կատարում ենք այս նախագիծը հաստատելով»,- ասում էր նա։
Խոսքը, հիշեցնենք, վերաբերում էր «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։
Անցավ տևական ժամանակ. ո՛չ կոռուպցիան նվազեց, ո՛չ էլ շահերը բացահայտվեցին։
2011 թվականին ընդունվեց ՀՀ օրենքը հանրային ծառայողի մասին։ Այդ օրենքի հիման վրա 2012 թվականի հունվարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Դա ներկայացվեց՝ որպես լուրջ, համակարգային փոփոխություն՝ կոռուպցիան կանխարգելելու և պաշտոնատար անձանց ախորժակները զսպելու տեսանկյունից։
«Հանձնաժողովի գործունեության արդյունքները, ըստ էության, պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- ասել էր Սերժ Սարգսյանը հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հանձնաժողովն արդեն 4 տարուց ավելի գործում է։ Ինչո՞վ է զբաղվում։ Այդ կառույցի պաշտոնական կայքում կարդում ենք. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը»։
Որևէ մեկը հիշո՞ւմ է մի դեպք, երբ Էթիկայի հանձնաժողովը՝ հայտարարագրերում առկա տվյալները վերլուծելով, շահերի բախման դեպք կամ այլ խախտումներ արձանագրի։
Այնպիսի տպավորություն է, որ վերլուծության գործառույթը տրված է մամուլին, իսկ պատկան մարմնի գործը կոնկրետ պաշտոնյային արդարացնելը կամ գործը մոռացության մատնելն է։
Օրինակ՝ ԶԼՄ-ն ուսումնասիրում է հայտարարագրերն ու դրա՝ առանց այն էլ ժլատ բովանդակությունից, այդուհանդերձ, որոշակի եզրակացություններ է անում։ Օրինակ՝ ուսումնասիրում է պաշտոնյայի՝ միլիոնների հասնող դրամական միջոցներն ու եկամուտները, հետո դա համեմատում նրա պաշտոնական կենսագրության հետ։ Ու հարց է առաջ քաշում՝ ամբողջ կյանքում բիզնեսի հետ առնչություն չունեցած, միայն պետական համակարգում աշխատած մարդն ինչպե՞ս է մի քանի միլիոն դոլարի ունեցվածք կուտակել։ Ի՞նչ պատասխան է հնչում, կամ ի՞նչ քայլեր են արվում դրանից հետո՝ ոչ մի։
Լավ, ենթադրենք՝ պատկան մարմինը գումարների ծագման աղբյուրը պարտավոր չի ստուգել։
Բայց գոնե ենթադրվում է, որ տարվա ընթացքում գույքի ու եկամուտների լուրջ փոփոխությունները կամ անհամապատասխանությունները պետք է ուսումնասիրվեն։ Սակայն դա էլ չի կատարվում, և անհասկանալի է դառնում՝ ի՞նչ նկատի ունեն վերը նշված տեքստի հեղինակները՝ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծություն» ասելով։ Ի՞նչն են վերլուծում և ի՞նչ են անում այդ վերլուծությունների հետ, երբ պաշտոնատար անձինք ակնհայտ արհամարհական վերաբերմունք ունեն այդ հայտարարագրերի նկատմամբ։
Պաշտոնատար անձն այնքան թքած ունի հայտարարագրի վրա, որ ոչ միայն copy-paste է անում տարեկան հայտարարագրերի տվյալները, այլ անգամ պարզ մանրուքները չի պահպանում։
Օրինակ՝ 2014-ի սկզբին հայտարարագրում է 1000 դրամ, տարվա վերջին՝ 1500 դրամ։ 2015 թվականին պատճենում է նույն թվերը՝ տարվա սկզբին՝ 1000 դրամ, վերջին՝ 1500 դրամ։ Ոչ ոք նրան չի հարցնում՝ եղբայր, ախր 2014-ի վերջն ու 2015-ի սկիզբը նույնն են, ու գումարի չափը պետք է նույնը լինի։ Կամ՝ պաշտոնատար անձը տարվա սկզբին հայտարարագրում է զրոյական դրամական միջոցներ, տարվա վերջին՝ նույնպես զրոյական։ Տարվա ընթացքում հայտարարագրում է միայն աշխատավարձ (մի քանի մլն դրամ՝ տարվա կտրվածքով)։
Այսինքն՝ ըստ հայտարարագրի, գործ ունենք համեստ ունեցվածքի տեր, աշխատավարձով ապրող մարդու հետ։ Ու այդ համեստ ունեցվածքի տեր մարդը նույն հայտարարագրում նշում է, որ ձեռք է բերել շքեղ ավտոմեքենա՝ մի քանի տասնյակ հազար դոլար արժեքով։ Ոչ ոք չի հարցնում՝ ինչպե՞ս։ Նվե՞ր են տվել, ուրեմն դա նույնպես պետք է երևար փաստաթղթում, քանի որ նվերը նույնպես պետք է հայտարարագրել։ Կամ՝ պատգամավորներից մեկին նվիրել են թանկարժեք Mercedes։ Ո՞վ, ինչի՞ համար՝ սա նույնպես աննկատ է անցնում։
Կամ՝ պաշտոնատար անձը հայտարարում է, որ մի քանի տարի առաջ մի քանի հարյուր հազար դոլար է փոխանցել Արցախին։ Բացում ես նրա այդ տարվա հայտարարագիրը՝ դրամական միջոցները տարվա սկզբում և վերջում նույնն են և 100 հազարից պակաս են։
Իսկ տարվա եկամուտը՝ շուրջ 45 մլն դրամ։ Ստացվում է՝ կա՛մ անձը ստում է և նման գումար չի փոխանցել։ Կա՛մ ճիշտ է ասում, սակայն դա հայտարարագրում չի լրացրել։ Այս հարցը ոչ ոք նրան չի տալիս։ Որովհետև եթե տան, կասի՝ ես չեմ փոխանցել, խնդրել եմ մեր հարևան մեծահարուստ Թևոսին։
Այս բոլորը ոչ թե օդից վերցրած եզրակացություններ են, այլ կոնկրետ օրինակներ (թեպետ անունները չնշեցինք)։ Ու նման օրինակները բազմաթիվ են։ Իսկ դա նշանակում է, որ հայտարարագիրը ու դրա հրապարակումը որևէ արձագանք ու հետևանք չի առաջացնում։ Լրացնում են՝ լրացնելու համար, ինչպես շատ վարորդներ հենց այնպես իրենց վրա են գցում տակի մասից կտրված անվտանգության գոտին, որ չտուգանվեն։
Սա պարզապես պատճառներից մեկն է, թե ինչու «շահերը չեն բացահայտվում»։ Իսկ գլխավոր պատճառն այն է, որ այդ մասին խոսողների ամենամեծ տաղանդը բացահայտ երևույթները չբացահայտելն է։