Հայաստանի ներդրումային միջավայրի ցուցանիշները

Տնտեսական ամբողջ շաբաթն անցավ մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծախսերի կրճատման մասին խոսք ու զրույցով: Պատճառն այդ նույն թեմաներով վարչապետի հանրահայտ ելույթն էր: Հասարակական կյանքը մի կարճ պահ շեղվեց՝ դեպի ՀՀ նախագահի այցը Վիեննա:

Բայց բառացիորեն հաջորդ օրը հասարակական ուշադրության կենտրոնում կրկին տնտեսական հարցեր էին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նույնիսկ իշխանությունները հրապարակավ ընդունեցին, որ մեր տնտեսությունն արդյունավետ չի կառավարվում: Կառավարությունը խոստացավ, որ «մայիսի 14-ից սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ»:

Նույնիսկ հրապարակվեց հարցերի հաջորդականությունը, որով պիտի զբաղվեն: Առաջինը խնայողությունն է: Մամուլն այս թեման միշտ էլ քննարկել է: Վերջին տարին, օրինակ, ամենամոդայիկը ծառայողական ավտոմեքենաների քանակն էր: Այս ցուցանիշով, ըստ մեր մամուլի՝ Հայաստանը համադրելի չէ եվրոպական փոքր ու միջին պետությունների հետ: Հայաստանը բյուջետային սպասարկում ունեցող ծառայողական ավտոմեքենաների քանակով գերազանցում է եվրոպական փոքր ու միջին պետություններին՝ թե հատ-հատ, թե միասին վերցրած:

Ցավոք, միայն քառօրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին համադրել ծառայողական ավտոմեքենաների քանակն ու արժեքը բանակային զրահամեքենաների քանակի ու արժեքի հետ:

Երկրորդ նպատակը, որ իր առջև ձևակերպել է կառավարությունը, «Պետական կառավարման ապարատն ավելի կոմպակտ դարձնելն է»: Այս հարցում ոգևորվելու հիմք քիչ կա: Նախորդ կառավարությունների փորձը ցույց է տվել, որ, երբ կառավարությունը խոստանում է կրճատել պետական ապարատը, այն, հակառակը՝ մեծանում է: Հետո՝ առաջին և երկրորդ խոստումների համար վարչապետը ժամկետ նշել է մինչև 2017թ. բյուջեի քննարկումը:

Հետևաբար՝ սա հրատապ թեմա պետք է որ չհամարվեր: Բայց հայտարարվեց, որ հենց առաջիկա նիստում կառավարությունը քննարկելու է պետական ծախսերի կրճատման ծրագիրը:

Սա ակնհայտ աշխատանքային գրաֆիկի գերակատարում է, որը սրում է հետաքրքրությունն այն հարցի շուրջ, թե որ ոլորտներում ու որքան են խնայվելու պետական միջոցները: Հավանաբար հարցի նկատմամբ հասարակական հետաքրքրությունն ավելի սրելու նպատակով՝ Էներգետիկայի նախարարն արդեն հայտարարել է, որ իր ղեկավարած ոլորտում էլ են խնայողություններ լինելու: Կառավարությունը խոստացել էր նաև, որ «առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծելու է Հայաստանում առկա մենաշնորհները»:

Հանձնարարված է վերլուծել «և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»: Ասել է թե՝ մինչև մայիսի 31-ը կառավարությունը խիստ զբաղված է լինելու: Էկոնոմիկայի նախարարը, օրինակ, երեկ հայտարարել է, որ «Լրագրողներից ու քաղաքացիներից արդեն տեղեկություններ է ստացել տնտեսական դաշտում առկա մենաշնորհների վերաբերյալ»: Ավելին, նախարարը լրագրողներին առաջարկում է համագործակցել մենաշնորհների դեմ պայքարի գործում: Սա ինքնին նորամուծություն չես համարի:

Տարիներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հենց նույն ոլորտում համագործակցության առաջարկ արեց լրագրողներին: (Եթե չեմ սխալվում՝ նախկին վարչապետն ավելի կոնկրետ էր ձևակերպել համագործակցության առաջարկը՝ պայքար օլիգարխների դեմ):

Բայց այս պարագային Էկոնոմիկայի նախարարը նախահարձակ է. «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին՝ ասելով, եթե ուզում եք համատեղ աշխատել՝ աշխատեք, ուզում եք համագործակցել՝ համագործակցեք, բայց մի՛ խանգարեք»: Որպես տնտեսական լրատվությանը հետևող՝ կարող եմ ասել, որ լրագրողները մեր նախարարին կարծես դեռ հիմք չեն տվել ենթադրելու, թե խանգարելու են մենաշնորհների դեմ պայքարի ազգանպաստ ու հույժ կառավարական գործում: Բայց դա էական չէ: Ավելի կարևոր է այն, որ Կառավարությունը հրապարակավ խոսում է տնտեսական կյանքի արատների մասին ու խոստանում պայքարել կոռուպցիայի դեմ:

ԱՄՆ-Հայաստան բիզնես կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ դեսպանը լրագրողներին ասել է, որ ամերիկյան ձեռներեցները պետք է հաշվի առնեն Հայաստանում կոռուպցիայի խնդիրները: Մարդը դիվանագիտորեն հիշեցրել է, որ այդ թեմայի մասին բաց տեքստով խոսել է ՀՀ վարչապետը, հետևաբար, որպես պետական պաշտոնյա՝ ինքն այդ մասին տեղեկացրել է նաև իր երկրի գործարարներին:

Ըստ դեսպանի՝ Հայաստան են ժամանել ամերիկյան այն ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետխորհրդային տարածքներում գործունեության փորձ ունեն: Ճշտվում է, որ խոսքը վերաբերում է սպառողական ապրանքների, ինժեներության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ընկերություններին: Այս կոնֆերանսը նպատակ ունի ամերիկյան գործարարներին ներկայացնել Հայաստանի ներդրումային պոտենցիալը: Անկեղծ է: Հիմա արդեն կոռուպցիայի մակարդակի մասին զրույցներն անքակտելիորեն ու բացահայտ դառնում են Հայաստանի ներդրումային պոտենցիալի մաս: Հետաքրքիր կլինի դիտարկել այս նորամուծության տնտեսական հետևանքները:

Տեսանյութեր

Լրահոս