«Ո՞ր մի իշխանությունը չի ուզում լավ բաներ անել իր ժողովրդի համար». Միքայել Մելքումյան
«Փետրվարի 16-ին տասը կետանոց փաստաթուղթ եմ հղել վարչապետին, որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, հիմա չեմ ուզում թվարկել բոլոր կետերը, բայց այն, ինչ որ երեկ վարչապետը հայտարարեց կառավարության նիստի սկզբում, մեծ մասը համապատասխանում էր մեր հղած փաստաթղթի դրույթներին»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով այդ կետերից մի քանիսը.
«Նախ և առաջ՝ մենաշնորհների դեմ պայքար, այն, ինչ մենք ասել ենք, որ չափելի պետք է լինի: Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս՝ պետք է ասենք հասցեն, վնասի չափը բյուջեին, մրցակցային հարաբերությունների որակին: Պետք է ունենանք ասվածի իրականացման ժամանակացույցն օրերով, օրինակ՝ հուլիսի այսինչ օրն այս 3 մենաշնորհի հարցը լուծվում է: Խոսքը բնական մենաշնորհների մասին չէ՝ գազ, էլեկտրաէներգիա, հանրային ծառայություններ, որոնք օրենքով կարգավորվում են, այլ բան է, թե ինչ վարչարարություն է արվում, խոսքը հասարակ մենաշնորհների մասին է՝ բոլորիս հայտնի, որտեղ օրենքով որևէ արգելք ամրագրված չէ, որ շուկա մտնեն կամ շուկայից դուրս գան, բայց չգիտես՝ ինչու, տասնյակ տարիներով մեկ-երկու սուբյեկտ է գործում»:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է պարզ լեզվով ժողովրդի հետ խոսի, ասի, թե ինչ արգելք կամ ճնշում կա, որ տասնյակ տարիներ շարունակ այս շուկաներում մի քանի սուբյեկտ գոնե չի մտնում. «Պարզ ասենք, որ այդ օրենքով չամրագրված ճնշումները կան, ու հիմա մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում՝ հանում ենք, և ազատ եք մտնել և գործել: Բայց ոչ միայն ասել, այլև նախաձեռնել, որ այդ սուբյեկտները մտնեն և գործեն, և ասենք, երկու ամիս կամ տասն օր հետո այսինչ շուկաներում լինում են այսքան սուբյեկտներ: Ժողովուրդը կհասկանա, որ նորմալ է»:
Անդրադառնալով ստվերի խնդրին, նա նշեց, որ 1.5 տարի առաջ դրոշմապիտակների օրենքի կիրառումով միլիարդավոր դրամներով ավելացան ձեռնարկությունների շրջանառությունները, բայց ըստ նրա՝ ոչ ոք չզարմացավ. «Զարթնեցինք ու տեսանք, որ տասնյակներով ձեռնարկությունների շրջանառություններն աճել են, և իմ հաշվարկով՝ տարեկան շուրջ 300 մլն դոլար բյուջե չի գնացել: 5 տարվա ընթացքում 1.5 միլիարդ դոլար: Հասցեները կան չէ՞, ի՞նչն է խնդիրը, որ հիմա այդ հասցեները ֆիքսեն, կամ ո՞վ էր պատասխանատու, որ այդ հասցեներում ժամանակին շրջանառությունները չեն ամրագրվել: Մեկ բան է ասելը, մեկ այլ բան՝ անելը: Ո՞ր մի իշխանությունը չի ուզում լավ բաներ անել իր ժողովրդի համար, բայց կա՞ն պայմաններ անելու համար, ես չգիտեմ: Այնպես որ, այն, ինչ որ վարչապետն ասաց, մեր հղած պահանջներն են: Կկատարվե՞ն դրանք, կտեսնենք առաջիկա մեկ-երկու ամսում»: