«Մեր հաշվարկներով՝ կարող ենք գազի համար 156-ի փոխարեն վճարել 100 դրամ». Վահագն Խաչատրյան
«Հին սովետական տրամաբանությամբ է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը: Նույնը գազին է վերաբերում: Այսինքն՝ ինչքան կարողացան էլեկտրաէներգիա արտադրող և գազ ներմուծող ընկերությունները ծախս ցույց տալ, այնքան սակագինը կբարձրանա: Շուկայական հարաբերությունները որևէ ձևով չեն ազդում սակագնի վրա»,- այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց հայտնեց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։
Նա հավելեց, որ առաջարկությունները, որոնք ներկայացվել են ՀԾԿՀ-ին և որոնց համաձայն էլեկտրաէներգիայի սակագինը պետք է մի քանի դրամով նվազի, ոչ մի հիմնավորում չեն կարող ներկայացնել, որ, օրինակ, կոնկրետ ինքը՝ տնտեսագետը բավարարված լինի ու ասի՝ գիտե՛ք, իսկապես 5 դրամով պետք է բավարարվենք ու նույնիսկ շնորհակալություն հայտնենք:
Տնտեսագետը նշեց, որ իրենց հաշվարկներով՝ կարող ենք գազի համար 156-ի փոխարեն վճարել 100 դրամ. «Դրանից ելնելով մենք դեռևս չենք կատարել էլեկտրաէներգիայի հաշվարկը, որից պարզ կլինի, թե ինչքան կկազմի էլէներգիայի սակագինը: Բայց եթե նույն տրամաբանությունից ելնելով դիտարկենք, որ այնտեղ մոտ 30 տոկոսով է նվազում, ապա կարող ենք ասել, որ էլեկտրաէներգիայի ներկայիս՝ 48.78-ի փոխարեն, կոպիտ հաշվարկով, կարող ենք վճարել մոտ 20 տոկոսով պակաս: Այսինքն` մոտ 10 դրամով կարելի է իջեցնել սակագինը»:
Վ. Խաչատրյանն ասաց, որ առհասարակ էներգետիկ համակարգն այնպես չի անում, որ նաև իր զարգացումն ապահովի: «Օրինակ` գազի սակագնի բարձրացումն, ի վերջո, բերում է նրան, որ գազի սպառումը նվազում է: Ինչո՞ւ նույն գազ արտադրող կազմակերպությունը շահագրգռված չլինի, որ էժան լինի, կամ ինչո՞ւ պետք է սահմանին գազի գինն իջնի, մեզ համար՝ ոչ: Ի՞նչ խնդիր են ուզում լուծել ընդհանրապես:
Առհասարակ մոտեցումները, որոնք օգտագործվում են ու այն ֆանտաստիկ ծրագրերը, որոնք կան, չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը: Մենք ունենք աղքատ երկիր, աղքատ բնակչություն, և մի էներգետիկ համակարգ, որը կառուցվել էր լրիվ ուրիշ տրամաբանությամբ: Դա Սովետական միության էներգետիկայի համակարգն էր, որը պետք է ունենար մեծ արդյունաբերություն և որտեղ պետք է լիներ սուբսիդավորում ՝ արդյունաբերությունը շատ էր վճարում, բնակչությունը քիչ:
Մեզ մոտ հիմա հակառակն է՝ հիմա մենք գազի և էլէներգիայի ամենամեծ սպառողներն ենք դարձել ու ամենաշատն ենք վճարում, քան արդյունաբերությունը: Մենք դարձել ենք էներգետիկ համակարգի լավագույն սպառողները: Խնդիրն այդտեղ է թաղված»:
Վերջում նա հավելեց. «ՀԾԿՀ-ի կարգավորող մոտեցումը տնտեսագիտորեն անընդունելի է, շուկայական տնտեսության նշույլ անգամ չկա»: