Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մայիսի 4-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին բացման ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Նիստին արտգործնախարար Նալբանդյանը ելույթ է ունեցել` նշելով.
«Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի չեխական նախագահությանը և Լյուբոմիրին` այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար:
Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչներին` քննարկելու համար Հայաստան-Վիշեգրադյան քառյակ կապերի խորացման հնարավորությունները:
2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար, այդ թվում` ինտենսիվ երկխոսության և բարձր մակարդակով այցելությունների տեսանկյունից: Անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք: Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագերին կամ գտնվում է միանալու գործընթացում՝ COSME, Horizon 2020, «Ստեղծագործ Եվրոպա»։ Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ։
Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագիրը վերահաստատեց ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և հանձնառությունների վրա հիմնված` գործընկերության մեր ընդհանուր տեսլականը: Գագաթաժողովը նաև վերահաստատեց իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` հիմնված 2009 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից արված հինգ հայտարարությունների վրա: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը Ռիգայի գագաթաժողովին փորձում կանխարգելել եզրափակիչ փաստաթղթի ընդունումը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին հղման պատճառով։
Այնուամենայնիվ, Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Ապրիլի սկզբին, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով:
Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ․ եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով:
Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը:
Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:
Այսօրվա հրամայականն է կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն: Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշ խատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»: