«Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի». Պերմյակով
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. դատարանը այս նիստը սկսեց գործի 11-րդ հատորից: Այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը:
Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել: «Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել»,- եղել է Պերմյակովի պատասխանը:
Հրապարակվեցին նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ:
Ապրիլի 29-ի նիստին հրապարակվեցին ամբաստանյալի բոլոր նախաքննկան ցուցմունքները: