ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի միջև հակասությո՞ւն կա
ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն կարծես գործում են առանձին: Քառօրյա պատերազմից հետո նման տպավորություն է ստացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ պատերազմական գործողությունների ֆոնին ի հայտ եկան մի շարք թերություններ.
«Երբ կոռուպցիոն համակարգը սկսեց չափվել զինվորի կյանքի չափով, մենք հասկացանք, թե ինչ անտանելի բան է կոռուպցիան: Մեր դիվանագիտական սնանկությունը շարունակվում է։ Երրորդ հարցը, որ վերջերս բացահայտվեց, ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի գործողությունների անհամապատասխանությունն է: Ես միշտ կարծում էի, որ գոնե ՀՀԿ-ն՝ իր բոլոր դրույթներով և պահվածքով, սատարում է նախագահի հայտարարություններին, բայց ես տեսնում եմ նախագահ-ԱԳՆ, նախագահ-ՀՀԿ ոչ թե՝ հակասություն, այլ այնպիսի տպավորություն է, որ այդ տիրույթները գործում են առանձին»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ ինքն էլ ժամանակին այն կարծիքին էր, թե հնարավոր է տարածքների փոխզիջում և ստատուս-քվո, բայց Ադրբեջանի վերջին պահվածքից հետո փոխել է կարծիքը.
«Երբ Հերմինե Նաղդալյանն ասում է, որ Ղարաբաղի ազատագրված հողերը մեզ պետք չեն, չգիտեմ՝ ինչ է մտածում: Ադրբեջանի վերջին պահվածքն ակնհայտ դարձրեց, որ խոսքը ոչ թե՝ տարածքների, այլ՝ անվտանգության գոտու մասին է։ Իսկ անվտանգության գոտում կարևոր է ամեն թիզ հողը»:
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը համամիտ չէր, թե ՀՀԿ-ի ու նախագահի միջև անհամաձայնություն կա. «Տիկին Սեդրակյանն այդ դատողություններն անում է՝ ելնելով այս կամ այն պաշտոնյա անձի բանավոր խոսքից, հայտարարությունից և ինչ-որ հակասություններ է տեսնում: Նման բան իրականում չկա»: