«Արդեն պարզ է, որ համակարգային փոփոխությունների մեծ կարիք կա». Ռուբեն Բաբայան

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանից 168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պաշտպանության նախարարության բարձրաստիճան երեք պաշտոնյաների պաշտոնանկությունների մասին, որը ղարաբաղաադրբեջանական սահմանագծում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակության շրջանում լայն քննարկումների առարկա է դարձել:

«Ինչ էլ ասենք՝ գուշակությունների շարքից կլինի, որովհետև պաշտոնական որևէ բացատրություն այդ պաշտոնանկությունների կապակցությամբ չի հաղորդվել: Բոլոր դեպքերում, քանի որ պաշտոնանկ են արվել այն մարդիկ, ովքեր այս օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին շատ կոնկրետ ոլորտների համար էին պատասխանատու, այնպիսի տպավորություն է, որ այդ ոլորտները շատ բարձիթողի վիճակում են եղել, այն, ինչ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին տեսանք ու զգացինք շատերս: Ես, սակայն չէի ցանկանա, որ այդ պաշտոնանկությունները զուտ կադրային փոփոխությունների շարքից լինեին, որովհետև արդեն պարզ է, որ համակարգային փոփոխությունների մեծ կարիք կա»,-ասաց նա:

Այն հարցին, թե այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագահ Սարգսյանը կարծես Կառավարության կազմը փոփոխելու մասին է նաև մտածում, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Կարելի է ցրել Կառավարությունը և հներին փոխարինել նմանատիպ, բայց «նոր» մարդկանցով: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է աշխատելու այդ նոր Կառավարությունը, որքանո՞վ են թափանցիկ լինելու նրանց գործողությունները, ի՞նչ ուղղություն է ընտրելու, կամ արդյո՞ք այդ նոր Կառավարության կազմում կհավաքվեն գիտակ և ինտելեկտուալ մարդիկ, ովքեր ի զորու կլինեն տեսնել Հայաստանի իրական տեղը 21-րդ դարում: Իսկ եթե նորից պետք է հավաքվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենց քթից այն կողմ ուրիշ ոչինչ չեն տեսնում, ապա կստացվի ռուսական հայտնի ասացվածքը՝ «как мёртвому припарка»… Հիմա ամենակարևորն այն է՝ ի՞նչ սկզբունքով և հանուն ինչի՞ է աշխատում Կառավարությունը մեզ համար խիստ բախտորոշ այս ժամանակներում: Չէ՞ որ Կառավարությունն այն ուղեղն է, որը պետք է որոշի Հայաստանի դերն այս բարդ աշխարհաքաղաքական դարում»:

Անդրադառնալով երեկ գիշերը սահմանային լարված իրավիճակին և այն մեկնաբանություններին, թե սա հայաստանյան կողմի կոշտ պատասխանն էր հակառակորդին՝ այլևս խաղաղություն պարտադրելու նոտայով, ռեժիսորը նկատում է. «Խաղաղություն կարելի է պարտադրել միմիայն հզոր բանակով, որի առկայությամբ դու կարող ես դիմել այդպիսի կոշտ քայլերի՝ ստիպելով, որ թշնամիդ երկար ժամանակով լռի: Եթե այսօր մենք ենք խաղաղություն պարտադրում, հետո մի շաբաթ անց՝ թշնամին է այդ նույն մեթոդներով մեզ իր խաղաղությունը պարտադրում, իսկ արդյունքում՝ բազմաթիվ երիտասարդներ են զոհվում, ու մեր վիճակն էլ առանձնապես նկատելիորեն չի փոխվում, ուրեմն՝ չեմ կարծում, թե սա լուծում է: Պարզապես մեզ պետք է հստակ ու սթափ գիտակցություն, որ այս վիճակը երկար է ձգվելու, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք խաղաղության՝ զարգացնելով մեր տնտեսությունը, բանակը, առողջապահությունը, մշակույթը՝ միաժամանակ բանակցելով խաղաղ լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք պետք է մեր երկիրը պատրաստ պահենք նման իրավիճակի համար՝ հասկանալով, որ սա է մեր ներկան ու միգուցե, շատ երկար ժամանակով, նաև ապագան»:

Կարդացեք նաև

Խոսելով ստեղծված իրավիճակում խելամիտ լուծումներ գտնելու ճանապարհի մասին՝ Ռուբեն Բաբայանն ավելի քան համոզված է. «Արագ լուծում ես չեմ տեսնում և, առաջին հերթին՝ չեմ տեսնում այն պատճառով, որ արդեն իսկ սարսափելի մեծ ջրբաժան է անցել մեր և Ադրբեջանի ժողովուրդների միջև: Զուտ փաստաթղթային խաղաղությունն ապահով խաղաղություն չէ, ինչպես մենք արդեն հասկացել ենք, որը, անկեղծ խոսելով էլ պետք է փաստենք, որ բացարձակապես չի էլ եղել՝ ո´չ մեր, ո´չ ադրբեջանցիների կողմից: Եղած ջանքերն էլ՝ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելուն միտված, մեր մեջ ասած՝ եվրոպական երկրներին կամ միջազգային հանրությանը սիրաշահելու մի ժեստ էին, ոչ ավելին: Եկեք պարզ խոսենք՝ մեր հասարակությունները պատրաստ չեն իրար հետ խաղաղ ապրելու: Այն, որ երկու ժողովուրդների մեջ ատելություն կա միմյանց հանդեպ, սա միանշանակ է: Ես չեմ ուզում խոսել Ադրբեջանի անունից, այլ միայն մեր՝ սեփական հայրենիքը կարելի է պաշտպանել նաև առանց ատելության, որովհետև Հայրենիքի նկատմամբ սերն ավելի կարևոր է, քան ատելությունը՝ դեպի հակառակորդը»:

Տեսանյութեր

Լրահոս