«Ադրբեջանի դեմն առնելու միակ ձևը ջարդը տալն է». Թևան Պողոսյան
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը
– Պարոն Պողոսյան, փաստորեն, որոշ ժամանակ համեմատաբար հանդարտություն պահելուց հետո՝ ադրբեջանական կողմը դարձյալ սկսեց հրետակոծել ղարաբաղաադրբեջանական սահմանները, և այս գիշեր ևս մեկ զոհ ունեցանք: Ինչո՞վ կբացատրեք Ադրբեջանի այս քաղաքականությունը, և, ըստ Ձեզ՝ ինչքա՞ն կտևի այս իրավիճակը:
– Ես չեմ հիշում օր, որ չհրետակոծեին, խնդիրն այն է, որ այս գիշեր եղել է շատ ավելի ուժեղացված հրետակոծություն, բայց այդ բոլոր երևույթները համեմատական են: Զինադադարը խախտվել է ամեն օր, ու օր չենք ունեցել, որ պատերազմն ավարտված լինի: Այնպես որ, պետք է պատրաստ լինենք ցանկացած այդպիսի իրավիճակների, և ամեն օր կարող են ավելի խիստ հրետակոծություններ լինել, քան նախորդ օրը:
Դրա դեմն առնելու միակ ձևը հետևյալն է. մեր բանակը պետք է այնպես ջարդը տա, որ Ադրբեջանն ընկալի և հասկանա: Ինձ թվում է՝ անկախությունից ի վեր այս 25 տարիները և՛ մեզ, և՛ աշխարհին ցույց են տվել մի բան (որը մենք գիտակցել ենք, աշխարհը, կարծես, չէր հասկանում, բայց հիմա երևի պետք է հասկանա), որ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն, և այդ իրավիճակը կարող է դադարել, երբ իրենք որևէ մի պատրանք չունենան, որ իրենք նույնիսկ հավասար են: Պատկերացրեցին, որ ուժեղ են, սկսեցին ապրիլի 2-ի այդ լայնածավալ հարձակումը, ամսի 6-ին հասկացան, որ էլ ուժեղ չեն, իրենք զանգեցին՝ խնդրեցին զինադադարը, հիմա ամեն օր իրենց թվում է՝ հավասար են, փորձում են հին քաղաքականությունը վարել, լարում պահել սահմանին:
Պետք է հասկանան, որ հավասար չեն: Այս ամենը դադարեցնելու միակ ձևը հզոր բանակ ունենալու մեջ է:
Ինձ թվում է՝ դեռ երկար ժամանակ է այս իրավիճակը շարունակվելու, որովհետև ադրբեջանցիները, կարծես թե, շուտ դասեր չեն սովորում:
– Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ այդ խնդրի լուծումն ավելի շատ տեսնում եք՝ ռազմական, և ոչ թե՝ բանակցային հարթության մեջ:
– Ես մի բան գիտեմ՝ նույնիսկ ռազմական գործողությունները բանակցությունների շարունակությունն է, եթե չեն բանակցում մեր դիվանագետները սեղանի շուրջ, բանակցում են մեր զինվորականներն առաջնագծում: Երբ զինվորականները առաջնագծում կարողանում են այնպես անել, որ բանակցությունները տեղափոխվեն սեղանի շուրջ, դիվանագետներն են սկսում բանակցելը: Մենք պետք է այնպես անենք, որ մեր և՛ ռազմական բանակցողները, և՛ դիվանագիտական բանակցողները լինեն հզոր և Ադրբեջանին կարողանան խաղաղություն պարտադրել:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր բանա՞կը, և ոչ թե դիվանագետնե՞րը:
– Ցանկացած պարագայում բանակը պետք է շատ հզոր լինի: Որ վայրկյանին Ադրբեջանը զգաց, որ հայկական կողմը հույսը դրել է միայն սեղանի շուրջ նստած դիվանագետի և թղթի վրա, իրենք անցնելու են ռազմական գործողությունների: Դրա համար մեր բանակը, այսպես թե այնպես, այնքան հզոր պետք է լինի, որ իրենք այդ սենյակից չցանկանան դուրս գալ: