«Երբ մեզ վրա կրակում են, բանակցելու ժամանակը չէ». Էդուարդ Շարմազանով

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, ՀՀ նախագահը «Բլումբերգին» տված հարցազրույցում խոսել է տարածքները հանձնելու մասին, որ Կազանի փաստաթուղթը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի:

– Նախագահը տարածքները հանձնելու մասին չի խոսել, նախագահը խոսել է կազանյան և մադրիդյան փաստաթղթերի մասին՝ նշելով, որ այսօր այլևս նոր իրողություն է և այլևս բանակցությունների մասին խոսք լինել, գոնե այս փուլում, չի կարող: Եվ նախագահը հստակ 3 պահանջ է դրել բանակցությունների շարունակման համար, այսինքն՝ պատերազմական վիճակում խոսել նոր փաստաթղթի մասին ընդունելի չէ: Նախագահը շատ հստակ նշել է. այսօր բանակցությունների մասին խոսելը վաղ է, և պետք է խոսել ոչ թե՝ անցյալից, այլ՝ ներկայից, և հստակ 3 առաջարկություն-պահանջ է ասել բանակցություների վերսկսման համար, առաջինը՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, երկրորդը՝ հասցեական գնահատականներ, երրորդը՝ ուղղակի երաշխիքներ, որ Ադրբեջանը նման սանձազերծությունների չի գնա:

Այդ երեքը եթե միջազգային հանրությունը կարող է ապահովել, մենք կգնանք բանակցությունների, եթե ոչ, Արցախի բանակը կիրականացնի իր վրա դրված պարտականությունները: Մենք բանակցությունների կողմնակից ենք, բայց այսօր խոսել որևէ բանակցային փաստաթղթի մասին՝ ճիշտ չէ: Իսկ այն, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, սա փաստ է: Բայց այսօր դրա ժամանակը չէ խոսելու, որովհետև նախագահն ասել է, որ իրողություններն են այլ: Երբ մեզ վրա կրակում են, բանակցելու ժամանակը չէ: Հիմա ժամանակն է այդ երեք պահանջների: Կիրականանա՞ն այդ պահանջները, լավ, չե՞ն իրականանա, ուրեմն մենք այստեղ կունենանք խնդիրներ:

Կարդացեք նաև

Նախագահն ասել էր նաև, որ որոշ տեղեկություններ ունեին, որ հակառակորդը հարձակվելու է, բայց չգիտեին՝ որ հատվածում: Այդ դեպքում ինչո՞ւ բանակը սահմանի ամբողջ երկայնքով մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստվածության չի բերվել:

– Նախագահը նաև բացատրեց, որ իմացել են, որ հակառակորդը հարձակվելու է, բայց չեն իմացել, թե 200 կմ-ից ավելի ո՞ր տեղանքում է դա լինելու: Գիտե՞ք ինչ՝ ո´չ ես, ո´չ դուք ռազմական գործիչներ չենք և չենք կարող ամբողջական պատկերացում կազմել զինվորականության մասին: Բոլորին կհորդորեմ նման հարցեր ուղղել պաշտոնական զինվորականներին, և, եթե մենք այդ հարցի փորձագետը չենք, չունենք ամբողջական ինֆորմացիա և չենք տիրապետում նյութին, դրա մասին չխոսենք: Ամեն դեպքում, նախագահը՝ որպես պաշտպանության նախկին նախարար, որպես մի մարդ, որը շատ լավ տիրապետում է իրավիճակին, և որպես այսօրվա գերագույն գլխավոր հրամանատար՝ շատ հստակ նշեց, որ դժվար էր այդ ամբողջ 200 կմ-անոց շփման գծով իմանալ, թե որտեղ պետք է լինի հարձակումը: Իսկ մնացածն արդեն զինվորականների խնդիրն է: Եթե մեր զինվորականներն իրենց առջև դրված խնդիրները չլուծեին, ապա Ադրբեջանը կհասներ իր նպատակին:

Նախագահն էլ է նշել Ադրբեջանի մինիմում և մաքսիմում նպատակը: Մաքսիմում նպատակն էր՝ հնարավորինս շատ առաջ գնալ և փորձել նոր պայմանագիր և նոր զիջումներ կորզել Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, և երկրորդը՝ գոնե մինիմում մի քանի շրջան գրավել և էլի փորձել հաղթողի կամ ուժի դիրքերից խոսել ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ: Երկու տարբերակն էլ չստացվեց, ավելին, թե´ ռազմական ճակատում նա ֆիասկո ապրեց, ճիշտ է՝ մեր հերոսների կյանքի գնով, և թե´ դիվանագիտական ճակատում, մենք տեսնում ենք, որ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ուժեղ, հստակ նշեցին, որ 94 թ. զինադադարն անժամկետ է:

Ապրիլի 25-ին էլ ՀՀ նախագահն ամբողջական նշեց մեր՝ դեպի ապագան միտված խնդիրները, դրանք այն երեք կետերն են, որ պետք է արվեն, այսինքն՝ լինեն վստահության միջոցառումներ, լինեն հասցեական գնահատականներ, և լինի հստակ երաշխիք պատերազմի չսկսման: Այդքանը կլինի՞ միջազգային հանրության կողմից, կգնանք առաջ, չի՞ լինի, ուրեմն սա կիսապատերազմական վիճակ է:

Օրերս Ադրբեջանը ՄԱԿի Անվտանգության խորհուրդ նամակ է ներկայացրել՝ 1994 թ. հրադադարի եռակողմ պայմանագրից դուրս գալու մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ես կարծում եմ, որ այստեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անելիք ունեն, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ գոնե երեք անդամ՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան, հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, նրանք մեկ անգամ չէ, որ հստակ նշել են իրենց կարծիքը: Լավրովը, երբ Երևանում խոսում էր, որ 94 թ. զինադադարն անժամկետ է, նա խոսեց ոչ միայն՝ որպես Ռուսաստանի ԱԳ նախարար, այլև՝ 3 համանախագահ երկրների կարծիքն էր արտահայտում, և դրանից հետո Ադրբեջանի կողմից նման քայլը մարտահրավեր է, կամ նա դրանով ձեռնոց է նետում համանախագահ երկրներին, և կարծում եմ՝ այդ ձեռնոցը համանախագահները պետք է բռնեն և Ադրբեջանի գլխին մի հատ ուժեղ հասցնեն, որովհետև սա արդեն մարտահրավեր է, ձեռնոց է միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի ԱԽ 3 անդամներին:

Եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամները հստակ նշում են, որ 94 թ. զինադադարն անժամկետ է, և այն պետք է գործի, ու դրանից հետո Ադրբեջանը նմանատիպ քայլ է կատարում, ուրեմն պետք է ԱԽ 3 անդամները, որոնք նաև համանախագահներ են, կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Ինչո՞ւ չէ, ասել ենք ժամանակին, որ պրեսինգի ձևեր էլ կան, սանկցիաների էլ: Ադրբեջանն այս պահին իրեն պահում է փոքրիկ Հիտլերի նման:

Բայց կարծես թե նման ոչ մի սանկցիայի մասին նրանց կողմից խոսք չկա դեռ:

– Մենք մեր 3 պահանջն ասել ենք: Կսպասենք, կտեսնենք, բայց քաղաքական դիվանագիտությունն ունի երևացող-չերևացող կողմ, ամեն դեպքում՝ Լավրովն այստեղ շատ վճռական էր խոսում համանախագահների կողմից, որ 94 թ. զինադադարն անժամկետ է, և Ադրբեջանի՝ միակողմանի դուրս գալու այս քայլը բլեֆ է: Իսկ դրա պատճառը շատ լավ գիտենք որն է՝ նոր իրողություն է, և նա ուզում է, որպեսզի չլինի փաստաթուղթ, որի տակ Ղարաբաղը ստորագրել է:

 

Տեսանյութեր

Լրահոս