«Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո դեռ չի ստեղծվել». Արծրուն Հովհաննիսյան

«Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո դեռ չի ստեղծվել: Բառիս բուն իմաստով՝ չի ստեղծվել»,- այս մասին այսօր ԵՊՀ-ում հանդիպման ընթացքում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մամուլով շրջանառվող «7 պոզավոր սատանայի տպավորություն թողող» T-90, «Солнцепек», «Смерч» զինատեսակները ստեղծվել են 80-ական թվականներին:

Նրա խոսքով՝ գոնե ռուսական զենքերի դեպքում 90-ականների զենք հասկացություն չկա, առավել ևս՝ 2000-ականների: Ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ պետությունների մոտ, հատկապես՝ ցամաքային զինատեսակների ծանրակշիռ մեծամասնությունը՝ մոտ 70-80 տոկոսը, ստեղծվել է 80-ական թթ., քանի որ սառը պատերազմի պիկը եղել է այդ ժամանակ, զինագործության ամենամեծ բումն էլ այդ թվերին է եղել.

«Շատ քիչ պետություններ են դրանից հետո շարունակել լուրջ զինագործությամբ զբաղվել, երևի թե՝ միայն Միացյալ Նահանգները, այն էլ՝ հիմնականում 90-ականների տրամաբանության 5-րդ սերնդի պատերազմների հիմնական զենքերն են՝ մեծամասամբ թռչող սարքեր, թվային տեխնոլոգիաներ, և այլն: Մնացածը՝ հրետանի, տանկեր, հրաձգային զենքեր, անգամ 70-ականների են, ոչ թե 80-ականների: Այդ արտահայտություններն առավելապես զգացմունքային վերարտադրություններ ունեն»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդն ունի իր ուժեղ և թույլ կողմերը.

«Բարեբախտաբար թե դժբախտաբար, հակառակորդը մեզ թույլ չի տալիս քնել: Հակառակորդը մեզ միշտ զգոն է պահում: Հակառակորդը մեզ միշտ ստիպում է իրենցից առաջ գնալ, որովհետև, եթե մտել ես մրցավազք, գիտես, որ ինքը քեզանից շատ է, այլընտրանք չունես, պիտի հաղթես, ուրեմն զարգանալու համար հիմք պետք է դնես այն հատկանիշների վրա, որոնք որակական են, ոչ քանակական, որովհետև դու քանակով զիջում ես»:

Նա նշեց, որ հայկական կողմն այս պահին չի կարող հստակ ապացույց ներկայացնել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերում ահաբեկչական խմբավորումների, օտար պետությունների զինված ուժերի անդամների ներգրավվածության մասին: Նա տեղեկացրեց, որ մեկ տվյալ է մեծ հաշվով ապացուցված` ադրբեջանական բանակի կազմում Թուրքիայի ԶՈՒ պահեստազորային է զոհվել.

«Բայց նման դեպքերում պետական հասցեական մեղադրանք չես կարող հնչեցնել, որովհետև թոշակի գնացած մարդ է, կարող է ասել՝ եղբայրական Ադրբեջանի համար գնացել-կռվել է»:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ եթե լինեն տվյալներ նրանց ներգրավվածության մասին, ապա առաջիկայում կներկայացնեն.

«Բայց մյուս կողմից՝ կարող եմ միանշանակ պնդել, որ իրենց զոհերի 60-70 տոկոսը, որը կազմում է, այսպես կոչված, առաջին շարակազմի զորքերը, այսինքն՝ այն զորքը, որ առաջին հարվածն է հասցրել, և 3 օր շարունակ հիմնական կռվող մասսան է եղել, Ադրբեջանի հատուկ նշանակության և լեռնահրաձգային հատուկ նշանակության ստորաբաժանումներն են եղել, որտեղ ժամկետային զինծառայող գրեթե չկա, այսինքն՝ այնտեղ 18-20-ամյա տղաներ չեն եղել: Զինվորը զինվորի դեմ չի կռվել: Կռվել են սպաներ, ենթասպաներ և պայմանագրայիններ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ մեր կողմից արհեստավարժ սպաներ չեն կռվել առաջին գծում, նա նշեց, որ դա ծայրագույն ռազմական սխալ է` կիրառել միայն պրոֆեսիոնալներին: Հակառակորդը դիմել էր այդ մեթոդին, որովհետև իր զինված ուժերի նկատմամբ չուներ այդ վստահությունը, որ շարքային անձնակազմը կարող է կատարել այդ խնդիրը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ դա սխալ է նաև այն պատճառով, որ, եթե զինված ուժերը ոչ ճիշտ համամասնությամբ ես կիրառում, ապա կրած կորուստները վերականգնելը շատ դժվար է լինում, հատկապես՝ նման պրոֆեսիոնալների դեպքում.

«Ադրբեջանը գնում է իր հատուկ նշանակության ստորաբաժանումները վերջնականապես ոչնչացնելու ճանապարհով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նման մասնագետներ պատրաստվում են նվազագույնը 10 տարում:

Նա նաև ասաց, որ ադրբեջանական կողմի զոհերի թվում են եղել գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ:

Տեսանյութեր

Լրահոս