«Եթե Ադրբեջանն ասի, որ Ղարաբաղի կարգավիճակն անկախ է, այդ ժամանակ կգնանք տարածքային զիջումների». Վաղարշակ Հարությունյան

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն ասաց, որ Ադրբեջանում երկար էին սպասում՝ համանախագահներից Ղարաբաղի հարցի լուծման առաջարկի, բայց քանի որ դա չկա, լուծում են ռազմական ճանապարհով: Իսկ ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի ռազմավարությունն այսօր հետևյալն է. նա շանտաժի է ենթարկում համանախագահներին, որպեսզի նրանք բերեն առաջարկ, որտեղ գրված լինի՝ Ղարաբաղը հանձնվում է իրենց, և ամբողջ այս գործընթացի նպատակը դա էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց քառօրյա պատերազմ սկսելն Ադրբեջանի կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին քննարկվող տարածքների վերադարձի խնդրին, նա ասաց, որ երեք նախագահների օրոք էլ եղել է «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը. «Բոլոր եղած առաջարկություններն իրենց մեջ նախատեսում են՝ տարածքների վերադարձ և Ղարաբաղի կարգավիճակ: Մեր այսօրվա իշխանության մոտեցումն է՝ Ղարաբաղի անկախություն, ցամաքային կապ Հայաստանի հետ (Լաչին) և միջազգային անվտանգության երաշխիքներ: Սա է բանաձևը լուծման: Իսկ այդ լուծմանը չի գնում Ադրբեջանը, որովհետև չի ուզում որևէ քննարկում անել Ղարաբաղի կարգավիճակի մասին: Նա ասում է, որ Ղարաբաղը կարգավիճակ կունենա, բայց Ադրբեջանի կազմում»:

Նրա խոսքով՝ որևէ համանախագահ այսօր չի կարող Հայաստանին ու Ղարաբաղին պարտադրել վերադարձնել տարածքներ. «Ստատուս-քվոն պահում է Ադրբեջանը՝ իր կոշտ դիրքորոշումով: Եվ այսօր նախապայման չկա, որ նա փոխի իր մոտեցումը: Այնպես որ, հողերի վերադարձի մասին խոսք գնալ չի կարող, որևէ համանախագահ ի վիճակի չէ մեզ ստիպել դա անել»:

Նա ընդգծեց. «Եթե Ադրբեջանն ասի, որ Ղարաբաղի կարգավիճակն անկախ է, այդ ժամանակ կգնանք տարածքային զիջումների: Հիմա հարց է առաջանում, եթե Ադրբեջանը չունի տարածքային առավելություններ ու չի համաձայնում կարգավիճակի մասին խոսել, երբ հանձնենք տարածքները, կգնա՞ դրան: Իհա՛րկե չի գնա, այնպես որ, մենք էլ չենք գնա»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Ղարաբաղի ղեկավարությունը չի ընդունում Մադրիդյան սկզբունքները, նա այսպես արձագանքեց. «Ես խոսում եմ Հայաստանի մասին, Ղարաբաղը մի փոքր այլ տեսակետ ունի: Դա ամրագրված է նաև նրանց Սահմանադրության մեջ: Թե ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա»:

Հարցին՝ պաշտպանության նախարարն ասել է, որ «մի թիզ հող անգամ չենք հանձնելու», արդյո՞ք սա չի նշանակում, որ մենք մերժում ենք Մադրիդյան սկզբունքները, նա պատասխանեց. «Նա դա ասում է՝ որպես պաշտպանության նախարար: Բայց երբ մենք ասում ենք, որ հողերը չենք հանձնի, ինչպես դա անում է Ադրբեջանը, ապա բանակցությունների իմաստը կորչում է: Նախարարը դա չի ասել պետության կողմից: Իսկ նախագահն ասում է, որ հիմա որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող, մինչև չվերադառնա վստահության մթնոլորտը: Նույնը ասել է Լավրովը, և ՀՀ նախագահի ու Լավրովի մոտեցումը նույնն է»:

Նրա խոսքով՝ բոլորը հասկանում են, որ ադրբեջանական բանակը հարցը չի կարող լուծել ռազմական ճանապարհով:

Անդրադառնալով Լավրովի այցին ու նրա հայտարարությանը, նա նշեց. «Լավրովն ասում է՝ պետք է ստեղծվեն նախապայմաններ, որպեսզի սկսվեն բանակցությունները: Լավրովը նշեց, որ Գերմանիան իր վրա այդ պարտավորությունները վերցրել է, և Ռուսաստանը դրան կաջակցի: Այնպես որ, կանխատեսում եմ, որ համանախագահները կաշխատեն այդ ուղղությամբ»:

Հարցին՝ Լավրովի այդպիսի հայտարարությունը չէ՞ր նշանակում, որ պատասխանատվությունը դնում է Գերմանիայի վրա, նա պատասխանեց. «Նա ասաց՝ Գերմանիա, դու քեզ վրա վերցնում ես դա և արա, իսկ նա գիտի, որ Ադրբեջանը չի համաձայնում այդպիսի քայլերի, որ շփման գիծը վերահսկվի: Ադրբեջանի մարտավարությունն է՝ այդ միջադեպերով վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում և Ղարաբաղում, ջարդել հայ ժողովրդի կամքը, դրանից հետո, որպեսզի հայկական կողմը գնա զիջումների: Դրա համար Գերմանիան կճնշի իրենց: Ադրբեջանը համաձայնություն տալու է, բայց չի կատարելու, որովհետև դա իր մարտավարությունից չի բխում»:

Լրագրողների այն հարցին, թե՝ ի՞նչ ենք ակնկալում Մինսկի խմբից, նա պատասխանեց. «ՄԽ համանախագահները պետք է լուծեն այն խնդիրները, ինչ դրված է՝ զինադադարի հաստատում ու վերահսկման մեխանիզմների ներդրում: Մենք պետք է կոշտ դիրքորոշում ընդունենք և հասնենք նրան, որ բացահայտվի՝ Ադրբեջանն է այդ ամենը սկսում»:

Տեսանյութեր

Լրահոս