Ո՞ր դեպքերում և ո՞վ է հատուցում բարոյական վնասը
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախորդ տարեվերջին ԱԺ-ի կողմից ընդունված՝ ՀՀ-ում բարոյական վնասի հատուցման համակարգի կատարելագործմանը վերաբերող փոփոխություններն ու լրացումները: Մասնավորապես, հատուցման կարգը դարձվել է Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման պահանջներին առավել համահունչ, ինչը, ՀՀ կառավարության հիմնավորմամբ, կնպաստի նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների առավել ամբողջական կատարմանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիներն այսուհետ ունեն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց թույլ տված խախտումների կամ նրանց գործողությունների հետևանքով կրած ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման հնարավորություն։
Նշենք, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմը Հայաստանում ներդրվել է դեռևս 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով, ինչը պայմանավորված էր Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման անհրաժեշտությամբ, ինչպես նաև կոչված էր ապահովելու, որպեսզի ՀՀ քաղաքացիները սահմանված կոնկրետ դեպքերում ստանան հատուցում ոչ նյութական վնասի համար: Այդուհանդերձ, ոչ նյութական վնասի հատուցման ներդրված համակարգն ամբողջական չէր. այն չէր արտացոլում Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած իրավաբանական պահանջները: Մասնավորապես, անհրաժեշտություն էր առաջացել ընդլայնել այն իրավունքների ցանկը, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է հատուցում, նաև հատուցման չափերը համապատասխանեցնել ընդունված չափանիշներին:
Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցին անդրադարձ է եղել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշման մեջ: ՍԴ-ն, մասնավորապես, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի հատուցման հնարավորություն, արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող և անվավեր:
Արդյունքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2014թ.-ին ներառված և 2015թ.-ին լրամշակված 162.1՝ «Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը» հոդվածով սահմանված է, որ ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
Սահմանված է նաև, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.
1) կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):
Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ի տարբերություն օրենսգրքի 1087.1 հոդվածի, որը 2010 թվականից հետո փոփոխության չի ենթարկվել, օրենսգրքի 1087.2 ՝ «Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը» հոդվածը որոշակի լրամշակման է ենթարկվել 162.1 հոդվածի հետ միաժամանակ:
Մասնավորապես, ամրագրվել է, որ եթե 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
Նաև սահմանվել է, որ հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը (3 մլն դրամ)՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված, այն է՝ կյանքի իրավունքի և խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքների խախտման, ինչպես նաև անարդարացի դատապարտման համար հատուցման պարագայում:
Հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (2 մլն դրամ)՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված, այն է՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքների խախտման պարագայում:
Հստակեցվել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածը լրացվել է նոր մասով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը: