Ռուսաստանի պլանը՝ Բաքվին վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ, Ղարաբաղի «լեգիտիմացում». «Իզվեստիա»

Ինչպես «Իզվեստիային» հայտնել է դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, Ռուսաստանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստում են Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք պետք է սկսվեն մոտ օրերս:

Պուտինը, ըստ աղբյուրի, մասնավորապես, պատրաստ է անձամբ երկու կողմերի քաղաքական գործիչների հետ քննարկել փոխզիջումների անհրաժեշտությունը:

Ընդ որում՝ երբ խոսքը գնում է շփման գծում լարվածության նվազեցման մասին, ոչ մի կողմ պատրաստ չէ դիմել զիջումների:

«Հենց խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցման մասին, երկու կողմն էլ պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշվում են փոխադարձ հավակնությունները, ու տարածքային հարցերը դառնում են անլուծելի: Սպասվում են ծանր բանակցություններ, ու առանց Ռուսաստանի օգնության չի հաջողվի հարցը լուծել»,- հայտնել է «Իզվեստիային» աղբյուրը:

Կարդացեք նաև

Աղբյուրի խոսքով՝ կարգավորման ռուսական պլանն այն է, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադառնան փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և տնտեսական կապերի վերականգնումը), ապա, երբ կրքերը հանդարտվեն, անցկացվի շրջանի պատկանելության մասին հանրաքվե:

Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել նման պլանին, եթե հանրաքվեի արդյունքն իր օգտին չի լինելու:
Փորձագետների կարծիքով՝ ներկայիս իրավիճակում դժվար է հաշվարկել ինչ-որ բեկում, ամենայն հավանականությամբ, խոսքը կարող է գնալ Ղարաբաղում լարվածության մակարդակը նվազեցնելու մասին ու ապագայի համար կառուցողական երկխոսության հիմք դնել:

ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Դմիտրի Մեդոևի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, սակայն բանակցությունները չափազանց ոչ հեշտ են ընթանալու:

«Հիմա դժվար թե արժի ակնկալել վճռական բեկում, ավելին, թեթև որոշումներ, սակայն հույս պետք է ունենանք, որ «ինտենսիվ երկխոսությունը» կտա դրական արդյունքներ: Կողմերը հոգնել են անորոշությունից, իսկ ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքը ստեղծում է անօգուտ լարվածություն»,- ասում է փորձագետը:

Խոսքելով Ռուսաստանի դերի մասին հակամարտության կարգավորման հարցում՝ քաղաքագետը նշել է, որ ռուսական միջնորդությունը կարող է արդյունավետ լինել, քանի որ և Բաքուն, և Երևանը շահագրգռված են Մոսկվայի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հեղինակություն է վայելում տարածաշրջանում:

«Եվ Ադրբեջանը, և Հայաստանը ՌԴ-ի համար ռազմավարական գործընկերներ են, ու Ռուսաստանը կարգավորման բոլոր փուլերում արել է իրենից կախված ամեն ինչ, որ կողմերին տրամադրի խաղաղ երկխոսության և բացառի հակամարտությունը»,- ասում է «Իզվեստիայի» զրուցակիցը՝ նշելով, որ դժվար անել ինչ-որ կանխատեսումներ, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը, բանակցային գործընթացը տեղից շարժելու երկկկողմ ցանկությունը կարող են լինել զգալի առաջընթաց:

Տեսանյութեր

Լրահոս