Շենքը, որը կախված է… օդում
Սա ոչ միայն փոխաբերական, այլեւ` ուղիղ իմաստով ասված խոսք է Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 բազմաբնակարան շենքի մասին:
«Արդեն 40 տարի, շահագործման օրվանից` 1978 թվականից, այս շենքը վթարային է: Գիտենք մեր շենքի վիճակը, բայց 40 տարի ապրում ենք այստեղ` ահով, վախով, սարսափով: Իսկ երկրաշաժից հետո վիճակն ավելի է վատացել, վթարայնությունը` մեծացել: Անցյալ տարի արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնասիրության եւ եզրակացության արդյունքում շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարայնության, ինչը ենթադրում է, որ այն ենթակա է կազմաքանդման, բնակիչներն էլ` տարհանման: Ահա այս ահ ու դողի մեջ ապրում է մի ողջ շենք, տարեցներ, երեխաներ, հաշմանդամներ, հիվանդներ, զինվորականներ»,- «Որոտան» կայքի հետ զրույցում ասում է Ֆիզկուլտուրնիկների 6/39 տան բնակիչ Զոյա Հովհաննիսյանը, ու մեզ ուղեկցում հատկապես իր բնակարան` տեսնելու եւ նկարելու այն վիճակը, որտեղ ստիպված են ապրել, քանի որ… այլընտրանք չունի ոչ միայն իր ընտանիքը, այլեւ` շենքի բոլոր բնակիչները:
Ասել, թե խնդրի նկատմամբ անտարբեր են եղել պատասխանատուները, պատկան մարմինները, համայնքային իշխանությունները, արդար չի լինի:
Ինչպես ասում են բնակիչները` թեեւ շուրջ 15 տարի է` ապրում են ահը սրտում, տարիներ շարունակ իրենց խնդրի մասին ահազանգել, դիմել, բարձրաձայնել են պատկան մարմիններին, համայնքային իշխանություններին, եկել են, նայել, նկարել, կիսել նրանց մտահոգությունը, բայց կոնկրետ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Խնդրի մասին առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնվել է ՀՀ Ազգային ժողովում` թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Հայկ Գրիգորյանի կողմից:
2014 թվականի երկրի պետական բյուջեի նախագծի քննարկան ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանն առաջարկել էր ՀՀ պետական բյուջեից 120 միլիոն դրամ հատկացնել` Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 վթարային շենքի բնակիչների բնակարանային ապահովման համար: Առաջարկությունը, սակայն, չի ընդունվել` 2014 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից եւ ծախսերի առաջնահերթություններից ելնելով:
Խնդիրը, սակայն, շարունակել է հրատապ մնալ եւ մտահոգել ամեն վայրկյան պատերն ու առաստաղները գլխներին փլվելու սպասող բնակիչների համար:
Հարցը պաշտոնապես մեկ անգամ եւս հնչեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` 2015 թվականի նոյեմբերին Սիսիան կատարած աշխատանքային այցի ժամանակ: Վարչապետը խոստացավ խնդրին հանգամանալից ծանոթանալուց հետո միայն տալ կոմնկրետ պատասխան:
Եվ ահա մարտի վերջին Ֆիզկուլտուրնիկների 6 վթարային շենք այցելեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը` պաշտոնատար այլ անձանց հետ:
Սակայն շենքի բնակիչների մտահոգությունն այցից հետո ոչ միայն չէր փարատվել, այլեւ` մեծացել էր, քանի որ, ըստ նրանց, այդպես էլ որեւէ հստակ բան իրենց չի ասվել, հավաստիացրել են միայն, որ քաջատեղյակ են խնդրին, ծանոթ են բոլոր մանրամասներին, եւ կանեն հնարավարը` բնակիչներին ազատելու ամեն օր վախով ու ահով մթնեցնել-լուսացնելու տագնապներից:
Զոյա Հովհաննիսյանն ասաց, որ իրենց հստակ որեւէ բան չեն ասել: «Եկան, նայեցին, մի 10 րոպե մնացին ու գնացին: Հարցրեցին բնակարանների` սիսիանյան այսօրվա գները, ոմանք անհամաձայնություն հայտնեցին մեր ասած թվերին, մեզ թողեցին անորոշության մեջ ու գնացին»:
Զոյա Հովհաննիսյանը նշեց, որ թեեւ ամբողջ շենքն է շատ վատ վիճակում, բայց ամենաահավորը հենց իր բնակարանն է, ուր ապրում են նաեւ դպրոցական 2 թոռնիկները, որոնք ամեն օր վախի ու տագնապի մեջ են անկողին մտնում:
«Մենք էլ ենք ուզում մարդավարի ապրել, վերանորոգել, մի հյուր է գալիս, ամոթից մեռնում ենք, բայց վերանորոգելու իմաստը չկա: Վալյա Պետրոսյանը որ վերանորոգել է, պատերը նորից չեն ճաքե՞լ, մեր վերանորոգելու իմաստը ո՞րն է: Երբ 4 տարի առաջ շենքի բնակիչներով գնացինք քաղաքապետի մոտ, խնդրեցի, գոնե, տանիքը վերանորոգել, ջուրը մեր տնից հոսում-լցվում է ներքեւի հարեւանի տուն, ասաց` բյուջե չունենք: Վարկ վերցնեմ` տանիք սարքե՞մ, կամ թե` աշխատանք ունե՞մ, որ վարկ վերցնեմ»:
Մարիետա Զաքարյանը, 5-րդ հարկի բնակիչ, թոշակառու Ասյա Համբարձումյանն էլ ասացին, որ, 40 տարի ապրում են այստեղ, եւ իրենց տնից դուրս չեն գալու, թող հարցը լուծեն` ոնց կարող են, շենքը վերանորոգեն, ամրացնեն, սարքեն տան մեզ, ասացին նրանք:
Եթե շենքի կանայք ավելի շատ հուզական ու վրդովված էին խոսում, ապա թիվ 27 բնակարանի բնակիչ Բագրատ Մկրտչյանն ասաց` «Ինքս շինարար եմ, հստակ գիտեմ, որ այս շենքը վերանորոգման ենթակա չէ, ֆունդամենտը ընդհանրապես պիտանի չէ ոչ մի բանի, շենքի հիմքերն ամբողջությամբ ջրի մեջ են, պատերը քանդված են բոլոր կողմերից, պատշգամբները մի թեթեւ քամուց ճոճվում են, իսկ 5-րդ հարկի բնակարանների պանելներն ու պատշգամբները կախված են օդում: Ես եմ հարեւանի` Զոյա Հովհաննիսյանի պատշգամբի տակ երկաթյա սյուներ դրել, որ չփլվի: Վերջին մուտքի 5-րդ հարկը պահում է այդ սյունը: Մեր բնակարանը վերանորոգել- խոռոչները փակել ենք, որ, գոնե, աչքներս չտեսնի, երեխաներ կան տանը, անընդհատ վախի ու սարսափի մեջ ապրելը հոգեբանության վրա էլ է ազդում: Թե ինչպես կլուծվի խնդիրը, տեղյակ չենք, եկել են նայել-գնացել: Նախարարի այցը թեեւ հույս տվեց, բայց մեր շենքը եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով կախված է… օդից:
Ոչ մի բնակիչ չի կարող որեւէ գործարք կատարել, գրավ դնել, վարկ վերցնել, գրանցում կատարել, քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչված, ուստի որեւէ գործարք չի թույլատրվում, ու ահա օդից կախված այսպիսի շենքում… մարդիկ են ապրում»,- ասաց նա:
Իրենց մտահոգություններն արտահայտեցին նաեւ Վալյա Պետրոսյանը, Լուսյա Սարգսյանը, Իրինա Գեւորգյանը, մյուսները, միաժամանակ նշելով, որ չեն համաձայնվելու որեւէ առաջարկի, եթե այն ոտնահարելու է իրենց շահերը:
Այս մտահոգությունների հետ մեկտեղ գրեթե բոլորը մտավախություն հայտնեցին նաեւ, որ չլինի հանկարծ ոմանք իրենց խորապես մտահոգող եւ անհանգստացնող այս խնդիրը նախընտրական խոստումների նպատակով օգտագործեն, հետո գնան-մոռանան` իրենց թողնելով դատարկ խոստումների եւ անորոշության մեջ… Բայց եւ հույս հայտնեցին, որ եթե նախարարը եկել է, վերջապես սայլը տեղից կշարժվի…