Քյարամն ինչո՞ւ մնաց, չէ՞ որ հրամանատարն ասում էր՝ թողեք գնացեք. «Հրապարակ»

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներին մենք հերոսներ հռչակեցինք։ Կա հերոսության հոգեբանություն։ Ինչպե՞ս է ծնվում հերոսությունը։ էքստրեմալ պայմանները դեր կատարում են։ «Հրապարակը» զրուցել է հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

– Հերոսությունը գիտակցված է։

– Իհարկե, այո։ Մենք լսում ենք դեպքեր, երբ զինվորը եղել է զորամասում, լսել է, որ կռիվ է սկսվել, ու գնացել է դիրքեր։ Մենք չենք կարող ասել, որ սա անգիտակից վարք է, եւ նրա հերոսությունը զուտ էքստրեմալ արձագանքով է պայմանավորված։ Մենք լսել ենք դեպքեր, երբ զինվորը հեռակապով փոխանցել էր զինակիցներին, տեղեկացրել է, որ փամփուշտները վերջացել են, թշնամին իրեն է մոտենում, ինքն ի՞նչ անի, սպասի՞, թե՞ իրեն նռնակով պայթեցնի։ Այստեղ մենք տեսնում ենք հստակ պլանավորված, մտածված քայլեր, որոնք մենք կարող ենք դիտարկել որպես հերոսական վարք։

–  Բոլորին, ովքեր այդ օրերին զոհվեցին, մենք, անկախ մահվան հանգամանքներից, հերոս հռչակեցինք։ Ի վերջո, կա՞ն տղաներ, որոնք մահացան անիմաստ, առանց որեւէ հերոսական արարքի, եւ գուցե նրանց պարզապես խղճա՞լ էր պետք, ոչ թե հերոսացնել, ասել՝ հազար ափսոս։

– Ես էլ եմ այդպիսի մտքեր ունեցել։ Ինչ-որ պահի նույնիսկ մտածել եմ՝ թող հերոս չլիներ, փախչեր, բայց իր կյանքը փրկեր։ Օրինակ՝ Քյարամը, ինչո՞ւ մնաց։ Չէ՞ որ հրամանատարն ասում էր՝ թողեք գնացեք։ Թող գնար, էլի։ Սրանք էմոցիաներով թելադրված քայլեր են, եւ ինձ թվում է՝ զինվորները պետք է իրենց կյանքը խնայեն։ Չէ՞ որ սա լուրջ ռազմավարական ռեսուրս է նրանց համար, իրենք չպետք է այդ աստիճանի ինքնազոհաբերաբար իրենց նետեն կրակը։ Սենք կորուստներ ունենալու իրավունք չունենք այս պահին։ Իսկ այն, որ իրենց բոլորին հերոսացնում են, կարծում եմ, որ սա նաեւ արվում է այս մարդկանց ընտանիքների վիշտը թեթեւացնելու համար, որովհետեւ սա ինչ-որ մխիթարանք է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս