«Իրանցիները, թեկուզ բարի նպատակներով, միջնորդական առաքելություն են առաջարկում, բայց դա, ըստ էության, խաթարում է ՄԽ համանախագահների ֆորմատը»
«Ակնհայտ է, որ արցախյան հակամարտության ցանկացած սրում լուրջ վտանգներ է պարունակում Իրանի համար, որովհետև Իրանն այն բացառիկ երկիրն է, որը ցամաքային սահման ունի երեք հանրապետությունների հետ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Ադրբեջանի: Բացի այդ, հարավային ճակատում ընթացող գործողություններն անմիջապես հարում էին Արաքս գետին, իսկ դա մեր, Արցախի ու Ադրբեջանի սահմանն է Իրանի հետ, հետևաբար, նաև եղան դեպքեր, երբ արկակոծության ենթարկվեց Իրանի տարածքը: Իհարկե, այդ արկերն արձակվում էին Ադրբեջանի կողմից, բայց ադրբեջանական կողմը դա օգտագործեց, մեղմ ասած՝ ոչ ի նպաստ մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ իրանական վերնախավում հայամետ դիրքորոշումները գերիշխող են, թեև դա այդքան էլ չի արտահայտվում պաշտոնական մակարդակում. «Ակնհայտ է, որ Հայաստանը Հարավային Կովկասում՝ զսպելով ադրբեջանական հանրապետությանը և վերահսկելով հարյուրից ավելի կիլոմետր սահման, Իրանի համար չեզոքացնում է Ադրբեջանից եկող վտանգները»:
Նա նշեց, որ Ադրբեջանի կապն Իսրայելի հետ գործոն է, որ հայկական կողմի դիրքերի անսասան լինելը ձեռնտու լինի Իրանին, քանի որ, նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում Իսրայելը Իրանի թիվ մեկ ախոյանն է: Իսկ Իրանի ԶԼՄ դաշտի արձագանքը, նրա խոսքով՝ կարելի բնորոշել՝ ոչ միանշանակ. «Մի ուրախացնող հանգամանք կար, դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող լրատվամիջոցի արձագանքն էր, որը շատ հաճախ հիմնված էր հայկական կողմից տրամադրվող տեղեկատվության վրա: Իսկ Իրանում խնդիրների գերակշիռ մասը լուծվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անմիջական մասնակցությամբ»:
168.am-ի հարցին՝ Իրանը մի քանի անգամ առաջարկել է կողմերի ցանկության դեպքում միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղի հարցում, սա ինչպե՞ս կմեկնաբանի, ու արդյո՞ք մեզ ձեռնտու է այս պահին Իրանի միջնորդությունը, իրանագետը պատասխանեց. «Իրանցիները փորձ են կատարում ավելի լայն վերահսկողություն ունենալ գործընթացի վրա, քան նրանք ունեն հիմա: Հիմա, ըստ էության, բանակցային գործընթացում նրանք որևէ դերակատարություն չունեն, բայց ձգտում են այն ուժեղացնել, նախ և առաջ, մի քանի պատճառներով: Առաջին՝ որպեսզի կարողանան պահպանել առկա ստատուս-քվոն, որն իրենց ձեռնտու է: Երկրորդ կարևորագույն պատճառը՝ թույլ չտալ իրենց համար ոչ ձեռնտու հնարավոր հետևանքներ: Դրա համար իրանցիները պարբերաբար հայտարարում են, որ իրենք կարող են ստանձնել միջնորդական առաքելություն: Ի դեպ, նրանք ունեցել էլ են այդ առաքելությունը:
Դա այն ժամանակ էր, երբ մեր զորքերն ազատագրեցին այն ժամանակվա Լաչինը: Իրանցիները, թեկուզ բարի նպատակներով, միջնորդական առաքելություն են առաջարկում, բայց դա, ըստ էության, խաթարում է ՄԽ համանախագահների ֆորմատը, հետևաբար, մեզ համար էլ է դա վնաս, իրենց համար էլ է վնաս, որովհետև խաթարման պարագայում ոչ ոք չի կարող երաշխիք ունենալ, որ Թուրքիան մուտք չի ունենա այստեղ: Իսկ Թուրքիայի մուտքը հակամարտության գոտի Իրանի համար շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում, քան նույնիսկ եռանախագահող երկրների համատեղ մուտքն այս տարածաշրջան: Որովհետև ակնհայտ է՝ Թուրքիան պլացդարմ կստեղծի Իրանի հյուսիսում՝ սեփական ազդեցությունն այդ երկրի վրա մեծացնելու համար: Պլացդարմ, որը հիմա էլ նա ունի՝ ի դեմ Ադրբեջանի, որը հիմա միջնորդավորված է օգտագործում, իսկ այդ ժամանակ ուղիղ ձևով կօգտագործի»: