«Սա քաղաքական սակարկությունների սկիզբն է». Ազգագրագետը՝ առաջին և գործող նախագահների հանդիպման մասին

168.am-ի զրուցակիցն է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը

Պարոն Թադևոսյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր մեր հասարակությունը պատրաստ այս քառօրյա պատերազմին, և բացի մարդկային զոհերից՝ ի՞նչ տվեց այն մեզ:

– Կարծում եմ՝ պատրաստվածության առումով կային զգալի թերություններ, և այդ թերությունները ձևավորվել էին տարիների ընթացքում վատ կառավարման, ռեսուրսները ոչ ճիշտ բաշխելու հետևանքով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կոռուպցիայի մեծ ծավալներին՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, ովքեր նաև երկրի ամենահարուստ մարդիկ են: Պատերազմը ջրի երես հանեց այդ ամենը, երբ երկրի նախագահը Գերմանիայում հայտարարեց, որ մեր բանակի սպառազինությունը մոտավորապես 1980-ականների է, և դա, իհարկե, նրա հետևանքով չէ, որ մեր երկրում չկային գումարներ, այլ խնդիրն այն է, որ այդ գումարները գրպանվել են, որի հետևանքով տնտեսություն չի զարգացել, որի հետևանքով չեն ձևավորվել համապատասխան ֆինանսական միջոցներ, որի շնորհիվ կարելի էր զինել բանակը ժամանակակից զենքով:

Չի օգտագործվել նաև մեր ներքին մարդկային ներուժը. խոսքը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեր մասնագետներին, որոնք բազմիցս իրենց պատրաստակամությունն են հայտնել: Ես դեռևս ամիսներ առաջ լսեցի Կարեն Վարդանյանի ելույթը, որտեղ նա արդեն իսկ ահազանգում էր այն քանակի բարձր տեխնոլոգիաների ոլորտների մասնագետների միջև խզումների մասին, որոնք առկա էին, և մենք դրանց հետևանքները նույնպես տեսանք: Այնպիսի տպավորություն է, որ մեր բարձր ղեկավարությունը քնած վիճակում էր, իրենց թվում էր՝ Ադրբեջանը կատակ է անում, երբ միլիարդավոր դոլարների զենքեր է գնում: Ես մտածում եմ, որ դա ինչ-որ տեղ իշխանությունների անգործության հետևանք է:

Կարդացեք նաև

4 օրվա ընթացքում 60-70 զոհը խոսում է այն մասին, որ մենք պատրաստ չենք եղել դիմագրավելու թշնամու հարվածին: Մենք պետք է դասեր քաղենք, թե մենք ինչ խնդիրներ ունենք երկրի ներսում: Մեր հայրենասեր տղաների, զինվորների շնորհիվ կանխվեց այդ մեծ աղետը, բայց չեմ կարծում, որ այդ պատերազմն ավարտվեց, մենք հիմա գտնվում ենք հնարավոր պատերազմի փուլում, ու չի բացառվում, որ դա կունենա երկրորդ-երրորդ փուլ:

Մենք շատ լավ ժողովուրդ ունենք, շատ լավ մարդիկ ունենք, որոնք, ցավալիորեն, արժանի չեն այն իշխանություններին, որը մենք ունենք, մենք խայտառակ իշխանություններ ունենք: Պատերազմը ցույց տվեց, թե մենք ինչ խորը խայտառակ իշխանություն ունենք:

Դուք նշում եք, թե երևաց՝ ինչ որակի իշխանություն ունենք, բայց մենք նաև ականատեսը եղանք, որ մեր հանրությունը համախմբվեց, անգամ ընդդիմությունն ու իշխանությունները համախմբվեցին, օրերս տեղի ունեցավ առաջին և գործող նախագահների հանդիպումը:

– Ես դա չեմ համարում համախմբում, դա համարում եմ ներքին քաղաքական սակարկությունների սկիզբ, իշխանության հետ կապված սակարկումները, որը փորձում են հայրենասիրական շղարշի տակ անցկացնել: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի իշխանական ռեսուրսը հիմա շատ թույլ է, թույլ է նաև այն պատճառով, որ հիմա նրա վրա դրսից շատ ուժեղ ճնշում կա՝ բանակցային գործընթացի հետ կապված, և, եթե հետագայում նա ստիպված է լինելու գնալ զիջումների, որպեսզի կարողանա իշխանությունը պահել ու մնալ իշխանության, նա այժմ փորձում է գտնել դաշնակիցներ, որոնք հետագայում իրեն կօգնեն մնալ իշխանության՝ համապատասխան գին ստանալու դիմաց: Ես կարծում եմ՝ հիմա այդ ամեն ինչն է տեղի ունենում, ուղղակի այդ ամենը հիմա շատ հմուտ ձևով, ինչպես միշտ, ներկայացվում է՝ «հանուն հայրենիքի» լոզունգի ներքո, այնպես որ, սրանում առանձնապես ոգևորիչ բան չեմ տեսնում:

Համախմբվել է ժողովուրդը, ոչ թե իշխանությունը, ընդդիմությունը, մենք մի բան տեսանք՝ հայ ժողովրդի աննախադեպ համախմբվածությունը, որը ես նույնիսկ 1990-ականներին չեմ տեսել, ու դա միակ մեր ուժն է, որը մենք ունենք այսօր, ու որի վրա կարող ենք հենվել:

Փաստորեն, ըստ Ձեզ՝ ընդդիմության և իշխանության միջև սակարկումնե՞ր են տեղի ունենում:

– Չէի ասի՝ իշխանության և ընդդիմության, ես կասեի՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, և այստեղ հստակ զգացվում է, թե դա ում դեմ է տեղի ունենում, դա տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի դեմ: Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը նկատել է հնարավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ գալուն կապված, ինքն իր համար երաշխիքներ է ստեղծում դրա դեմն առնելու:

Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախաձեռնել հանդիպումը:

– Միգուցե այդպես ներկայացվում է: Ամեն դեպքում, խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը նույնպես շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունենում, դրա համար չի բացառվում, որ նա, լինելով սառնասիրտ քաղաքական գործիչ, նաև ունի այդ հաշվարկը, որ ինքը կարող է այս պահին նաև իշխանության հետ կապված շատ հաջող սակարկումների գնալ:

 

Տեսանյութեր

Լրահոս