Սպառողների համար գազի գինը կնվազի՞
«Անշուշտ, գնի յուրաքանչյուր իջեցում, անկախ նրանից, թե ինչ ծավալի է, դրական է, սակայն տվյալ դեպքում 15 դոլար իջեցումը՝ որպես էկոնոմիկայի նախարար, ես չեմ կարող համարել էական նպաստ մեր տնտեսության մեջ ինքնարժեքի իջեցման առումով»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով սահմանին ռուսական գազի գինը հազար խմ-ի դիմաց 165 դոլարից մինչև 150-ի իջեցնելու մասին:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ գտնում է՝ գազի և այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ պետք է անցում կատարենք միարժութային վճարման համակարգի, որպեսզի հնարավոր լինի մի կողմից՝ չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցել այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում նույն հումքի գների հետ. «Սա նշանակում է՝ վերանայել նաև համաձայնագիրը: Դուք գիտեք, որ հանրապետության վարչապետը հնչեցրել է առաջարկը, որ անցում կատարվի ռուբլով վճարման համակարգի: Ցավում եմ, որ այս պահի դրությամբ դեռևս չունենք լիարժեք պատասխան մյուս կողմից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական այլ երկրների կառավարությունների արձագանքի առումով: Բայց մենք գտնում ենք, որ երկրի տնտեսության զարգացման գործում գազի և գազի գնի գոյացման համակարգին զուգահեռ՝ մենք պետք է այլընտրանքային էներգիայի աղբյուրները որոնենք: Սա սկզբունքային հարց է մեր տնտեսության, մեր երկրի զարգացման, դիվերսիֆիկացման ապահովման ուղղությամբ»:
Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի սպառողների համար գազի գինը չի նվազի, Արծվիկ Մինասյանն պատասխանեց, որ այս պահի դրությամբ այդ հարցն իր իրավասություններից դուրս է. «Ինչպես գիտեք, գործող կարգավորումների ներքո՝ նման իրավասությունը վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, որը կարող է գազի գնի իջեցման կամ գազի գնի փոփոխման հարցով վարույթ հարուցել կա´մ սեփական նախաձեռնությամբ, կա´մ համապատասխան դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացնի համապատասխան օպերատորը: Այս պահին ինձ հայտնի չէ տեղեկատվություն, որ վերանայման հայտ է ներկայացվել»: