
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր զինծառայող

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր զինծառայող: Այս մասին հոսպիտալում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: «Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը` ծանր: Մնացածի վիճակը բավարարին մոտ է և բավարար: Հոսպիտալում եղել է 5 ծայրահեղ ծանր հիվանդ, Հրայր Բաղդասարյանի վիճակն արդեն գնահատվում է ծանր: Նշանակում է` բուժման մեջ դրական ընթացք կա»,- նշեց Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում են երկու շարքային զինծառայողներ և ԵԿՄ երկու անդամներ: Արամ Ասատուրյանի խոսքով` նրանցից մեկը կվիրահատվի, երբ վիճակը կայունանա: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենը տեղեկացրեց, որ կայազորային հոսպիտալներում թեթև վնասվածքներ ստացած զինվորականները կկարողանան վերադառնալ ծառայության:
«Առայժմ նոր հիվանդների չենք սպասում: Եթե անգամ նման հիվանդներ կան, ուրեմն նրանց վիճակը թույլ չի տալիս նրանց տեղափոխել այստեղ»,- շեշտեց Արամ Ասատուրյանը: