«Մեր աչքերի առաջ բացվեց վայրագությունների այնպիսի մի պատկեր, որը նույնիսկ դժվար է համեմատել 1992 թվականի հետ». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօրվա մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ իր աշխատանքային թիմի հետ նոր է վերադարձել Արցախից, որտեղ իրականացրել է Ադրբեջանի վայրագ գործողությունների փաստերի հավաքագրում: Լրագրողների հետ հանդիպմանը նա խոսեց միջազգային իրավական հարթությունում հնարավոր գործողությունների մասին:
«Մեր աչքերի առաջ բացվեց վայրագությունների այնպիսի մի պատկեր, որը նույնիսկ դժվար է համեմատել 1992 թվականի հետ»,- այսպես սկսեց իր խոսքը Լարիսա Ալավերդյանը:
Բանախոսը նկատում է, որ 1992 թվականի ռազմական գործողությունները միանգամից չէին վրա հասել, դրանք 88 թվականից սկսած գործողությունների շարունակությունն էին, որի արդյունքում 89 թվականից արդեն կիրառվում էին տարբեր զենքեր. «Այսօր մենք ունենք բոլորովին այլ պատկեր, որտեղ ես իրապես պետք է օգտագործեմ՝ այո, մեր թշնամին փորձել է միանգամից լուծել մի քանի հարցեր: Չի բացառվում, որ ի սկզբանե է նրանց նպատակը եղել հետախուզական բնույթի ներթափանցումը, բայց հստակ է նաև, որ ադրբեջանական կողմն իր առջև նպատակ է ունեցել բլից-կրիգի միջոցով հասնել տարածքային առավելությունների և հակառակ կողմում խուճապային տրամադրությունների տարածմանը»:
Լարիսա Ալավերդյանն իր աշխատանքային թիմի հետ ունեցած արցախյան այցի ընթացքում արձանագրել է հետևյալ պատկերը՝ անհայտ կորածների, խաղաղ բնակչության հանդեպ անլսելի հանցագործությունների, մինչ այսօր չնկարագրված դաժան վերաբերմունքի դեպքեր, խաղաղության, մարդասիրության և մարդկության դեմ քրեորեն հետապնդվող հանցագործությունների վայրագ դրսևորումներ: Ըստ բանախոսի՝ ադրբեջանական կողմը ոչ թե՝ ոտնահարել, այլ՝ հակադրվել է Ժնևյան հիմնական գրեթե բոլոր հոդվածներին. «Ադրբեջանը, լինելով ճանաչված պետություն, պահում է իրեն՝ որպես ահաբեկչական խումբ ու միավոր: Նրանց կողմից իրականացված վերջին գործողությունները կարելի է համեմատել ԻԳԻԼ-ի հետ, բայց իմ իմացությամբ և իմ պատկերացրած համեմատությամբ՝ ձեզ պետք է վերադարձնեմ հեթանոսական դարեր: Խոսք է գնում այնպիսի հանցագործությունների մասին, որոնք կարելի է բնութագրել այն ցեղերին, որոնք շատ հեռու են որևէ տեսակի քաղաքակրթությունից»:
Ո՞ւմ պետք է դիմի հայկական կողմն այսօրինակ իրականության վրա լույս սփռելու համար: Այս հարցի պատասխանը, ըստ Լարիսա Ալավերդյանի՝ հետևյալի մեջ է. «Իրականացված վայրագությունները սպառնալիք են՝ ուղղված ժամանակակից քաղաքակրթությանը, որի դեմն առնելու համար կանխարգելիչ կոչեր են պետք հնչեցնել: Մենք՝ հայերս, այսօր հերթական անգամ հայտնվել ենք քաղաքակրթական բախման առաջնագծում: Նման իրավիճակներում Եվրոպական դատարան պետք է դիմել շատ խորն ու մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո միայն: Իրականում միջազգային ատյաններն ու հաստատություններն այնքան շատ են, որոնք այս փուլում կարող են ու պարտավոր են զբաղվել այսօրինակ դեպքերով»:
Նրա խոսքով՝ որևէ նշանակություն չունի՝ դեպքերը տեղի են ունեցել Հայաստանի՞, թե՞ Ղարաբաղի՞ բնակչության հանդեպ: Խոսքը հանցագործության մասին է, որ իր բարբարոս իրագործումն է գտել խաղաղ բնակիչների հանդեպ. «Համապատասխան հայկական ուժերն արդեն Թալիշում են, և անհրաժեշտ է, որ նրանք մանրամասն ուսումնասիրեն՝ արդյո՞ք Թալիշ գյուղում դաժանորեն սպանված այն տարեցների ընտանիքն է այդ ընթացքում միայն գտնվելիս եղել գյուղում, թե՞ ոչ միայն: Համապատասխան մարմինների ու բանակի հետ շատ պրոֆեսիոնալ կերպով աշխատելուց հետո միայն կհստակեցվեն՝ արդյոք կա՞ն այդպիսի այլ դեպքեր: Նման դեպքերում չեն սահմանափակվում միայն մեկ նամակով կամ մեկ հավաքագրված դեպքով: Սա պետք է լինի ոչ միայն՝ դիմում, այլև՝ պահանջ-արձագանք»:
Բանախոսը հստակեցնում է նաև՝ տուժված կողմ են համարվում նաև կոմբատանտները: Դրանք այն մարդիկ են, որոնց համար շատ կարևոր էր ռազմական գործողությունների ընթացքում լինել իր կամ հարևան գյուղի պաշտպանության առաջին գծում:
Լարիսա Ալավերդյանը նաև հարց հնչեցրեց՝ արդյո՞ք Ադրբեջանին թույլատրված է բացահայտ կերպով խախտել մարդասիրական բոլոր միջազգային նորմերը՝ հայտարարել ողջ աշխարհին, թե ինքն անպատիժ է և կարող է իրեն թույլ տալ՝ անելու այն, ինչ ուզում է, և դա անել շարունակական կերպով: Նա կոչ է անում՝ հետևողականորեն քննել և բացահայտել ստեղծված իրավիճակի հետևանքները. «Կան շատ երկրներ, որոնց խորհրդարաններն ու այլ մարմինները սիրով ու հանդուրժողականությամբ շարունակում են իրենց շփումն Ադրբեջանի հետ: Մենք պետք է հստակեցնենք՝ եթե ձեր առջև դուրս է գալիս մի մարդակեր ցեղ, արդյո՞ք դրանք արժանի չեն համապատասխան վերաբերմունքի»: