Մոսկվան կասեցրեց Ղարաբաղում հայերի հակահարձակումը. ռազմական փորձագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «ՌուսԱրմինֆոյին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի անհաջող փորձին՝ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Բաքուն իր առաջ խնդիր էր դրել վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող անվտանգության գոտու մեկ կամ մի քանի շրջաններում, իսկ ներկայում դրանց թիվը 7-ն է: «Նվազագույնը մեկ շրջանի նկատմամբ փորձ է ձեռնարկվել հաստատել ուժային վերահսկողություն, ինչը 1994թ. գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտում է»,- ասում է ռազմական փորձագետը:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների սկիզբը, կարելի է ասել, որ Ադրբեջանի համար համեմատաբար հաջող էր, երբ հաջողվել էր գրավել 7 հենակետ և փորձ էր արվել ճեղքել պաշտպանական առաջնագիծը, սակայն հետո, իր համար անսպասելիորեն, սկսել է կորցնել իր տանկերը: «Փաստացի, ոչնչացվել էր տանկային գումարտակ»,- ասում է վերջինս՝ շեշտելով, որ դա վկայում է այն մասին, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի օպերացիան անհաջողության է մատնվել: «Դա են վկայում ադրբեջանցի մեծաթիվ սպանված զինծառայողները, խոսքը մոտավորապես 200 մարդու մասին է: Դա բավական շատ է»,- հայտնում է Վլադիմիր Եվսեևը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե հարված է հասցնելու Ստեփանակերտին, սադրանք էր, քանի որ հայկական կողմն անմիջապես կհարվածեր Ադրբեջանի նավթագազատարներին, ինչն անմիջական հարված կլիներ տնտեսությանը:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ներկայում հայկական զինված ուժերը հիմնականում վերահսկում են այն սահմանները, որ վերահսկել են մինչ այդ, և հայկական ուժերը, ունենալով լավ տեղադրություն, կարող էին դիմել հակահարձակման:

«Սակայն Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի համոզի Հայաստանի ԶՈՒ-ին և ԼՂ պաշտպանության բանակին, որ հակահարձակում տեղի չունենա: Իսկ դա կարող էր տեղի ունենալ՝ որպես պատասխան այն բանի, ինչ արել էր ադրբեջանական կողմը»,- համոզված է վերջինս՝ ընդգծելով, որ Ռուսաստանը խոչընդոտել է հայկական ուժերի առաջխաղացմանը:

Տեսանյութեր

Լրահոս