«Զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի մեջ խոսել է հերոսի գենետիկական կոդը». Գագիկ Գինոսյան
Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի ասուլիսը: Հանդիպման թեման ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններն էին և հայկական կողմի անելիքները:
Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը, ի թիվս օրակարգային թեմաների, ցանկություն հայտնեց առանձնահատուկ անդրադարձ կատարել վերջին օրերին բռնկված մարտերում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանին, նրա գործած սխրանքին, զուգահեռներ անցկացնելով 1915 թվականի մեր ողբերգական դրվագներից մեկի՝ Ուրֆայի հերոսամարտի հետ. «Արմենակի ազգանունն ինձ համար շատ խորհրդանշական է, և ես նրա անձն ու անունը կապում եմ դեռևս 1915 թվականին Մկրտիչ և Սարգիս Յոթնեղբայրյանների հետ, ովքեր կազմակերպել էին Ուրֆայի հերոսամարտը և ամիսներ տևած պայքարով հերոսամարտել:
Երբ նրանք արդեն ծանր վիրավորվում են, խնդրում են իրենց մարմինները դնել քաղաքի երկու տարբեր դարպասներից դուրս՝ թշնամու դիմաց: Զինվորները կատարում են հրամանը, և Յոթնեղբայրյաններից մեկը, որ ձեռքին նռնակ-ուժանակ է ունենում՝ տեսնելով, որ թշնամու մեծաթիվ ուժեր հավաքվում են իր մարմնի շուրջ, պայթեցնում է նռնակ-ուժանակը՝ իր հետ տանելով մեծ թվով թշնամիների:
Մոտավորապես այսպիսի սխրանք է կատարվել նաև այս օրերին մեր քաջարի զինվոր Արմենակ Ուրֆանյանի կողմից: Երևի Ուրֆայի գենետիկ կոդն է խոսել Արմենակի մեջ՝ հերոսականության գենետիկ կոդի կրկնությունը, որ կարողացավ իր նահատակությամբ ոչնչացնել բազում թուրքերի: Կուզենայի՝ հասկանայինք, որ այս տեսակը չի կարող պարտվել: Արմենակն իսկական, ճիշտ հայի նկարագիրն է: Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր հայրենիքը չվտանգվի, ու չվտանգվեն իր կողքին կանգնած զիվորները: Արմենակն իր վրա վերցրեց նահատակության թիկնոցը՝ բաժին չհանելով դրանից իր զինվորին: Այս տեսակետից, կարծում եմ, ուսանելի շատ բան կա, և մեր տղերքի շարքերում ավելի քան նման օրինակներ կան: Նրա անունը մենք դեռ երկար ենք հիշելու»: