«Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ…». Սերժ Սարգսյան

 «Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության համար»,- այսօր Եռաբլուրում հակառակորդի գնդակից զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուրդը հասավ 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է, այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին:

«Գիտակցված մահը անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունը այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել:

Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես՝ եկել, ով ասես՝ գնացել է, էլի են գալու, էլի գնալու, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերունդից ճառագող լույսի մեջ է: Եվ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռուցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին»,- ասաց Ս. Սարգսյանը:

Sasun Mkrtchyan (1) Sasun Mkrtchyan (4) Sasun Mkrtchyan (2)

Նախագահը նշեց, որ այսօր մեր մտքերը մեր սահմաններին կանգնած զինվորների և սպաների հետ են. «Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում: Բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերունդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որ պաշտպանենք մեր տունը մեր հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»:

 

Տեսանյութեր

Լրահոս