«ՏՈՍ-1Ա համակարգը կործանարար է մարդկային կյանքի համար». ինչպե՞ս են գործում հայ դիրքապահների դեմ դուրս բերված ռուսական համակարգերը

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալվող մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 2014թ. Ռուսաստանից գնած ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգ է փորձել կիրառել: Սակայն, ինչպես տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը: Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլին ևս հաստատել էր, որ հայկական ուժերի դեմ ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգ է դուրս բերվել: Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանի զինանոցում կա նման համակարգի 18 միավոր, որն այդ երկիրը երկու տարի առաջ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունից: Փետրվար ամսին հրապարակվել էր $200 մլն վարկով Հայաստանին վաճառվող զենքի ցուցակը, որում այս համակարգը ևս ընդգրկված էր:

Տեղեկացնենք, որ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերը նախատեսված են հետևակի և տանկերի կրակային աջակցության համար, նախահարձակ և պաշտպանական մարտերի տարբեր տեսակների բաց և փակ կրակային դիրքերից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև՝ թեթև զրահապատ տեխնիկան և տրանսպորտային միջոցները շարքից հանելու համար: Կրակի բարձր ճշգրտությունն ապահովվում է թիրախի ուղղությամբ ուղիղ թիրախավորման հաշվին, մինչև 6000 մ (400-6000 մ) հեռավորությամբ ավտոմատ թիրախավորման միջոցով: ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգն ընդգրկում է. ԲՄ-1 մարտական մեքենա, Տ3Մ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենա տանկի շասսիով և 220 մմ տրամաչափի չկառավարվող ռեակտիվ արկեր (ՆՈւՌՍ):

Կենդանի ուժի խոցման մակերեսը բաց տեղանքում և բաց խրամատներում գտնվելու դեպքում, առավելագույն հեռահարության դեպքում, կազմում է մինչև 40000 քմ: Ավելի ուշագրավ է այն, որ այս համակարգի օգտագործման հետևանքներն աննախադեպ կործանարար կարող են լինել՝ որոշ մասնագետների համոզմամբ, քանի որ իրենց մահացու հետքերն են թողնում այն անձանց օրգանիզմում, ովքեր հարվածի պահին եղել են խոցման կետում կամ դրա հարևանությամբ:

Pavel Felgengauer5Այս հարցի շուրջ 168.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերից: Ըստ նրա, այն շատ վտանգավոր և ծանր սպառազինություն է և՛ օգտագործողի, և՛ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում: Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ՏՈՍ-1Ա-ից փրկություն չկա, քանի որ այս սպառազինության հիմնական խաղաքարտը չափազանց   բարձր ջերմաստիճանն է և հարվածային ալիքը, ամպը բաղկացած է խառնուրդից և օդից, պայթյունի պահին ամպի ողջ թթվածինը ռեակցիայի մեջ է մտնում և առաջանում է «վակուումային ռումբի» ազդեցություն, իսկ հարվածից հետո ջերմաստիճանը կտրուկ կերպով ընկնում է: Ըստ ռազմական ամսագրերի, նույնիսկ ճնշումը կարող է ընկնել մինչև անգամ 160 աստիճանով սնդիկային ցուցչից ցածր, ու, եթե մարդն ինչ-որ կերպ կենդանի է մնացել պայթյունից հետո, ապա ճնշման նման կտրուկ իջեցումը հանգեցնում է դաժան մահվան, քանի որ պատռվում են թոքերը, պայթում են աչքերը և վնասվում ներքին օրգանները:

«Համակարգերը  նախատեսված են կենդանի ուժի խոցման համար, առաջին հերթին՝ բարիկադների, բլինդաժների, ապաստանների դեպքում: Շատ արդյունավետ է փոսից հարձակվող թշնամու դեպքում, այսինքն` դա հատուկ պաշտպանության ճեղքման համար է նախատեսված, երբ հրետանին և այլ զինատեսակները պակաս արդյունավետ են, իսկ ՏՈՍ-ից փրկություն չկա, և ոչ մի թաքստոց չի կարող ապահովել անվտանգություն ՏՈՍ-ի պայթյունից, քանի որ հարվածային ալիքն ու բարձր ջերմաստիճանը քայքայում են ամեն ինչ»,- նկատեց Ֆելգենգաուերը:

Նրա խոսքով` վերջին շրջանում դրանք լայն տարածում են գտել:

«Այս համակարգերն առաջին անգամ օգտագործվել են Աֆղանական պատերազմում 1980-ական թթ., ակտիվորեն օգտագործվել են չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում՝ դիրքերի և շրջանների գրավման նպատակով, ներկայումս ակտիվորեն օգտագործվում են Սիրիայում բարձր արդյունավետությամբ: Այլ խոսքով՝ դրանք անվանում են «վակուումային ռումբեր», սակայն դա իրականում ռումբ չէ, այլ հրթիռ, որը թռչում է ոչ այնքան հեռու և բավականին դանդաղ, պայթյունների արդյունքում ատոմային պայթյունի սնկանման ամպ է ձևավորվում: Սեպտեմբեր ամսին Լաթաքիայում է սա օգտագործվել, օրերս Պալկիրան է սրա օգնությամբ ազատագրվել, հնարավոր է առանձին հրթիռներով խոցել, հնարավոր է նաև՝ միանգամից մի քանիսով, 2000-ականներին Չեչնիայում միանգամից 700 չեչեն գրոհային է ոչնչացվել այս սպառազինությամբ: Եթե դրա օգտագործման տարածքում կան խաղաղ բնակիչներ, ապա դա Ժնևյան կոնվենցիայի 3-րդ արձանագրության կոպիտ խախտում է և ենթակա է պատասխանատվության»,- բացատրեց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս